Ներկայիս նախագահ Պետրո Պորոշենկոն արդեն ընդունել է իր պարտությունը, սակայն ասել է, որ քաղաքականությունից չի հեռանալու" />

Ի՞նչ կարող է անել Ուկրաինայի նոր նախագահ Վլադիմիր Զելենսկին և ի՞նչ չի կարող

Ներկայիս նախագահ Պետրո Պորոշենկոն արդեն ընդունել է իր պարտությունը, սակայն ասել է, որ քաղաքականությունից չի հեռանալու

Ապրիլի 21-ի երեկոյան Ուկրաինայի գործող նախագահ Պետրո Պորոշենկոն ընդունել է իր պարտությունը երկրի ղեկավարի ընտրություններում։ Նա եռակի քիչ ձայն է ստացել իր մրցակից Վլադիմիր Զելենսկուն։

Ուկրաինական «Հրոմադսկոյե» հեռուստաալիքը հաղորդում է այս տվյալները․

Վլադիմիր Զելենսկի 73,2%

Պետրո Պորոշենկո 25,3%

Աննախադեպ մրցավազք

Այսպիսի ընտրություններ Ուկրաինան դեռ չէր տեսել։ Ոչ մասնակիցների թվով՝ 43 թեկնածու, ոչ էլ կրքերի թեժությամբ, որոնք գագաթնակետը Կիևի մարզադաշտում Պետրո Պորոշենկոյի և Վլադիմիր Զելենսկու դեբատներն էին 40 հազար հանդիսատեսի աչքի առաջ։

Ուկրաինա և Ռուսաստան․ հակառակորդներ պատերազմո՞ւմ, թե՞ առևտրային գործընկերներ

Երկրորդ փուլ անցած թեկնածուների բանավեճի գլխավոր հարցերն էին․ պատերազմը Դոնբասում, Ղրիմի բռնակցումն ու Ռուսաստանի և դրա նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունները։

Կոռուպցիա, գների աճ, օլիգարխների իշխանություն․ այս թեմաները նույնպես ակտիվորեն քննարկվում էին երկու թեկնածուների կողմից նախընտրական փուլում, սակայն երկրորդական տեղում հայտնվեցին։

Այժմ քննարկումն ավարտված է, պարզվեց, որ առավել պոպուլյար են Վլադիմիր Զելենսկու առաջարկները։

Հակիրճ՝ Վլադիմիր Զելենսկու մասին

Վլադիմիր Զելենսկին 41 տարեկան է, շոու-բիզնեսում նա մեծ փորձ ունի, սակայն բացարձակ փորձ չունի քաղաքականության ոլորտում։

Նա հայտնի է, առաջին հերթին, «Ժողովրդի ծառա» հեռուստասերիալով, որն այս պահին դիտել է Ուկրաինայի մոտ 20 մլն բնակիչ։ Նա խաղում է պատմության ուսուցիչ Վասիլի Գոլոբորոդկոյի դերը, որը դեպքերի բերումով դառնում է երկրի նախագահ։ Սերիալի ցուցադրության իրավունքներն արդեն գնել է Netflix-ը։

Զելենսկին հայտնի է նաև «Երեկոյան թաղամաս» և «Երեկոյան Կիև» հեռուստաշոուներին իր մասնակցությամբ, որոնք ուկրաինական հեռուստատեսության ամենապոպուլյար շոուներն են և միլիոնավոր հեռուստադիտող են հավաքում։

Շատերը պնդում են, որ նրա թիկունքին ուկրաինացի օլիգարխ Իգոր Կոլոմոյսկին է կանգնած, և այժմ նա կարող է անմիջականորեն ազդել երկրի քաղաքականության վրա։ Reuters-ի լրագրողները, մասնավորապես, ուսումնասիրել են այդ հարցն ու եկել այն եզրակացության, որ Զելենսկին ու Կոլոմոյսկին «ընդհանուր շատ բան ունեն»։

Զելեսկին Կոլոմոյսկու հետ ցանկացած կապ միշտ կտրականապես հերքել է։

Զելենսկուն մեղադրում էին նաև ռուսական կինոընկերությունների կապիտալում մասնակցություն ունենալու համար։

Պորոշենկոյի և Զելենսկու մասին․ ինչո՞վ են նրանք հայտնի, ինչո՞վ են նման և ինչո՞վ են տարբերվում

Վլադիմիր Զելենսկին։ REUTERS/Վալենտին Օգիրենկո

Իրադարձությունների ի՞նչ զարգացում կարելի է սպասել Ուկրաինայում

Վատատեսների հայացքը

Զելենսկու հակառակորդները պնդում են, որ երկրին այժմ աղետ է սպասվում։ Փաստարկներն ընդհանուր առմամբ, երեքն են․

•Իշխանության է եկել դերասան և շոումեն, որը պետական կառավարման ոչ մի փորձ չունի։

•Նրա բիզնեսը, ենթադրաբար, կապված է Ռուսաստանի հետ․ այստեղից էլ՝ նրա հաշտարար տոնն ագրեսոր երկրի հանդեպ և նրա հայտարարություններն այն մասին, որ ինքը «պատրաստ է ամեն ինչ անել պատերազմը դադարեցնելու համար»։

•Նրա ենթադրվող մտերմությունը միլիարդատեր Իգոր Կոլոմոյսկու հետ, որը նոր նախագահին օլիգարխի խամաճիկ է սարքում։

Լավատեսների հայացքը

Վլադիմիր Զելենսկու կողմնակիցներն ուշադրություն են դարձնում այն բանի վրա, որ նոր նախագահին սատարում են Ուկրաինայի բոլոր շրջաններում։ Առավել շատ՝ երկրի արևելքում, բայց նաև արևմուտքում և կենտրոնում Զելենսկին զգալիորեն առաջ է անցել Պորոշենկոյից։

Կարճ ասած՝ նրա հաղթանակը ողջ ուկրաինական հասարակության կողմից փոփոխությունների հայտ է։

Զելենսկու հետ կապված հույսերի մեկ այլ աղբյուր է երիտասարդության արձագանքը։ Երիտասարդները զանգվածաբար աջակցել են Վլադիմիր Զելենսկուն և մերժել Պորոշենկոյին՝ խորհրդային կուսակցական նոմենկլատուրայի ներկայացուցչին։

Իրատեսների հայացքը

Հեղինակավոր ուկրաինացի քաղաքագետներն ուշադրություն են հրավիրում երկու կարևոր հանգամանքի վրա։

•Ինչպիսին էլ որ լինի ընտրությունների թեկնածուին ցուցաբերված աջակցությունը, ընտրություններից անմիջապես հետո այն սովորաբար սկսում է սրընթաց կերպով նվազել։ Հասարակությունն ավանդաբար քննադատորեն է տրամադրված ցանկացած գործող քաղաքական գործչի հանդեպ։

•Ուկրաինան նախագահական հանրապետություն չէ։ Պետության ցանկացած ղեկավար իր գործունեության ընթացքում ստիպված է խորհրդարանի աջակցությունը փնտրել։ Վերջերս խորհրդարանն օրենսդրորեն ամրագրել է ուղղությունը դեպի Եվրամիություն և ՆԱՏՕ։ 2019թ-ի սեպտեմբերին Ուկրաինայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու, որոնց ընթացքում Զելենսկու հակառակորդները կփորձեն (և շանսեր ունեն) ռևանշի հասնել։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում