Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարները չեն քննարկել զինամթերքի տարանցումը Հայաստան
Վրաստանի տարածքով Հայաստանին զենք մատակարարելու հարցի շուրջ սկանդալից հետո Ադրբեջանի իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյան առաջին անգամ է Վրաստան այցելել․ արտգործնախարար Ջեյխուն Բայրամովը հանդիպել է երկրի պաշտոնատար անձանց հետ։
Իր ադրբեջանցի գործընկերոջ հետ անձնական հանդիպումից հետո Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ հանդիպման հիմնական նպատակը սահմանազատման հարցերով համագործակցության վերականգնումն է եղել, որը կասեցվել էր համավարակի պատճառով։
Դավիթ Գարեջի վանական համալիրն արդեն երկար ժամանակ է, ինչ վեճի առարկա է երկու կողմերի միջև, քանի որ այդ հատվածում սահմանն, ինչպես նաև վրաց-ադրբեջանական 446 կմ սահմանի մոտ մեկ երրորդը սահմանազատված չէ։ Վրաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով միջկառավարական հանձնաժողովը ստեղծվել է 1996 թ-ին, սակայն մինչ օրս այդ գործընթացը տեղից չի շարժվել։
Վանքի շուրջ հերթական լարվածությունը սկսվել էր 2019 թ-ի ապրիլին։ Այն ժամանակ՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի Դավիթ Գարեջի կատարած այցից հետո, ադրբեջանական իշխանությունները փակեցին համալիրի մի մասի մուտքը, որն ադրբեջանական կողմում է, ինչը Վրաստանի վրդովմունքն առաջացրեց։
Ըստ Զալկալիանիի՝ վրացական կողմը Դավիթ Գարեջի վանական համալիրի նոր քարտեզագրական նյութեր է ստացել, ինչի առնչությամբ կարող են վերանայվել 2006-2007 թ-ի վրաց-ադրբեջանական համաձայնագրերը։ Թե ինչ նյութերի մասին է խոսքը, դեռևս պարզ չէ։
Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ կողմերը քննարկել են տրանսպորտային, առևտրային և համագործակցության այլ հարցեր։
Ըստ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանի և Վրաստանի ԱԳՆ ղեկավարները չեն խոսել Հայաստանի համար այսպես կոչված «սերբական զենքի» մասին։
_______________________
Հուլիսի 12-16-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած սրացումից հետո ադրբեջանական haqqin.az իշխանամետ պարբերականը հաղորդել է Վրաստանի տարածքով Սերբիայից դեպի Հայաստան տեղափոխված զենքի մասին։
Սկանդալն այնքան լուրջ էր, որ օգոստոսի 17-ին Ադրբեջանը հետ էր կանչել Վրաստանում և Սերբիայում իր դեսպաններին։
Վրաստանի ԱԳՆ-ն այս լուրերն ապատեղեկատվություն էր անվանել։
Վրաստանի և Ադրբեջանի փորձագետները լուրջ խնդիրներ էին կանխատեսում երկկողմ հարաբերություններում։
Սակայն իր վերջին հարցազրույցներից մեկում սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փաստացի հերքել էր հնչած մեղադրնքներն ու դրա փոխարեն շնորհակալություն հայտնել Վրաստանին, որ այն իր տարածքով թույլ չի տվել անցկացնել Հայաստանի համար նախատեսված զենքը։