Վրաստանի ևս մեկ քաղաքացի է դատապարտվել Հարավային Օսիայում
Ցխինվալի դատարանը փետրվարի 9-ին դատավճիռ է կայացրել Վրաստանի ևս մեկ քաղաքացու նկատմամբ։ Ռամազ Բեգելուրին, որը Վրաստանի Գորիի շրջանի Գուգութիանթկարի գյուղի բնակիչ է, երկամսյա նախնական կալանքի է դատապարտվել «Հարավային Օսիայի պետական սահմանի ապօրինի հատման» մեղադրանքով։
Սա վերջին շաբաթվա մեջ Վրաստանի քաղաքացու վերաբերյալ երկրորդ դատավճիռն էր Հարավային Օսիայում։ Փետրվարի 8-ին Ցխինվալի դատարանը Զազա Գախելաձեին դատապարտել է 12,5 տարվա ազատազրկման։ Նա մեղադրվում է ոչ միայն «սահմանի ապօրինի հատման» համար 2020 թ-ի հուլիսին, երբ սունկ հավաքելիս է եղել։ Ցխինվալի պնդմամբ՝ Գախելաձեն զինվորականներին դիմադրություն է ցույց տվել կալանքի ժամանակ և հրացանով կրակել է։
Ըստ Ռամազ Բեգելուրիի հոր՝ իր որդին երկրորդ անգամ է ձերբակալվել է ռուս և օս զինծառայողների կողմից։
«Նախորդ անգամ նրան տարել էին, երբ նա մեր հողատարածքում դաշտում աշխատելիս էր եղել։ Թե այս անգամ ինչ է եղել, չգիտեմ, և թե որտեղից են տարել, նույնպես չգիտեմ», — ասել է նա qartli.ge պարբերականին։
«Ապօրինի ձերբակալությունները զգալիորեն վատթարացնում են իրավիճակն օկուպացման գծի երկայնքով և օկուպացված տարածքներում անվտանգության առումով և բարդացնում տեղի բնակչության առօրյա կյանքը։ Ապօրինի ձերբակալվածների անհապաղ ազատ արձակման ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում», — ասված է Վրաստանի պետական անվտանգության ծառայության հաղորդագրությունում։
Վրաց-օսական հակամարտության գոտուց պարբերաբար հաղորդագրություններ են ստացվում ռուս զինվորականների կողմից Վրաստանի քաղաքացիների ձերբակալման մասին՝ «պետական սահմանի ապօրինի հատման» մեղադրանքով։ Սովորաբար, դրանք տեղի բնակիչներն են, որոնք կամ անասուններին են արածեցնում, կամ մոտակա անտառում ջոնջոլի ուտելի բույսն են հավաքում։
Թբիլիսիի տվյալներով՝ միայն 2021 թ-ի հունվարին ընդհանուր առմամբ 13 տեղացի է ձերբակալվել։ Երեքը զգուշացում է ստացել և ազատ արձակվել, ինը՝ տուգանվել։