Կորոնավիրուսը Հայաստանում․ տասներորդ մահն ու վարակման 40 նոր դեպք
Ապրիլի 9–ին Հայաստանում գրանցվել է տասներորդ մահը։
«80-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ծանր աստիճանի թոքաբորբ՝ բարդացած թոքերի ռեսպիրատոր դիստրես համախտանիշով։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝զարկերակային հիպերտենզիա, կախեքսիա, ծերունական սկլերոզ», — Ֆեյսբուքի իր էջում հաղորդել է առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
Ըստ պաշտոնական տվյալների՝ հաստատվել է կորոնոավիրուսային հիվանդության 40 նոր դեպք: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվն այս պահին կազմում է 921: Ապաքինվել է 138 մարդ, 773 հիվանդ բուժում է ստանում։ Նրանցից 8–ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ 4902 թեստ բացասական արդյունք է տվել։
Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում հայտարարված է արտակարգ դրություն կորոնավիրուսի ավելի շատ տարածումից խուսափելու համար: Ամեն ինչ փակ է, բացի մթերային խանութներից և դեղատներից:
Մարտի 25-ից սահմանված է մարդկանց տեղաշարժի խիստ սահմանափակում: Տանից կարելի է դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ անձնագրով և «տեղաշարժի թերթիկով»: Յուրաքանչյուրը պետք է լրացնի դրանում իր անձնական տվյալները, տանից դուրս գալու նպատակը և վերադարձի ենթադրվող ժամը: Խախտումներին հետևում է ոստիկանությունը:
Կանգնեցված է ողջ հասարակական տրանսպորտը, այդ թվում և մետրոն: