Մեկ հատուկջոկատային է զոհվել, երեք հանցագործ է լիկվիդացվել, լրջորեն վնասվել է բնակելի շենք. Թբիլիսիում անցկացրած հատուկ գործողության արդյունքները
Ահաբեկչության մասնակից երեք մարդ է սպանվել, մեկը ձերբակալվել է: Թե ովքեր են նրանք, դեռևս չի հաղորդվում, սակայն Վրաստանի քաղաքացիներ չեն:
Զոհվել է մեկ հատուկջոկատային: Վիրավորվել է իրավապահ մարմինների 4 աշխատակից:
Սա 22-ժամյա հատուկ գործողության արդյունքն է, որը վրացական հատուկ ծառայություններն անցկացնում էին Թբիլիսիի վանահայր Գաբրիել Սալոսի փողոցում:
Ի՞նչ է տեղի ունեցել
Ամեն ինչ սկսվել է նոյեմբերի 21-ին ժամը 20:00-ին մոտ: Իրավապահ մարմինները տեղեկություն են ստացել այն մասին, որ Թբիլիսիի վանահայր Գաբրիելի պողոտայի բնակելի շենքի բնակարաններից մեկում ենթադրաբար ահաբեկչության մասնակից անձինք կան:
Պետանվտանգության ծառայության հայտարարության համաձայն՝ հատուկ գործողությունը սկսելուց առաջ «վտանգավոր շենքից» տարհանել են բնակիչներին: Նույն օրը՝ 23:59 «Ռուսթավի-2» հեռուստաալիքի հատուկ թողարկման մեջ փոխհրաձգության ձայներ էին լսվում: Առավոտյան 5-ի կողմերը կրակոցներն ու պայթյունները սկսել են ինտենսիվ բնույթ կրել:
Պետանվտանգության ծառայությունն առաջին պաշտոնական հայտարարությունը տարածեց հատուկ գործողության մեկնարկից մի քանի ժամ անց: Հաղորդվում էր, որ հանցավոր խմբի անդամների հետ բազմաժամ բանակցություններ են վարվել, նրանց առաջարկել են հանձնվել: Սակայն ի պատասխան կրակ է բացվել, և հենց այդ ժամանակ է հատուկջոկատայիններից մեկը ծանր վիրավորվել է:
Վրացական հեռուստաալիքների՝ նոյեմբերի 22-ին ժամը 12-ի շրջակայքում եթեր տրված ռեպորտաժներում երևում էր, թե ինչպես էր կորպուսից մի քանի բնակիչ դուրս գալիս, դա չէր համապատասխանում այն պնդմանը, թե բոլորը տարհանվել են:
«[Նրանք] փակվել են լոգարանում», — «Ռուսթավի-2» հեռուստաալիքին հաղորդել է տեղի բնակիչներից մեկը:
«Օգնեցե՛ք: Երեխային գոնե դուրս բերեք այստեղից», — գրել է շենքի բնակիչներից մեկը ֆեյսբուքյան իր էջում:
Նոյեմբերի 22-ին ժամը 13:00-ին կարճատև դադարը փոխարինվեց ինտենսիվ փոխհրաձգությամբ և պայթյուններով: Զրահատեխնիկա և հատուկ նշանակության ծառայության լրացուցիչ ուժեր հայտնվեցին: Այդ ժամանակ էլ տեղեկատվություն տարածվեց, որ հատուկ նշանակության ծառայությունը շենքի գրոհ է սկսել:
Երեկոյան մոտ 16:00-ին բազմահարկ շենքի երկրորդ հարկում տեղակայված բնակարանում, որտեղ գտնվում էին ենթադրյալ ահաբեկիչները, ուժեղ հրդեհ սկսվեց: Բնակարանից պայթյունի ձայներ էին լսվում:
Կրակոցներ և պայթյուններ էին լսվում մոտավորապես 18 ժամ, կարելի էր տեսնել ծուխ և կրակ: Լսվում էին հրշեջ մեքենաների և «շտապօգնության» մեքենաների ազդանշանները:
«Այստեղ իսկական պատերազմ է: Իմ պատուհանից եմ նայում. պատերազմ է», — գրել է Ֆեյսբուքի օգտատերերից մեկը, որն ապրում է վանահայր Գաբրիելի փողոցում:
Posted by ჯემნიუსი — JAMnews Georgian on ოთხშაბათი, 22 ნოემბერი, 2017
Արդյունքները՝ նոյեմբերի 22-ի ավարտին
Հատուկ գործողությունն անցկացնում էին Պետանվտանգության ծառայության հակաահաբեկչական դեպարտամենտի աշխատակիցները:
«Հատուկ գործողության ընթացքում լիկվիդացվել է երեք մարդ, որոնք կասկածվում էին ահաբեկչական խմբավորման մասնակցության համար և որոնք 22 ժամվա ընթացքում դիմադրություն էին ցուցաբերում իրավապահ կառույցների աշխատակիցներին», — հատուկ բրիֆինգին հայտարարել է Պետանվտանգության ծառայության վարչակազմի ղեկավար Նինո Գիորգոբիանին:
Ձերբակալվել է նաև խմբավորման մեկ անդամ, ասել է նա:
Հատուկ գործողության ընթացքում զոհվել է մեկ հատուկջոկատային, վիրավորվել իրավապահ ծառայության 4 աշխատակից:
Լրջորեն վնասվել է շենքի մի քանի բնակարան, որը գրոհել են իրավապահ ուժերը: Պետանվտանգության ծառայությունը խոստացել է տուժածների վնասներն ամբողջությամբ փոխհատուցել: Հատուկ գործողության անցկացման վայրին մոտ դպրոցում և մանկապարտեզում դասապրոցեսն ընդհատվել է:
Դեպքի վայրը լքել է հատուկ տեխնիկան, սակայն այնտեղ մնում են իրավապահ մարմինների աշխատակիցներն ու փորձագետ-քրեագետները:
Ովքեր են կասկածյալները
Պետանվտանգության ծառայության տեղեկատվության համաձայն՝ խմբի անդամների թվում Վրաստանի քաղաքացիներ չկան: Ընդ որում, չի հաղորդվում, թե որ երկրի քաղաքացիներ են նրանք և ինչպես են Վրաստանում հայտնվել:
«Նրանց հանդեպ հսկողություն է իրականցվել 3 շաբաթ: Ահաբեկչության դեմ պայքարի հարցում միջազգային համագործակցության շրջանակում համապատասխան միջոցառումներ են անցկացվում խմբի անդամների նույնականացման և հանցավոր կապերի բացահայտման ուղղությամբ», — ասել է լրագրողներին Նինո Գիորգոբիանին:
Այսօր նաև հայտնի է դարձել, որ բնակարանի տերը, որը վարձակալում էին կասկածյալները, Վրաստանի Պանկիսի կիրճի բնակիչ Ասլան Ջաբրայիլովն է: Բնակարանը պատկանում է Ջաբրայիլովի մորը՝ Թինա Գաուրգաշվիլիին, որն այժմ Ավստրիայի քաղաքացի է:
Նրա քույրը՝ Սարա Գաուրգաշվիլին «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը հայտարարել է, որ իր ընտանիքը ոչ ոքի բնակարան վարձով չի տվել, և ինքը չգիտի, թե ինչպես են այնտեղ հավաքվել ահաբեկչության համար կասկածվող անձինք:
Ասլան Ջաբրայիլովը Պանկիսի կիրճի Դուիսի գյուղի բնակիչ է, աշխատում է բենզալցակայանում Ահմեթա քաղաքում: Նա իրավապահներին ասել է, որ բնակարանը հանձնել է մի քանի ամիս առաջ: