Վրաստանի վարչապետ․ Ուկրաինան չկարողացավ խուսափել պատերազմից։ Վրաստանը չի միանում պատժամիջոցներին
Վրաստանը չի միանում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեկնաբանել է Ուկրաինայում բռնկված պատերազմը։ Նրա խոսքով՝ Ուկրաինան չկարողացավ խուսափել պատերազմից, և դրա պատճառով տուժելու է ուկրաինացի ժողովրդի և պետության մեծ մասը։
«Այս պատերազմից, որից, ցավոք, հնարավոր չեղավ խուսափել և զսպել, ավելի շատ տուժելու է Ուկրաինան՝ որպես պետություն, նրա ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու ուկրաինացի ժողովուրդը, զինվորները։ Պատերազմն արդարացում չունի, մենք դա տեսել ենք 2008 թ-ին, երբ չկարողացանք խուսափել 2008 թ-ի ողբերգական դեպքերից», — ասել է Ղարիբաշվիլին։
Էլ ի՞նչ է ասել վարչապետը․
● Ես հստակ հայտարարում եմ, որ մենք չենք պատրաստվում մասնակցել պատժամիջոցներին։
● Ընդդիմադիրների խնդիրն այն աղետը կրկնելն է, որից հնարավոր չեղավ խուսափել 2008 թ-ին։
● Վնասաբեր գործողություններն Ուկրաինայի շուրջ անօգուտ աղմուկն է, որով զբաղված են մեր ընդդիմադիրները։
● Այսօր մեզ ոչինչ չի սպառնում։ Մենք պետք է հանդարտություն պահպանենք։ Վրաստանին ոչինչ չի սպառնում։
● Ես իմ գործերն ունեմ, խորհրդարանն՝ իր, Ուկրաինայում պատերազմ է։
● Ուկրաինա մեկնելն անիմաստ է։ Ինչպես գիտեք, օդային տարածքը փակ է, ոչ միայն ես, այլև աշխարհի հզորագույն առաջնորդները չեն կարողանում այնտեղ մեկնել։
Երեկ «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը հայտարարել է, որ չի մասնակցելու արտահերթ նիստին, որն ընդդիմության պահանջով հրավիրել է նախագահն Ուկրաինայի թեմայով։ Այսօր իշխող կուսակցության նեկայացուցիչներն ընդհանրապես խորհրդարանում չեն հայտնվել։ Իշխող կուսակցության պատգամավոր Գիվի Միկանաձեն արտահերթ նիստի անցկացումն անվանել է «ընդդիմության շոու»։
41 ընդդիմադիր պատգամավորներ նախագահին էին դիմել՝ Ուկրաինայի վերաբերյալ արտհերթ նիստ գումարելու խնդրանքով։ Նրանց խոսքով՝ վրացական կառավարության լռությունը թանկ է արժենալու Վրաստանի համար։ Ընդդիմությունն իշխանությունից պահանջել է նոր բանաձև ընդունել, ընդդիմության պահանջը բավարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։