Մոսկվան Արևելյան Ուկրաինայի բնակիչներին քաղաքացիություն է առաջարկում․ ի՞նչ է թաքնված դրա հետևում
Դոնբասի [Արևելյան Ուկրաինա, որտեղ մի քանի տարի է՝ զինված դիմակայություն է ընթանում Լուգանսկի և Դոնեցկի հանրապետությունների շուրջ— JAMnews] մոտ երեք միլիոն բնակիչ այժմ կարող է ռուսական քաղաքացիություն ստանալ, ընդ որում՝ հայտը ներկայացնելուց ընդամենը երեք ամսվա ընթացքում, հաղորդում է Բի-Բի-Սին։
Անձնագիր ստանալ կարելի է՝ տարածքը չլքելով, հենց բնակության վայրում, որտեղ հայտերի ընդունման և անձնագրերի տրման հատուկ կետեր կկազմակերպվեն։
Ինչո՞վ է բացատրվում այս քայլն ու ի՞նչ են այս առթիվ խոսում Մոսկվայում և Կիևում։
• Ուկրաինական Ղրիմը Ռուսաստանի բռնակցումից հինգ տարի անց․ պրոպագանդայի հինգ պնդումների մասին
Ռուսաստանի փաստարկները
Ռուսաստանի իշխանությունները պնդում են, որ իրենք ղեկավարվել են հումանիտար նկատառումներով։
Այժմ մոտ 500 հազար մարդ, որոնք ապրում են այդ տարածքում, ուկրաինական կենսաթոշակ է ստանում։ Սակայն դրա համար նրանք պետք է ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ հատեն Ուկրաինայի սահմանը։
Մնացածները, խոսքը գնում է տասնյակ հազարավոր մարդկանց մասին, չեն ստանում ոչ մի կենսաթոշակ կամ նպաստ։
• Արևելյան Ուկրաինա․ ճակատագծում կենսաթոշակի հերթերում մահացողները
Ուկրաինայի փաստարկները
Ուկրաինայում կարծիք կա, որ ռուսական քաղաքացիության ստացման ընթացակարգի պարզեցումը Դոնբասի օկուպացիայի ևս մեկ քայլ է։
Այնտեղ ռուսական անձնագրեր ունեցողների մեծ թիվը Ռուսաստանին առիթ է տալիս անհրաժեշտության դեպքում ռազմական ուժ կիրառել՝ իբր իր քաղաքացիների պաշտպանության համար։
Նախագահների դիրքորոշումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, պարզաբանելով իր որոշումը, հայտարարել է, որ այն ուղղված չէ Ուկրաինայի նոր նախագահ Զելենսկու դեմ, որի հետ նա պատրաստ է քննարկել Դոնբասի հակամարտության կարգավորման ուղիները։
Ուկրաինայի նորընտիր նախագահ Զելենսկին ի պատասխան ասել է, որ Ուկրաինայի քաղաքացիներին ռուսական անձնագրեր բաժանելը ոչ մի կերպ չի նպաստում դրան, իսկ բանակցություններ վարելուն ինքը պատրաստ է։
Սակայն, հավելել է Զելենսկին, պետք է հստակ հասկանալ․ երկու երկրների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորում հնարավոր է միայն Դոնբասից և Ղրիմից Ռուսաստանի հեռանալուց հետո։
• Ի՞նչ կարող է անել Ուկրաինայի նոր նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Եվ ի՞նչ չի կարող
Փորձագետի գնահատականը
Հեղինակավոր ռուս տնտեսագետ Եվգենի Գոնտմախերն ասում է, որ, իր գնահատականով, Դոնբասի բնակիչներին ռուսական քաղաքացիություն տրամադրելու պարզեցված ընթացակարգը կարող է Ռուսաստանի բյուջեի վրա մոտ 150 մլն դոլար նստել։