Միխեիլ Սաակաշվիլին պատրաստվում է Վրաստանի վարչապետ դառնալ ընտրություններում նրա կուսակցության հաղթանակի դեպքում
«Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր դաշինքը, որին անդամակցում է նաև «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցությունը, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի թեկնածությունը կառաջադրի որպես վարչապետ 2020 թ–ի հոկտեմբերին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում։
«Միխեիլ Սաակաշվիլին պետք է երկիր վերադառնա և իր ժողովրդի հետ լինի։ Հենց այդ պատճառով են «Միացյալ ազգային շարժումն» ու Միացյալ ընդդիմության մեջ մտնող բոլոր կուսակցությունները որոշել վարչապետի պաշտոնում նրա թեկնածությունն առաջադրել», — հայտարարել է «Միացյալ ազգային շարժման» նախագահ Գիորգիի Վաշաձեն։
Նրա խոսքով՝ այս որոշման նշանակությունը ճիշտ հասկանալու համար անհրաժեշտ է հիշել, թե ինչ պետություն է ընդունել Միխեիլ Սաակաշվիլին 2003 թ–ին։
«Խոսքը Վրաստանի մասին է (մինչև 2003 թ–ը, «Վարդերի հեղափոխության» և Սաակաշվիլիի իշխանության գալը), որից հեռախոսային կոդից և էլեկտրոնային հասցեից բացի բան չէր մնացել։ Մեր պետության համար բացարձակապես անհրաժեշտ է օգտագործել Միխեիլ Սաակաշվիլիի ռեսուրսները», — ասել է Վաշաձեն։
Ինչպես նշել է «Ազգային շարժման» նախագահը, Սաակաշվիլին ինքը կպատմի Վրաստան վերադառնալու պլանի մասին։
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սեպտեմբերի 6–ին ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր՝ սեպտեմբերի 7–ին, նա վերադառնալու իր պլանի մասին հերթական հայտարարությունը կանի։
Ներկա պահին Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացի է։
2020 թ–ի մայիսին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նրան նշանակել է Ուկրաինայի Բարեփոխումների ազգային խորհրդի գործկոմի նախագահ։
Ուկրաինայում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն Թբիլիսի էր կանչվել Ուկրաինայում Սաակաշվիլիի նշանակման առնչությամբ։
Սաակաշվիլին հունիսի 11–ին Ֆեյսբուքում տեղադրված տեսանյութում հայտարարել է, որ չի կարող հանգիստ նայել, թե ինչպես է քանդվում Վրաստանը, և ինքն իշխանափոխության համար պայքարի առաջամարտիկների թվում է լինելու։
Հուլիսի 14–ին Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Վրաստանի հետ կապված «մեծ պլաններ» ունի և աշնանը պատրաստվում է «վճռորոշ բեկման»։
Վերջին հայտարարությունը Միխեիլ Սաակաշվիլին հրապարակել է օգոստոսի 27–ին՝ հայտարարելով, որ Վրաստան է վերադառնում։
Իր հայտարարւթյունում նա ասել է, որ 7 տարին մտածելու և շատ հարցեր վերլուծելու համար բավական է, և ներողություն է խնդրել սխալների համար, որոնք կատարել է իր պաշտոնավարման տարիներին։
Վրաստանի իշխանությունները Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ հետախուզում են հայտարարել։ Վրաստանում նա հեռակա դատապարտվել է Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով հանցանշաններ թաքցնելու և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի կազմակերպման համար։