«Օտարների կամայականություններին պետք է վերջ դնել». վրացի ուլտրաազգայնականները «ժողովրդական պարեկ» են ստեղծում
«Վրացական երթ» վրացական ուլտրաազգայնական կազմակերպությունը «Ժողովրդական պարեկի» ստեղծման նոր նախաձեռնությամբ է հանդես եկել, որի նպատակը Վրաստանում գտնվող արտասահմանցի միգրանտների հանդեպ վերահսկողությունն է «օտարների կամայականություններին» վերջ տալու համար:
Գաղափարի համաձայն՝ պարեկի անդամները պետք է 15 մարդուց կազմված «լեգիոնների» բաժանվեն, քայլեն Թբիլիսիի փողոցներում, և կասկածելի ինչ-որ մեկին հայտնաբերելու դեպքում, տեղում ձերբակալեն նրան, այնուհետև ոստիկաններին կանչեն և ձերբակալվածին նրանց փոխանցեն: Այսպիսով, կազմակերպությունը պատրաստվում է օգնել ներքին գործերի նախարարությանը, քանի որ պետությունն «ի վիճակի չէ ինքնուրույն կանխելու արտասահմանցի քրեական տարրերի և ահաբեկիչների ներթափանցումը երկիր»:
Այն հարցին, թե ինչ է ենթադրվում հասարակական կարգի խախտման տակ, «Վրացական երթի» առաջնորդներից մեկը հայտարարել է, որ խոսքը գնում է «բոլոր գործողությունների մասին, որոնք օրենք են խախտում»:
«Թրաֆիքինգ, կասկածելի հաստատություններ, որտեղ թմրանյութեր են վաճառում, անչափահասներին մարմնավաճառության մեջ ներգրավում. այս ամենը տեղի է ունենում փողոցներում», — ասել է Բրեգաձեն «Լիբերալի» պարբերականին տված հարցազրույցում: Սանդրո Բրեգաձեն 2014-2016թթ-ին աշխատել է կառավարությունում որպես սփյուռքի հարցերով պետնախարարի տեղակալ:
Նրա խոսքով՝ «ժողովրդական պարեկին» անդամագրվելու ցանկություն է հայտնել մոտ 300 երիտասարդ:
«Վրացական երթի» անդամների խոսքով՝ «Ժողովրդական պարեկի» անդամները հատուկ համազգեստ են կրելու և զինված են լինելու տեսախցիկներով: Գաղափարի հեղինակներն ասում են, թե պարեկն իր գործունեությունը կսկսի արդեն մեկ ամիս անց և սկզբում կաշխատի Թբիլիսիի կենտրոնական փողոցներում՝ Մարջանիշվիլիում, Լեսելիձեում և Հանրապետության հրապարակում: Սրանք այն վայրերն են, որտեղ ամենաշատ զբոսաշրջիկներն են:
«Ժողովրդական պարեկի» ստեղծման մասին առաջին հայտարարությունը հրապարակվել է կազմակերպության ֆեյսբուքյան էջում: Հայտարարությունում նշվում է, որ նախաձեռնության գլխավոր նպատակն «արտասահմանցի ապօրինի միգրանտների, քրեական տարրերի և ահաբեկիչների» կողմից հասարակական կարգի խախտումները վերահսկելն է: Հայտարարությունում ասված է նաև, որ պարեկի կազմում ներառված են «ազգային գիտակցությամբ երիտասարդներ»:
Հայտարարության հետ միասին տեսանյութեր են հրապարակվել, որոնք բռնության կոչ են պարունակում և որոնցում խմբակային ծեծի տեսարաններ են:
ֆեյսբուքյան գրառման տակ արված մեկնաբանություններից դատելով՝ Վրաստանում շատերն են համակրում «Վրացական երթի» գաղափարներին.
«Շատ լավ է: Վաղուց ժամանակն է վերջ տալ անգործությանը: Ժողովուրդն ինքը պետք է վերահսկի այն, ինչ տեղի է ունենում Վրաստանում: Որքան էմիգրանտներ են անկարգություններ անում Վրաստանում, թմրանյութեր են վաճառում, պոռնկատներ բացում, իսկ կառավարությունը դրա հաշվին փող է աշխատում»:
«Շատ լավ է: Մեր երկրում պատժում են միայն վրացիներին, որքան էլ իրավացի նրանք լինեն: Ճնշում են վրացիներին, ծեծում և նվաստացնում սեփական երկրում»:
Սակայն հասարակության մեծ մասը կարծում է, որ իշխանությունները չպետք է մշտապես այլատյացություն և համաֆոբիա պարունակող հայտարարություններ անող կազմակերպությանն ապօրինի գործողությունների իրավունք տան:
«Հուսով եմ, այս երկրի իշխանությունները կկարողանան կանգնեցնել այս մղձավանջը»:
«Եթե չգիտեիք, թե ինչ է սև հարյուրակը, հիմա կտեսնեք: Եթե իշխանությունը թույլ է տալիս պաշտոնական ահաբեկչական կազմակերպության ստեղծում, ուրեմն այն պաշտոնապես հրաժարվում է պետականությունից»:
Իշխանություններն այս նախաձեռնության վերաբերյալ դեռևս լռում են և ոչինչ չեն մեկնաբանում:
• «Վրացական երթը» այլատյացական և հոմոֆոբական տրամադրություններ քարոզող միավորում է, որն ակցիաներ է անցկացնում Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում: Նախորդ տարվա աշնանը նրանք ակցիա էին անցկացրել Թբիլիսիի Դավիթ Աղմաշենեբելիի պողոտայում, որի ժամանակ պահանջում էին խստացնել միգրացիոն օրենսդրությունն ու Վրաստանից վտարել «ապօրինի և կրիմինալ արտասահմանցիներին»:
• Կազմակերպության անդամներն ակցիա են անցկացրել նաև Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի դիմաց, որի ժամանակ այրել են ԼԳԲՏ շարժման դրոշը: Նրանք պահանջել են ազգային հավաքականից հեռացնել Գուրամ Կաշիային, որը դաշտ էր դուրս եկել ԼԳԲՏ գույներով թևկապով: Եվս մեկ ակցիայի ժամանակ՝ Ռուսթավի-2-ի դիմաց, «երթի» մասնակիցները հեռուստաընկերության շենքի վրա կենդանի հավեր են նետել: