Հինգ գերի է վերադարձել Ադրբեջանից Հայաստան
Հինգ հայ ռազմագերի է Բաքվից վերադարձել։ Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձը հերթական անգամ տեղի է ունեցել Ռուստամ Մուրադովի՝ Արցախում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի արդեն նախկին հրամանատարի մասնակցությամբ։ Բոլոր նախորդ փոխանակումները տեղի են ունեցել, երբ Ռուստամովը դեռ զբաղեցնում էր հրամանատարի պաշտոնը։
- «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի»․ լսումներ ՄԱԿ Միջազգային դատարանում
- Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի՝ ՄԱԿ Միջազգային դատարանում։ Ի՞նչ էր կատարվում Հաագայում
- «Ադրբեջանի հետ տարածքների փոխանակում չի լինելու»․ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար
- «Անհապաղ ազատ արձակել հայ գերիներին» և ԵԽԽՎ բանաձևի մյուս դրույթները
Տեղեկություններ Երևանից
Բաքվից ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանի «Էրեբունի» օդանավակայանում։ Հայրենիք է վերադարձել հինգ հայ՝ Մելս Ամբարդանյանը, Ռաֆիկ Կարապետյանը, Ժորա Մանուկյանը, Սեդրակ Սողոմոնյանը, Հովսեփ Մանուկյանը։
Նրանցից երեքը՝ Ռաֆիկ Կարապետյանը, Սեդրակ Սողոմոնյանն ու Մելս Ամբարդանյանը հուլիսի 23-ին ադրբեջանական դատարանի կողմից դատապարտվել էին 6 տարվա ազատազրկման։ Նույնպիսի դատավճիռ էր Բաքվի դատարանում կայացվել հուլիսի 22-ին Ժորա Մանուկյանի և հուլիսի 29-ին՝ Հովսեփ Մանուկյանի նկատմամբ։
Նախորդ շաբաթ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է գերիների դիմաց Ադրբեջանին փոխանցել ականապատ տարածքների քարտեզները, որոնք Ադրբեջանի ԶՈւ թիկունքում են և հումանիտար սպառնալիք են ներկայացնում։
Սակայն դեռևս չի հաղորդվում, փոխանցվել են արդյոք այս անգամ ադրբեջանական կողմին ականապատ տարածքների քարտեզներ գերիների դիմաց, թե ոչ։
Արցախում ռազմական գործողությունների ավարտից հետո Ադրբեջանից վերադարձվել է 108 ռազմագերի և գերեվարված խաղաղ բնակիչ, այժմ արդեն վերադարձածների ընդհանուր թիվը 113 է։ Բաքվում դեռ 70 մարդ կա, որոնց այնտեղ գտնվելը հաստատում է Ադրբեջանի իշխանությունը։ Հայ իրավապաշտպանները կարծում են, որ իրականում այնտեղ ավելի շատ մարդ է պահվում։
Հայաստանի քննչական կոմիտեի տվյալներով՝ Արցախում հրադադարից հետո անհայտ է 224 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
Տեղեկություններ Բաքվից
Հայ զինծառայողների փոխանցման փաստի առթիվ պաշտոնական տեղեկություններ ադրբեջանական պետական կառույցներից նյութի հրապարակման պահին չեն եղել։
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ վերադարձված հայ զինվորները չեն մասնակցել ադրբեջանական բանակի և բնակչության դեմ ծանր հանցագործությունների կատարմանը։
«Փոխանցված զինվորականների մի մասը երկու ջոկատների անդամներից է, որոնք ձերբակալվել են 2021 թ-ի մայիսի 27-ին, Քելբաջարում, Ադրբեջանի տարածք ներթափանցելու փորձի ժամանակ», — ասված է հաղորդագրություններում։ Այս քայլն անվանվել է «Բաքվի հերթական մարդասիրական ժեստ»։