ՀՀ-ն ավելացնում է երկաթուղու սուբսիդավորումը․ ՌԴ-ին կոնցեսիայից զրկելու հարցը կմնա ապագային
«Հարավկովկասյան երկաթուղու» սուբսիդավորման ավելացում
Հայաստանի կառավարությունը 65 միլիոն 222 հազար դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին տրամադրվող սուբսիդիան։
Սա նոր գործընթաց չէ։ Դեռևս 2008 թ․-ին Հայաստանի և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության միջև կնքված կոնցեսիոն պայմանագրի համաձայն՝ պետությունը մասնակիորեն փոխհատուցում է համաձայնեցված ուղղություններով ուղևորափոխադրումներից ընկերության կրած տարեկան վնասը։
ՀՀ երկաթուղային համակարգը 2008 թ․-ից կոնցեսիոն պայմանագրով կառավարվում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կողմից։ Այն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է։ Կոնցեսիոն պայմանագիրը կնքվել է 30 տարի ժամկետով։ Կողմերի համաձայնության դեպքում այն կարող է երկարաձգվել ևս 10 տարով։ Սակայն 2008 թվականից ի վեր հայկական բեռնափոխադրումները երկու անգամ կրճատվել են, որոշ երթուղիներ առհասարակ դադարել են գործել, իսկ պարտադիր ներդրումները մնացել են թղթի վրա։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ կառավարության կողմից պետք է մշտապես մոնիթորինգի ենթարկվի այդ սուբսիդիայի տրամադրման չափն ու կարգը։
«Ոչ թե ամեն տարի պետք է նույն տեքստով այդ սուբսիդավորման որոշումները կայացվեն, այլ փորձի տնտեսական խորացված ուսումնասիրություններ արվեն՝ պարզելու դրա ազդեցությունները»,- Factor TV-ի հետ զրույցում նկատել է Պարսյանը։
Սուբսիդավորման գումարն ուղղվելու է «Երկաթուղային ցանցի զարգացում» ծրագրին։ Հայաստանով անցնող երկաթուղու հետ կապված վերջին զարգացումն այն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հայտարարեց՝ Հայաստանը մեկնարկել է այն գործընթացները, որոնք միտված են Գյումրի-Ախուրիկ և Երասխի հատվածում երկաթուղու վերականգնմանը։ Նրա փոխանցմամբ՝ շարունակելու են նաև աշխատանքային քննարկումները Ռուսաստանի գործընկերների հետ։
Ավելի վաղ Երևանը երկաթուղու Գյումրի-Ախուրիկ և Երասխի հատվածների վերականգնման խնդրանքով դիմել էր Մոսկվային։ Այս հատվածների վերականգնումը ՀՀ-ին թույլ կտա հասնել դեպի Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմաններ։ Հայկական կողմի խնդրանքը ՌԴ-ն մինչ օրս չի իրագործել, չի հայտնել նաև նման պատրաստակամություն։ Մյուս կողմից՝ Մոսկվան հստակ հայտարարել է՝ երկաթուղու կոնցեսիայից հրաժարվել չի պատրաստվում։ Հայաստանի իշխանությունները չեն բացառում նաև երկաթուղին ռուսական կառավարումից վերցնելու և երրորդ երկրի հանձնելու սցենարը։
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ այս պահին պետք չէ գնալ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման՝ խզելով կոնցեսիոն պայմանագիրը։
Factor TV-ի եթերում նա շեշտել է՝ ճիշտ կլինի նախ զբաղվել վերակառուցման աշխատանքներով, իսկ կոնցեսիայի հարցը թողնել ապագային։
«Այդ ծախսերն այնքան էլ մեծ չեն, որ ՀՀ կառավարությունը չկարողանա թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի ուղղությամբ երկաթգծերը վերանորոգել։ Դրանք կարվի, հետո գուցե այնպիսի իրավիճակ լինի, որ ռուսական կողմը ինչ-որ կերպ փոխհատուցի։ Պետք է պլանավորել քայլերը փուլ առ փուլ»,- հայտարարել է Պետրոսյանը։
Բոլոր մանրամասները, մեկնաբանություն
- «Երկաթուղիների պետական կառավարումն ավելի ձեռնտու կլինի Հայաստանին»․ կարծիք
- ՀՀ-ում մեկնարկել է TRIPP-ի համաձայնագրի վավերացման գործընթացը․ մանրամասնում է ԱԳ նախարարը
- «Ռուսաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք տանում»․ ՀՀ փոխարտգործնախարար
- «ՀՀ-ն կվերականգնի երկաթուղային կապը Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ լինի դա ՌԴ հետ, թե առանց». կարծիքներ
Ի՞նչ է հայտնի սուբսիդավորման ավելացման մասին
Որոշման նախագծից տեղեկանում ենք, որ 2025 թ․-ի արդյունքներով «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը վճարման ենթակա սուբսիդիայի չափը կազմել է 312 միլիոն 211 հազար դրամ, մինչդեռ 2026 թ․-ի բյուջեով այդ նպատակի համար նախատեսվել էր 246 միլիոն 989 հազար դրամ։
Արդյունքում ձևավորվել է 65 միլիոն 222,3 հազար դրամի կրեդիտորական պարտք, որը նախատեսվում է մարել գործադիրի հավանությանն արժանացած փոփոխությամբ։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ բյուջեի համար լրացուցիչ ֆինանսական բեռ չի առաջանա, քանի որ սուբսիդիան վճարվում է ընկերության կողմից պետբյուջե փոխանցվող կոնցեսիոն վճարին համարժեք չափով։
Մասնավորապես՝ 2025 թ․-ի համար կոնցեսիոն վճարը նույնպես կազմել է 312 միլիոն 211 հազար դրամ, որը ընկերությունը պետական բյուջե է վճարել 2026 թվականի հունիսի 4-ին։
Նշվում է, որ այս որոշման ընդունմամբ ՀՀ կառավարությունն ապահովում է կոնցեսիոն պայմանագրով ստանձնած ֆինանսական պարտավորությունների կատարումը։
Փորձագիտական կարծիք
Տարածաշրջանային հարցերով փորձագետ, արևելագետ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ Հայաստանի կառավարությունն առանձին գործընթաց է պլանավորել երկաթուղու այն հատվածների մասով, որոնք այս պահին ռուսական ընկերության կառավարման ներքո են, որպեսզի «ՌԴ քաղաքականությունից և կամքից կախված չլինի TRIPP նախագծի և ընդհանուր ապաշրջափակման ընթացքը»։
Ասում է՝ պարզ է, որ Ռուսաստանն արհեստական կերպով ձգձգելու է երկաթուղու առանձին հատվածների վերակառուցումը։ Ընդգծում է՝ TRIPP նախագիծը, առաջին հերթին, պետք է Հայասատանի Հանրապետությանը, հետևաբար սխալ է ոչինչ չանել և դա պայմանավորվել ՌԴ դիրքորոշմամբ։
«Եթե կա հնարավորություն, իսկ այդ հնարավորությունը կա, որովհետև խոսքը շատ փոքր տարածքի մասին է [նկատի ունի Գյումրի-Ախուրիկ և Երասխ հատվածները], ՀՀ կառավարությունը կարող է հանգիստ այդ վերանորոգումներն իրականացնել, մասնավանդ, որ կա նաև Եվրամիության հետաքրքրությունը»,- նշել է նա։
Անդրադառնալով «Ռուսական երկաթուղիներ» ընկերությանը կոնցեսիայից զրկելուն՝ Պետրոսյանը շեշտել է՝ ներկա պահին այդ հարցը հրատապ չէ, ուստի չկա կոնֆլիկտային միջավայր ձևավորելու անհրաժեշտություն։
«Այս պահին պետք է վերագործարկել երկաթգծերը։ Վստահ եմ՝ ՌԴ-ն այս պահին ռեսուրս չունի, որ հայկական երկաթգիծ վերանորոգի կամ կառուցի։ Ոչ մի ռեսուրս չի ներդնելու։ Դա պետք է Հայաստանն անի։ Այն, ինչ ՀՀ-ն հիմա կարող է ինքնուրույն կամ այնպիսի գործընկերների հետ անել, որոնց հետ հնարավոր է համագործակցել, դա պետք է անել»,- մանրամասնել է նա։
Ասում է՝ ներկա պահին ՌԴ-ն չունի «Թրամփի ուղու» իրականացմանը խոչընդոտելու ռեսուրսներ։
Ըստ նրա՝ պատճառները երկուսն են՝
- ՌԴ-ն այսօր շատ խիստ ծանրաբեռնված է Ուկրաինայով,
- Ռուսաստանը չի ցանկանում ԱՄՆ հետ խնդիրներ ստեղծել։
Փորձագետի գնահատմամբ՝ պետք է իրավիճակը կառավարելի պահել և սպասել ռուս-ուկրաինական պատերազմի հանգուցալուծմանը․
«Ի՞նչ իմաստ կա այս պահին, երբ ՌԴ-ն բավականաչափ զգայուն շրջափուլում է՝ ջղաձգված, նյարդային, հայկական կողմը բարձրացնի այն հարցը, որտեղ շատ հանգիստ իրենք կարող են իրենց քայլերով ՀՀ համար այնպիսի խնդիրներ ստեղծել, որ Հայաստանը մոռանա TRIPP-ի մասին և ընկնի այդ խնդիրների հետևից»։
Արմեն Պետրոսյանն օրինակ է բերել, մասնավորապես՝ Ռուսաստանի հովանու ներքո գործող Եվրասիական տնտեսական միությունից ՀՀ հնարավոր դուրսբերման հարցն օրակարգ բերելը։ Վստահ է՝ քանի դեռ Հայաստանն այլընտրանք չունի, դա խնդրահարույց է լինելու երկրի համար, ուստի այս պահին պետք չէ գնալ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
«Հարավկովկասյան երկաթուղու» սուբսիդավորման ավելացում