Բաքվում փակել են մետրոն և սկսել են տուգանել վարորդներին
Արդյունքում` մարդաշատ ավտոբուսներ և քաղաքացիների դժգոհության աճ
Կարանտինային ռեժիմի շրջանակում Բաքվում փակել են մետրոն և սկսել տուգանել վարորդներին, որոնք առանց խիստ անհրաժեշտության երթևեկում են քաղաքում։
Ըստ պաշտոնական տվյալների՝ ապրիլի 1-ի երեկոյի դրությամբ Ադրբեջանում գրանցվել է Covid-19-ով վարակման 359 դեպք։ Վարակվածներից 5-ը մահացել է, 26-ն՝ ապաքինվել։ Երկրում կարանտինային ուժեղացված ռեժիմ է գործում։
Կարատինային ռեժիմի առաջին օրերին Բաքվի մետրոպոլիտենն աշխատում էր կրճատված գրաֆիկով՝ մի քանի ժամ առավոտյան և երեկոյան։ Սակայն ավելի վատ էր․ մարդաշատ վագոններ և հսկայական ամբոխ՝ կայարանների մուտքերի առջև։
Մի քանի օր սոցիալական ցանցերում վրդովմունքի ալիք էր բարձրացել, իսկ մարտի 31-իերեկոյան մետրոն վերջնականապես փակվեց։ Քաղաքացիներին հրահանգեցին երթևեկել ավտոբուսներով, իսկ ցանկալի է ընդհանրապես դուրս չգալ տնից առանց խիստ անհրաժեշտության։ Սովորական ավտոբուսներից բացի հայտնվեցին նաև մետրոպոյի երթուղով ընթացող հատուկ էքսպրեսներ։ Սակայն խնդիրն էլ ավելի խորացավ․ այժմ ավտոբուս են փորձում նստել նաև նրանք, ովքեր նախկինում երթևեկում էին մետրոյով։
Թեև Ադրբեջանում կազմակերպությունների և ձեռնարկությունների մեծ մասը դադարեցրել է գործունեությունը կարանտինի պատճառով, դեռևս բազմաթիվ մարդիկ կան, որոնք ամեն օր պետք է աշխատանքի գնան։ Եվ բնավ ոչ բոլոր գործատուներն են հոգացել, որ անձնակազմը հատուկ տրանսպորտ ունենա։
Ինչ վերաբերվում է վարորդներին, ապա ճանապարհային ոստիկանությունը սկսել է նրանց «բռնել» դեռևս մարտի 29-ից։ Նախորդ օրվա ընթացքում կանգնեցվել է 382 ավտոմեքենա – հաղորդում է Contact–ը։ Երեք վարորդ տուգանվել է, մնացածները՝ նախազգուշացվել։ Ըստ երևույթին, դա արվում է Ճանապարհային ոստիկանության գլխավոր վարչության անձնական նախաձեռնությամբ, որովհետև նախարարների կաբինետի վերջին որոշման մեջ կարանտինի կանոնների ցանկում մասնավոր ավտոմքենաների տեղաշարժի սահմանափակում չկա։