Փաշինյանի «սպանության նախապատրաստումը»՝ «հերթական շոո՞ւ»․ քրեական հետապնդումը դադարեցվեց
Դադարեցվել է Հայաստանի ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ քրեական հետապնդումը։ Շուրջ մեկ տարի է, ինչ իրավապահները քննում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանությունը նախապատրաստելու քրեական գործը։
2021 թ․ մարտին Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:
- ԱԱԾ նախկին ղեկավարը ազատ է արձակվել, նա ձերբակալվել էր վարչապետի սպանությունը նախապատրաստելու կասկածանքով
- Հետհեղափոխական Հայաստանում խոսքի ազատությունը վտանգված է․ ի՞նչ է կատարվում
- Հետհեղափոխական մեդիամետաստազներ Հայաստանում
Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի դեմ քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին հայտնել է Վանեցյանի պաշտպանը։
«Կայացված որոշմամբ փաստվել է, որ իշխանության յուրացման կամ Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստություն առհասարակ տեղի չի ունեցել», — իր ֆեյսբուքյան էջում գրել է Վանեցյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։
Ազգային անվտանգության ծառայությունը հանցակազմի բացակայության հիմքով դադարեցրել է քրեական հետապնդումը գործով անցնող չորս անձանց նկատմամբ։
ԱԱԾ նախկին տնօրենի դիտարկմամբ՝ քրեական հետապնդումը շոու էր, որով Փաշինյանի թիմը փորձում էր պահել իշխանությունը արդեն մեկ տարուց ավելի։
Ըստ Վանեցյանի՝ վարչապետի սպանության փորձով են արդարացնում նաև երկրի խորհրդարանում «զինված մարդկանց [ՊՊԾ ծառայողների] ներկայացվածությունը»․
«Երբ ասում էինք՝ պատգամավորի գործունեությունը չի կարող խոչընդոտել որևէ իրավապահ մարմին, ձեռքով ցույց էին տալիս իմ կողմ ու ասում՝ այս դահլիճում նստած են մարդիկ, որոնք փորձել են սպանել վարչապետին։ Այնինչ մենք տեսանք, որ մեկ տարի առաջ հարուցված քրեական գործը և այդ շոուն, որը բեմադրվեց, իրականության հետ որևէ աղերս չուներ»։
Քրեական գործի շրջանակներում իշխանության յուրացման և վարչապետի սպանության նախապատրաստման հոդվածներով մեղադադրանք էր առաջադրվել ևս երեք անձի՝ Վահրամ Բաղդասարյանին (Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախկին ղեկավար), Աշոտ Ավագյանին (ՀՅ Դաշնակցության անդամ) ու Աշոտ Մինասյանին («Սիսական» ջոկատի հրամանատար)։
Դատարանները հրաժարվել էին կալանավորել Վանեցյանին և մյուս մեղադրյալներին՝ հիմնավոր կասկածի բացակայության պատճառաբանությամբ։
Մեղադրյալներից միայն Աշոտ Մինասյանն է կալանավորված։ 2021 թ․ դեկտեմբերի սկզբին նման որոշում է կայացրել Վերաքննիչ դատարանը։
Իշխանության յուրացման և վարչապետի սպանության նախապատրաստման դրվագներով քրեական հետապնդումը դադարեցվել է նաև Մինասյանի նկատմամբ։ Այժմ նա մեղադրվում է միայն ապօրինի կերպով զենք ձեռք բերելու ու կրելու համար։
Սակայն դատախազությունն ու ԱԱԾ-ն առայժմ չեն ներկայացրել որևէ պարզաբանում այս քրեական գործը կարճելու առնչությամբ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանությունը նախապատրաստելու քրեական գործը հարուցվել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից անմիջապես հետո։
Ազգային անվտանգության ծառայությունը տարածել էր հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններ, որտեղ «մեղադրյալները քննարկել էին Փաշինյանի սպանության իրականացման տարբերակները»՝ հաղորդելով, որ հանցագործությունը կանխվել է նախապատրաստության փուլում։
Մեղադրյալներն ի սկզբանե հերքել էին մեղադրանքն ու հայտարարել «քաղաքական հետապնդման» մասին։
Պաշտպանները պնդում էին՝ հրապարակվել է ձայնագրության մոնտաժված տարբերակը։ Դատախազությունն էլ նշում էր, թե՝ «ձայնագրությունը ամբողջական չէ, քանի որ վարույթն իրականացնող մարմինը, նախաքննության շահերից ելնելով, հնարավոր է համարել հրապարակել խոսակցության մի մասը»։