«Նոր էջ ՀՀ պատմության մեջ»․ կարծիք Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության մասին
Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերություն
Հայաստանն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագիր են կնքել։ Փաստաթուղթը ստորագրվել է մայիսի 5-ին՝ նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցի շրջանակում։

Ըստ փաստաթղթի՝ ՀՀ-ն ու Ֆրանսիան ցանկանում են իրենց երկկողմ հարաբերությունների զարգացման միջոցով նպաստել ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային անվտանգության, կայունության ու խաղաղության ամրապնդմանը։
Հռչակագրի համաձայն՝ կողմերը նախատեսում են համագործակցությունը խորացնել մի շարք ոլորտներում, այդ թվում՝ անվտանգության և պաշտպանության։
Շեշտվում է, որ երկու երկրներն այս ոլորտում գործընկերությունն իրականացնելու են «պաշտպանական բնագավառում արդյունաբերական համագործակցության միջոցով» և «երկարաժամկետ հիմունքներով»։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում հիշեցրել է մինչ հռչակագրի ստորագրումն իրականացված աշխատանքներն ու հայտարարել.
«Պատկերացնում եմ՝ ռազմավարական գործընկերություն հաստատելուց հետո դեռ ինչ հաջողություններ և նվաճումներ են մեզ սպասում»։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդգծել է՝ փաստաթուղթը կամրապնդի պաշտպանության ոլորտում առկա գործընկերությունը։
«Վերջին տարիներին մենք ցանկացել ենք ավելի արդիականացնել Հայաստանի զինված ուժերը, ինքնիշխանությունն ամրապնդել, և կարելի է ասել՝ սա մեր երկկողմ հարաբերությունների կարևոր հենասյունն է»,- հայտարարել է Մակրոնը։
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը JAMnews-ի հետ զրույցում ընդգծել է՝ հաստատված ռազմավարական գործընկերությունն ու ստորագրված փաստաթղթերը Հայաստանին տալիս են ռազմական կարողությունները մեծացնելու էական հնարավորություն, բարձրացնում են երկրի անվտանգության մակարդակն ու ապահովում զարգացում, այդ թվում՝ տեխնոլոգիական։
«Սա Հայաստանի համար շատ հզոր խթան է առաջ ընթանալու համար»,- հայտարարել է նա և հավելել, որ տեղի ունեցող զարգացումները պետք է դիտարկել ոչ միայն Հայաստան-Ֆրանսիա, այլև ՀՀ-Եվրամիություն հարաբերությունների համատեքստում։
Հռչակագրի կարևոր դրույթները, երկկողմ փաստաթղթերը, Մակրոնի հայտարարությունը ՀՀ եվրաինտեգրման մասին, ինչպես նաև մեկնաբանություն
- «Կերտելով ապագան». Երևանում ընթանում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը
- «ՀՀ եվրաինտեգրման ճանապարհին ամենամեծ խնդիրը ԵՄ-Վրաստան երկխոսության սառեցումն է»․ Փաշինյան
- «ԱՄՆ և ԵՄ հետ կապերի խորացման տակ ՌԴ-ին ՀՀ-ից դուրս թողնելու օրակարգ չկա»․ ՀՀ ԱԳ նախարար
- «Հայաստանը՝ առևտրի և ներդրումների կենտրոն»․ ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովը Երևանում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում մասնակցել է նաև Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովին։
Այցի շրջանակում ի պատիվ Մակրոնի տրվել է պետական ընթրիք: Ֆրանսիայի նախագահը պարգևատրվել է Փառքի շքանշանով՝ երկու երկրների միջև ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, համագործակցության ընդլայնման և խորացման գործում ներդրած անձնական նշանակալի ավանդի համար։
Էմանուել Մակրոնի որոշմամբ էլ Պատվո լեգեոնի Մեծ Խաչ շքանշանով են պարգևատրվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Այս պարգևը 1802 թվականին Նապոլեոն Բոնապարտի կողմից սահմանված Պատվո լեգեոնի բարձրագույն շքանշանն է։

Ռազմատեխնիկական գործակցության մասին․ հռչակագրի դրույթները
Ռազմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագրի համաձայն՝ Հայաստանն ու Ֆրանսիան էականորեն ընդլայնելու ու խորացնելու են իրենց հարաբերությունները հետևյալ ոլորտներում՝
- քաղաքական երկխոսություն, երկկողմ և բազմակողմ համագործակցություն,
- անվտանգություն և պաշտպանություն,
- տնտեսական համագործակցություն և կապակցվածություն,
- գլոբալ մարտահրավերներ,
- կրթություն, գիտություն, մշակույթ, սպորտ և երիտասարդություն,
- ապակենտրոնացված համագործակցություն և քաղհասարակություն։
«Հայաստանը և Ֆրանսիան կզարգացնեն անվտանգության, պաշտպանության, ռազմակրթական, ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական ոլորտներում իրենց գործընկերությունը»,- ասված է փաստաթղթում։
Նշվում է, որ երկու երկրները՝
- կզարգացնեն պաշտպանական արդյունաբերության ոլորտում իրենց համագործակցությունը,
- կզարգացնեն պաշտպանական հետազոտությունների, նորարարությունների ոլորտում համագործակցությունը,
- կխորացնեն իրենց համագործակցությունը միջազգային կառույցների շրջանակներում՝ միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող պաշտպանությանն ու անվտանգությանն առնչվող բոլոր թեմաների շուրջ, ինչպիսիք են սպառազինության վերահսկողության և չտարածման հարցերը,
- մտադիր են ամրապնդել իրենց համագործակցությունը միջազգային խաղաղապահ առաքելությունների շրջանակներում, մասնավորապես՝ Ֆրանսիայի աջակցությամբ այդ առաքելություններում Հայաստանի մասնակցության ընդլայնման միջոցով՝ ներառյալ ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակներում,
- կշարունակեն բարձր մակարդակի երկխոսությունը զինված ուժերի Գլխավոր շտաբների մակարդակով և կանցկացնեն կանոնավոր խորհրդակցություններ համապատասխան նախարարությունների միջև։
Փաստաթղթից տեղեկանում ենք, որ անվտանգության և պաշտպանության համատեքստում նախատեսվում է նաև համագործակցություն արհեստական բանականության, կիբերանվտանգության, տեղեկատվական մանիպուլյացիաների դեմ պայքարի և մի շարք այլ ուղղություններով։
Հանդերձանքի և ուղղաթիռների մատակարարում․ էլ ի՞նչ փաստաթղթեր են ստորագրվել
Կողմերը փոխանակվել են նաև մի շարք փաստաթղթերով։ Դրանք ենթադրում են համագործակցության խորացում ամենատարբեր ոլորտներում՝ կրթությունից ու մշակույթից մինչև բարձր տեխնոլոգիաներ և բանկային ոլորտ։
Ուշագրավ են հատկապես Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և Պաշտպանության նախարարության հետ կնքված փաստաթղթերը։ Մասնավորապես՝ ստորագրվել է՝
- արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներում համագործակցության վերաբերյալ մտադրությունների նամակ,
- ռազմական տեխնոլոգիաների և պաշտպանական համակարգերի հետազոտության, զարգացման և նորարարության ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր,
- հանդերձանքի մատակարարման պայմանագիր,
- տրանսպորտային ուղղաթիռների մատակարարման պայմանագիր։
Երկկողմ փաստաթղթերի փոխանակումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնացրել է «Հայաստանի Հանրապետությունում Բարգուշատի թունելի կառուցման ծրագրի վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը։
«Սա մի նոր փուլ է ոչ միայն Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման համար, այլև Հայաստանում ճանապարհաշինության ոլորտում նոր որակի ստանդարտ սահմանելու համար»,- հայտարարել է նա։
«Բարգուշատի թունելի կառուցման ծրագրի վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարութան և «Վենսի Կոնստրուկսիոն Գրան Պրոժե» ու «Ռազել-Բեկ ՍԱՍ» ֆրանսիական համատեղ ձեռնարկության կողմից։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գնահատմամբ՝ ստորագրված համաձայնագրերը նոր ուղի են բացում մոտակա տարիների համար։
«Միակն է, որ կարող է երաշխավորել խաղաղություն»․ Մակրոնը՝ ՀՀ եվրոպական ապագայի մասին
Լրագրողները Ֆրանսիայի նախագահից հետաքրքրվել են՝ երբ խոսում է «ուժեղ Եվրոպայի» մասին, որպես դրա մաս տեսնո՞ւմ է Հայաստանը։ Մակրոնը դրական պատասխան է տվել։ Ֆրանսիայի նախագահի դիտարկմամբ՝ Եվրոպան նաև աշխարհագրություն է, պատմություն, քաղաքակրթություն, ուստի «Հայաստանը հենց եվրոպական պատմություն ունի»։
Անդրադառնալով Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարներին՝ ընդգծել է․
«Դա կախված է յուրաքանչյուր երկրի ընտրությունից։ Եվ սա շատ պահանջկոտ պրոցես է: Ես վստահ եմ, որ մենք չպետք է սպասենք դրան: Այսինքն, հենց այս պահից, հաշվի առնելով աշխարհում իրավիճակը, պետք է գործել: Եվ հենց այդպես էլ մենք արեցինք վերջին տարիներին: Մենք կառուցեցինք Մեծ Եվրոպան, և Հայաստանը մեզ հետ անցել է հենց այս ճանապարհը: Եվրոպական ապագան Հայաստանի համար միակն է, որ կարող է երաշխավորել խաղաղություն և հավասարակշռություն»,- նկատել է Էմանուել Մակրոնը:
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերության հաստատումը պատմական իրադարձություն է ինչպես Հայաստանի, այնպես էլ հայ-ֆրանսիական հարաբերությունների համար։
«Սա նոր էջ է մեր պատմության մեջ, որը լայն հնարավորություններ է բացում Հայաստանի առաջ ոչ միայն ՀՀ-Ֆրանսիա երկկողմ հարաբերություններում, այլև ՀՀ-ԵՄ հարաբերություններում, ՀՀ-Մեծ Եվրոպա ձևաչափում»,- JAMnews-ի հետ զրույցում նշել է նա։
Մեհրաբյանի դիտարկմամբ՝ տեղի է ունենում Մեծ Եվրոպայի տրանսֆորմացիա, ԵՄ-ն տնտեսական, քաղաքական ընկերակցությունից վերածվում է ռազմաքաղաքական միավորի։
Քաղաքագետի գնահատմամբ՝ Ֆրանսիան լոկոմոտիվի դեր է ստանձնել Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհին։
Ընդ որում, ըստ նրա, Փարիզն այդ դերակատարումն իրականացնում է բոլոր առումներով՝ թե՛ գաղափարական, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ ռազմական։
«Սա շատ կարևոր է ՀՀ արտաքին քաղաքականության համար, նաև լրջագույն խթան է ներքին բարեփոխումների համար։ Պետք է հասկանանք, որ առանց ներքին բարեփոխումների եվրաինտեգրումն ուղղակի անհնար է»,- մանրամասնել է նա։
Մեհրաբյանը խորհրդանշական է համարել վերջին օրերին Երևանում անցկացված միջոցառումները՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովն ու ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովը։
Կարծում է՝ Եվրոպան այդ կերպ իր «համերաշխ աջակցությունն» է հայտնում ՀՀ-ի եվրոպամետ բարեփոխումներին և քաղաքական կուրսին։
«Սա համերաշխություն է նաև Հայաստանի դիմադրությանը բոլոր այն հակառակորդներին, ովքեր ուղղակի ուզում են խաթարել մեր պետականությունն ու մեզ վերանվաճել»,- հավելել է քաղաքագետը։
Ասում է՝ ակնհայտ է, որ Ռուսաստանը Հայաստանը դիտարկում է որպես ժամանակավորապես կորցրած տարածք, իսկ առաջիկա ընտրությունները՝ որպես կորուստը հետ բերելու հնարավորություն։
«Այդ դիմադրության ընթացքում Հայաստանը կարիք ուներ աջակցության և ստացավ այդ աջակցությունը»,- հայտարարել է նա և ընդծել, որ տեղի ունեցող մեծամասշտաբ միջոցառումները պետք է դիտարկել որպես հայկական ժողովրդավարության և Հայաստանի պետականության պաշտպանությանն ուղղված ուղերձներ։
Հրաժեշտի արարողությունը «Զվարթնոց» օդանավակայանում
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերություն