Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով իններորդ մահն ու վարակման 28 նոր դեպք է գրանցվել
Ապրիլի ութի առավոտյան Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով իններորդ մահն է գրանցվել։ Մահացած հիվանդը քաղցկեղ ուներ, նա 93 տարեկան էր, ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ կառավարության ղեկավարի՝ ևս ութ հոգու վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ ծանր։
Ապրիլի 8–ի առավոտյան վարակման 28 նոր դեպք է հայտնաբերվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 881–ի։ Ապաքինվածների թիվը կազմում է 114, ստացիոնար հսկողության տակ է 758 մարդ։ 4571 թեստ բացասական արդյունք է տվել։
Հայաստան, կորոնավիրուս․ լրագրող և բազմազավակ մոր օրագիրը՝ մեկուսացման օրերի մասին
Վարչապետը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Եթե այս վիճակագրությունը շարունակվի, կնշանակի՝ կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք, և պիկը եղել է մարտի 31-ին»։
Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում հայտարարված է արտակարգ դրություն կորոնավիրուսի ավելի շատ տարածումից խուսափելու համար: Ամեն ինչ փակ է, բացի մթերային խանութներից և դեղատներից:
Մարտի 25-ից սահմանված է մարդկանց տեղաշարժի խիստ սահմանափակում: Տանից կարելի է դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ անձնագրով և «տեղաշարժի թերթիկով»: Յուրաքանչյուրը պետք է լրացնի դրանում իր անձնական տվյալները, տանից դուրս գալու նպատակը և վերադարձի ենթադրվող ժամը: Խախտումներին հետևում է ոստիկանությունը:
Կանգնեցված է ողջ հասարակական տրանսպորտը, այդ թվում և մետրոն: