«Օրենքով գողի» մահը․ Լոթու Գուլին՝ Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև
Թուրքիայում օգոստոսի 20–ին սպանվել է Լոթու Գուլին՝ վրացական քաղաքացիություն ունեցող ադրբեջանցի «օրենքով գողը»։ Աղմկահարույց սպանության ենթադրյալ պատճառը Մոսկվայի մեծածախ շուկաներում մի քանի քրեական խմբավորումների միջև ազդեցության ոլորտների բաժանումն է։
Սպանությունը սոցցանցերում ամենաքննարկվող թեման է դարձել միանգամից մի քանի հետխորհրդային երկրներում, որտեղ մաֆիայի ազդեցությունը դեռևս շատ ուժեղ է։
Թուրքական «Daily Sabah» թերթը գրում է, որ Սալիֆովի վրա չորս անգամ կրակել է նրա սեփական թիկնապահն Անթալիա միջերկրածովյան հանգստավայրի Սերիքի հյուրանոցներից մեկի ռեստորանում ընթրիքի ժամանակ։ Սալիֆովը հոսպիտալացվել է, սակայն մահացել է ստացած վիրավորումներից։
Մարդասպանի անունը պաշտոնապես չի նշվում, սակայն լրատվամիջոցները նույնականացրել են այդ գործով երկու ձերբակալվածների՝ Ամիր Համիդլիին և Հայն Զեյրալովին։
«Սիրտ» մականունով դաժան քրեական հեղինակություն
Լոթու Գուլին մականուն է։ Վրացերենով «գուլի» նշանակում է «սիրտ»։ Ինչի հետ էլ կապված լինի նրա մականվան այդ բառը, դա ոչ մի կերպ չի վկայում նրա զգայուն էության մասին։
Արդեն 21 տարեկանում Լոթու Գուլին դատապարտվել է 15 տարվա ազատազրկման կողոպուտի և փրկագնի դիմաց մարդկանց առևանգման համար։ Շուտով այդ ժամկետին գումարվել է ևս 10 տարի ծանր հանցագործությունների համար, այդ թվում՝ բռնաբարության, որը կատարել է արդեն բանտում։
Նախկին ԽՍՀՄ տարածքի ամենահայտնի գողերից մեկը՝ Նադիր Սալիֆովը ծնվել է 1972 թ–ի օգոստոսի 28–ին Վրացական ԽՍՀ Դմանիսի շրջանի Մամիշլո գյուղում։
Այնտեղ նա ստացել է իր առաջին անձնագիրն ու Խորհրդային Միության փլուզումից հետո ինքնաբերաբար դարձել ինքնիշխան Վրաստանի քաղաքացի։
1990-ականների սկզբին Սալիֆովն իր ընկեր և հայրենակից Օթար Բադալովի հետ Բաքու է տեղափոխվել, որտեղ էլ կատարել է առաջին հանցագործությունը։
1996 թ–ի դեկտեմբերին Սալիֆովը դատապարտվել է մի շարք քրեական հոդվածներով, այդ թվում՝ գողության, բանդիտիզիմի և մարդկանց առևանգման համար։ Քննության հետ գործարքի նա չի գնացել, իրեն մեղավոր չի ճանաչել, այդ պատճառով էլ առավելագույն պատիժ է ստացել՝ 15 տարվա ազատազրկում։
2000 թ–ին Նադիր Սալիֆովը հեռակա կարգով դարձել է «օրենքով գող» Լոթու Գուլի։ Այդ ժամանակ նա բանտում է եղել, իսկ նրա «թագադրումն» ազատության մեջ է կազմակերպվել հետխորհրդային մաֆիայի «երկու կնքահայրեր» Ռաուլ Կիրիայի (Ռաուլ Ռուսթավցի) և Ջեյրան Ասլանովի (Ջեյրան Ռուսթավցի) կողմից։
2001 թ–ին Լոթու Գուլին պետք է ազատ արձակվեր, սակայն նրա ժամկետն ավելացվել է բանտում կատարած բռնաբարության համար։
Ըստ քննության նյութերի՝ 2001 թ–ի մայիսին բանտարկյալներից մեկը Սալիֆովին թղթախաղում պարտվել է և չի կարողացել 280 հազար մանաթ [մոտ $165 հազար] վճարել։ Դրանից հետո Սալիֆովը զանգահարել է պարտվածի կնոջն ու, սպառնալով սպանել ամուսնուն, ստիպել գաղութ գալ։
Ապօրինի ճանապարհով նրան ներս է մտցրել և բռնաբարել։
Պարզվել է նաև, որ Սալիֆովը համար 6 և 16 գաղութներում, ինչպես նաև Գոբուստանի փակ ռեժիմի բանտում իր ազատազրկման ժամանակ եղբոր միջոցով կարողացել է ութ կին տանել այնտեղ, որոնց անունները հայտնի են քննությանը։
Հաստատությունների պաշտոնատար անձանց կողմից նրան ապօրինի տրամադրված հատուկ սենյակներում Սալիֆովը բռնաբարել է նրանց և նույնիսկ այդ գործին ներգրավել այլ բանտարկյալների։
Սալիֆովի փաստաբանները հայտարարել էին, որ այդ ամենը կեղծվել է նրա բանտարկության ժամկետը երկարաձգելու համար և պահանջել նրան Վրաստան արտահանձնել, բայց ապարդյուն։
Լոթու Գուլիի բանտարկության ժամկետը սպառվում էր 2020 թ–ին, սակայն 2018–ին նա բանտից ազատ էր արձակվել Բաքվի Ղարադաղի շրջանային դատարանի վճռի հիման վրա։
Ազատ արձակվելուց հետո 2018 թ–ից Նադիր Սալիֆովը վերահսկում էր Մոսկվայի «Ֆուդ սիթի» խոշորագույն շուկաներից մեկը։
Ինչպես գրում են լրատվամիջոցները, Ռուսաստանի Կալուգայի մայրուղում 85 հեկտար մակերեսով այդ շուկայում աշխատում է ավելի քան 13 հազար մարդ, նրանց մեծ մասը Սալիֆովի հայրենակիցներն են։
Ազատ արձակվելուց անմիջապես հետո Նադիր Սալիֆովը Վրաստանի տարածքով Թուրքիա է մեկնել և մեկուսի ապրել Ստամբուլում։ Սակայն Daly Sabah–ը գրում է, որ մուտք գործելուց հետո Սալիֆովն արտաքսվել է Թուրքիայից և այնտեղ վերադարձել ապօրինի։
2020 թ–ի փետրվարին Ստամբուլում ոստիկանությունը կալանավորել է Ռուսաստանի և Սալիֆովի հետ կապված բանդայի ենթադրյալ 17 անդամի։