ՀՀ-ում մեկնարկել է TRIPP-ի համաձայնագրի վավերացման գործընթացը․ մանրամասնում է ԱԳ նախարարը
TRIPP համաձայնագրի վավերացման մեկնարկ ՀՀ-ում
Հայաստանում մեկնարկել է TRIPP-ի («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի) վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման գործընթացը։ Կառավարությունն այսօր հավանություն է տվել օրենքի նախագծին։ Այն կուղարկվի Սահմանադրական դատարան, կստուգվի փաստաթղթի համապատասխանությունը ՀՀ մայր օրենքին։
«ՍԴ կողմից նշված միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները ՀՀ Սահմանադրությանը չհակասող ճանաչելու որոշման պարագայում սահմանված կարգով կդիմենք Ազգային ժողով, հարցի քննարկումը կտեղափոխենք ԱԺ»,- խոսելով հետագա քայլերի մասին՝ նշել է արւտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նրա փոխանցմամբ՝ TRIPP-ի հիմնադրման փաստաթղթային գործընթացն ավարտելու համար անհրաժեշտ է համաձայնեցնել ևս 2 փաստաթուղթ՝ բաժնետերերի միջև պայմանագիրը և «ԹՐԻՓՓ զարգացման ընկերության» կանոնադրությունը։
Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մեկնաբանել է նաև TRIPP+ հիմնադրամի մասին մամուլում շրջանառվող լուրերն ու հայտարարել՝ խոսքն ամերիկյան ներդրումային հիմնադրամի մասին է, որը ՀՀ-ում հիմնադրվելիք զարգացման ընկերության հետ ունի «շատ միջնորդավորված և անուղղակի կապ»։
ՀՀ և ԱՄՆ միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը նախաստորագրվել էր 2026 թ․-ի մայիսի 26-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից։ Միրզոյանն ու Ռուբիոն համաձայնագիրը ստորագրեցին ընդամենը մի քանի օր անց՝ հեռավար ընթացակարգով: Հունիսի 1-ին համաձայնագիրը ստորագրվեց ԱՄՆ պետքարտուղարի կողմից Վաշինգտոնում, հունիսի 4-ին՝ ՀՀ արտգործնախարարի կողմից Երևանում։
«Փարատելով հնարավոր հարցերը՝ ասեմ, որ միջազգային պրակտիկայում և ՀՀ օրենսդրությամբ այսպիսի ոչ համաժամանակյա, հեռավար պայմանագրերի ստորագրումը նախատեսված է, ընդունված պրակտիկա է»,- այսօրվա նիստում ընդգծել է Արարատ Միրզոյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ-ն ու ԱՄՆ-ն «Թրամփի ուղու» վերաբերյալ համատեղ հռչակագիր էին ստորագրել 2025 թ․-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կազմակերպված խաղաղության գագաթնաժողովի շրջանակում։ Ճանապարհն ապաշրջափակման հնարավորություն է Հայաստանի համար, այն նաև Ադրբեջանը կկապի իր էքսկլավ Նախիջևանի հետ։
ԱԳ նախարարի արձանագրումները՝ հակիրճ
- ԱՄՆ-ը մասնաբաժինը TRIPP-ում կլինի 74%․ Երևանի ու Վաշինգտոնի նոր հայտարարությունը
- «Թրամփի ուղի». Արևմուտքի պատրա՞նք, թե՞ Հարավային Կովկասի պատմության շրջադարձային պահ
- «Թրամփի ուղին» ներդրումային նոր հնարավորություններ կբացի»․ հայ տնտեսագետ
- «TRIPP-ը կդառնա Հայաստանի անվտանգության նոր բաղադրիչ». Փաշինյան
«ՀՀ-ն ու ԱՄՆ-ն կնպաստեն Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդմանը»
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի դիտարկմամբ՝ TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրով Հայաստանն ու ԱՄՆ-ն նպատակ ունեն նպաստել Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարգավաճման ամրապնդմանը, մասնավորապես՝
- տրանսպորտային փոխադրումների,
- ենթակառուցվածքների,
- տարածաշրջանային և համաշխարհային առևտրի զարգացման ճանապարհով։
Փաստաթղթի համաձայն՝ Հայաստանն ու ԱՄՆ-ն հիմնադրելու են «ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը», որը, իր հերթին, ՀՀ տարածքում տարբեր գոտիներում առանձին նախագծերի իրականացման համար կարողանալու է հիմնել հատուկ նշանակության ընկերություններ և ներգրավել այլ գործընկերների։
«Ողջ գործընթացը՝ զարգացման ընկերությունն ու հետագա գործունեությունն իրականացվելու են Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության և տարածքային ամբողջականության լիարժեք հարգմամբ»,- վստահեցրել է նա։
Հիշեցրել է՝ զարգացման ընկերությունը համապատասխան գոտիներում ստանալու է հողօգտագործման և կառուցապատման իրավունք՝ նախնական 49 տարի ժամկետով։
Սկզբնական ժամանակահատվածում ընկերության բաժնեմասերի 74%-ը պատկանելու է ԱՄՆ-ին, իսկ 26%-ը՝ ՀՀ-ին։ 49 տարվա ավարտից հետո՝ համագործակցությունը ևս 50 տարով երկարաձգելու պարագայում Հայաստանի բաժնեմասը կդառնա 49%։
«Ժամկետի երկարացման պարագայում 49% բաժնեմաս ստանալու համար ՀՀ-ն որևէ այլ լրացուցիչ քայլի, ներդրման կամ պարտավորության ստանձնելու անհրաժեշտություն չի ունենա»,- մանրամասնել է նախարարը։
Սահմանային, մաքսային և միգրացիոն վերահսկողության պատասխանատուն Հայաստանն է
ԱԳ նախարար Միրզոյանը, հեթական անգամ, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանն իր ներպետական օրենսդրությանը և միջազգային համաձայնագրերին համահունչ կշարունակի պատասխանատու լինել հետևյալի համար՝
- անվտանգություն և իրավապահ գործունեություն,
- սահմանային վերահսկողություն և սահմանային անվտանգություն,
- մաքսային և միգրացիոն վերահսկողություն,
- հարկերի և տուրքերի փոխանցում պետական բյուջե,
- պետական տեղեկատվական համակարգեր,
- պետական վարչական գործառույթներ և վերահսկողություն։
Նրա գնահատմամբ՝ թվարկվածը կարող է փարատել հանրության բոլոր մտահոգությունները, ինչպես նաև հերքել «վերջին ամիսների ընթացքում տարածվող չարամիտ շահարկումները»։
Ի՞նչ կապ կա «ԹՐԻՓՓ զարգացման ընկերության» և TRIPP+-ի միջև
Բրիտանական The Guardian-ը հայտնել էր, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը նախորդ ուրբաթ TRIPP+ առևտրային հիմնադրամի ղեկավար է նշանակել ԽՍՀՄ-ում ծնված, Չիկագո տեղափոխված ամերիկացի ներդրող Կոնստանտին Սոկոլովին։
Այս տեղեկությունը շրջանառվել էր նաև հայկական ԶԼՄ-ներով։ Սակայն պաշտոնական պարզաբանում չկար, թե ինչ հիմնադրամի մասին է խոսքը և արդյոք դա նույն ընկերությունն է, որը պետք է հիմնադրվի Հայաստանում «Թրամփի ուղու» կյանքի կոչման համար։
Կառավարության նիստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն արտգործնախարարին խնդրել է պարզաբանել հարցը։
Ի պատասխան ԱԳ նախարարը նշել է՝ Երևանի և Վաշինգտոնի ստորագրած համաձայնագրի համաձայն՝ TRIPP-ի իրագործման համար ստեղծվելու է «ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը»։
««ԹՐԻՓՓ զարգացման ընկերության» հիմնադիրները տեխնիկապես կլինեն ՀՀ կառավարությունն ու «ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն-ԱՄՆ» ընկերությունը, որը կհիմնադրվի Նահանգներում։ Սա պայմանավորված է ԱՄՆ-ի իրավական կարգավորումներով»,- մանրամասնել է Միրզոյանը։
Ինչ վերաբերում է TRIPP+-ին, ըստ նրա, այն ամերիկյան ընկերություն է, որը ստեղծվել է «ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն-ԱՄՆ» ընկերության մեջ և այս ծրագրի իրականացման համար ներդրումներ ներգրավելու նպատակով։
«Իրավական առումով սա [TRIPP+] ՀՀ տարածքում հիմնադրվելիք «ԹՐԻՓՓ զարգացման ընկերության» հետ շատ միջնորդավորված և անուղղակի կապ ունի»,- հայտարարել է արտգործնախարարը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
TRIPP համաձայնագրի վավերացման մեկնարկ ՀՀ-ում