ՀՀ-ում Ադրբեջանի հետ սահմանը հսկելու համար սահմանապահներ կպատրաստեն. նախագիծ
«Պատիվ ունեմ» ծրագիր Հայաստանի ԱԱԾ-ում
Հայաստանի կառավարությունը նախատեսում է, որ ԱԱԾ Սահմանապահ զորքերը փուլային տարբերակով ՊՆ-ից կստանձնեն հայ-ադրբեջանական պետական սահմանի ողջ հատվածի պահպանությունը։ Դրա համար լրացուցիչ անձնակազմ է հարկավոր։ Ծառայության անձնակազմի համալրման նպատակով գործադիրը նախատեսում է ԱԱԾ-ում նույնպես ներդնել «Պատիվ ունեմ» ծրագիրը, որը գործում է ՊՆ-ում։
Պաշտպանության նախարարության այս ծրագիրը ԱԱԾ-ում ներդնելու արդյունքում ակնկալվում է, որ քաղաքացիները պայմանագիր կկնքեն բուհական կրթություն ստանալու ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ավարտելուց հետո ԱԱԾ-ի նշած վայրում ու պայմաններով զինծառայություն իրականացնելու մասին։
Նախագծի համաձայն՝ ծրագրում ընդգրկված քաղաքացիները նախ պետք է պարտադիր զինվորական ծառայության զորակոչվեն և ՊՆ համապատասխան ստորաբաժանումներում ծառայեն որպես շարքային զինծառայող, այնուհետև տեղափոխվեն ԱԱԾ և նշանակվեն սպայական պաշտոնի։
«Նոր մեխանիզմը պետք է նպաստի ԱԱԾ-ի, մասնավորապես՝ Սահմանապահ զորքերի համալրմանը բարձրագույն կրթություն ունեցող զինծառայողներով»,- ասված է հիմնավորման մեջ։
Հայաստանը Թուրքիայի և Իրանի հետ իր պետական սահմանի պաշտպանությունն իրականացնում է Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության հետ՝ համաձայն 1992 թ․-ին ստորագրված միջպետական պայմանագրի։ Սակայն 2025 թ․-ի հունվարի 1-ից ՌԴ սահմանապահ զորքերը դուրս են բերվել Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետից։ Իսկ մարտի 1-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում ծառայություն են իրականացնում բացառապես ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները։
2026 թ․-ի սկզբից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Ախուրիկ» անցակետում ևս ծառայություն են իրականացնում միայն հայ սահմանապահները։ Իրանի և Թուրքիայի հետ սահմանին, սակայն, ծառայությունը դեռևս իրականացվում է ռուս սահմանապահների հետ համատեղ։ Ավելի վաղ՝ 2024 թ․-ին ռուս սահմանապահները դուրս էին բերվել նաև «Զվարթնոց» օդանավակայանից և Ադրբեջանի հետ սահմանակից հատվածներից՝ Վայոց Ձորի, Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի և Արարատի մարզերից։ ՌԴ սահմանապահ զորքերն այդտեղ տեղակայվել էին 2020 թ․-ի 44-օրյա պատերազմից հետո։
- «Պատերազմի սպառնալիքի և ռիսկերի կառավարում»․ մանրամասներ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
- «Տիգրանաշենի հարցը կլուծվի սահմանազատման արդյունքում»․ Փաշինյանի ասուլիսի դրվագները
- Ի՞նչ են մտածում երևանցիները ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին․ տեսահարցում
Բուհական տարկետում և սպայական ծառայություն․ ծրագրի մասին
Որոշման նախագծում ներկայացված են «Պատիվ ունեմ» ծրագրի մանրամասները։ Նշվում է, որ ծրագրի գաղափարախոսությունն է բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ:
Մասնավորապես՝ ծրագրի մասնակիցներին տրվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք․
«Ուսումնառությունը բուհերում իրականացվում է պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ՝ բարձրագույն ուսումնական հաստատության կողմից համապատասխան մասնագիտության համար սահմանված տարեկան վարձի չափով»։
Բուհական կրթությունն ու զինվորական պատրաստությունը սահմանված կարգով ավարտելուց հետո զորակոչված քաղաքացուն շնորհվում է լեյտենանտի կոչում, նրա հետ կնքվում է պայմանագրային ծառայության անցնելու մասին պայմանագիր։
Զինվորական կոչում ստացած քաղաքացուն վիճակահանությամբ նշանակվում է ծառայություն՝
- դասակի հրամանատարների պաշտոնների համալրման պատրաստության դեպքում՝ 2 տարի 3ամիս ժամկետով, որում առաջին 3 ամիսը՝ շարքային կազմի պարտադիր զինծառայողի կարգավիճակով,
- բժշկական մասնագիտացում պահանջող պաշտոնների համալրման պատրաստության դեպքում՝ ուսումնառության և 1 տարի ժամկետով կլինիկական ռեզիդենտուրայում ՀՀ ՊՆ պատվերով ուսումնառության ավարտից հետո՝ 4 տարի ժամկետով:
Էլ ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում
Օրենսդրական փաթեթով նախատեսվում է փոփոխություններ կատարել զինվորական ծառայությանը, ԱԱԾ Սահմանապահ զորքերին և ազգային անվտանգության մարմիններին վերաբերող մի շարք օրենքներում։
Մասնավորապես՝ առաջարկվում է հստակ սահմանել ԱԱԾ աշխատակիցների կողմից զենքի, հատուկ միջոցների և ֆիզիկական ուժի կիրառման դեպքերը։
Նախատեսվում է, որ ուժ կիրառելուց առաջ աշխատակիցը պետք է նախազգուշացնի դրա մասին և բավարար ժամանակ տրամադրի օրինական պահանջը կատարելու համար, եթե հապաղումը անմիջական վտանգ չի ստեղծում։ Բացի այդ, կիրառվող ուժը պետք է համաչափ լինի դիմադրության վտանգավորությանը, իսկ վնասվածք ստացած անձին պետք է ցուցաբերվի առաջին օգնություն։
Փաթեթի ընդունումից հետո Սահմանապահ զորքերի զինծառայողները կկարողանան իրենց գործառույթներն իրականացնելիս օգտագործել տեսալուսանկարահանող և ձայնագրող սարքեր։
Առաջարկվում է նաև ԱԱԾ ավագ սպայական կազմի ծառայության սահմանային տարիքը 52-ից դարձնել 55 տարեկան։
Փոփոխությունների համաձայն՝ կառավարության կամ վարչապետի փոխարեն ԱԱԾ տնօրենը կհաստատի ազգային անվտանգության մարմինների և ԱԱԾ Սահմանապահ զորքերի զինծառայողների համազգեստի ու տարբերանշանների ձևերը և դրանք կրելու կանոնները։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
«Պատիվ ունեմ» ծրագիր Հայաստանի ԱԱԾ-ում