Շիո Մուջիրին ընտրվեց Վրաստանի 142-րդ պատրիարք
Վրաստանի նոր պատրիարքն ընտրվեց
Վրաց ուղղափառ եկեղեցու ընդլայնված ժողովը, որը գումարվել է Սուրբ Երրորդություն եկեղեցում, 22 ձայնով Սենակիի և Չխորոցկու մետրոպոլիտ Շիոյին ընտրել է որպես Մցխեթայի և Թբիլիսիի արքեպիսկոպոս, Պիցունդայի, Սուխումիի և Աբխազիայի մետրոպոլիտ և Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք։
Նոր պատրիարքը գահ բարձրացավ Շիո III անվամբ։
Ռուիզ-Ուրբնիսի մետրոպոլիտ Հոբը ստացավ 9 ձայն, Փոթիի և Խոբի մետրոպոլիտ Գրիգոլը՝ 7 ձայն, ևս մեկ ձայն կորսվեց։
2026 թվականի մայիսի 12-ին Սվետիցխովելի տաճարում տեղի կունենա նոր պատրիարքի գահակալության ստանձնման արարողությունը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի 142-րդ կաթողիկոս-պատրիարք, Սենակիի և Չխորոծկու մետրոպոլիտ Շիո III-ը:
Հիշեցնենք, որ Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ը մահացել էր 93 տարեկան հասակում 2026 թվականի մարտի 17-ին։ Դրանից հետո օրակարգում հայտնվեց Վրաց ուղղափառ եկեղեցու նոր պատրիարքի ընտրության հարցը:
Ի՞նչ է հայտնի Շիո Մուջիրիի մասին
Ինը տարի է, ինչ 57-ամյա մետրոպոլիտ Շիո Մուջիրին համարվում է Իլյա II-ի պաշտոնական իրավահաջորդը։ Նրա կենսագրությունը մեծապես բացատրում է, թե ինչու է նրա թեկնածությունը այդքան շատ քննարկումների տեղիք տվել։
Նա ծնվել է Թբիլիսիում, սովորել է թավջութակ կոնսերվատորիայում, վանական ուխտ է տվել Շիո-Մգվիմե վանքում, ապա շատ ժամանակ է անցկացրել Մոսկվայում։ Այնտեղ նա ղեկավարել է վրացական համայնքը և ուսումնասիրել Ռուս ուղղափառ եկեղեցու կառուցվածքը։
«Մետրոպոլիտ Շիոն հաճախ կրկնում է ռուսական պահպանողական նարատիվների սկզբունքները։ Եթե նայենք նրա մի շարք քարոզներ կանանց դերի մասին և համեմատենք դրանք Ռուս ուղղափառ եկեղեցում տեղի ունեցողի հետ, կտեսնենք, որ թեզերը փաստացի նույնական են»,- ասում է աստվածաբան Միրիան Գամրեքելաշվիլին։

Հատկապես ուշագրավ է 2017 թվականին տեղի ունեցած մի դրվագ։ Շիոյի տեղապահ նշանակվելուց կարճ ժամանակ առաջ Վրաստան այցելեց մետրոպոլիտ Իլարիոն Ալֆեևը՝ այն ժամանակվա պատրիարք Կիրիլի աջ ձեռքը և, ըստ էության, Ռուս ուղղափառ եկեղեցու արտաքին քաղաքականության բաժնի ղեկավարը։ Այս այցի և Շիոյի տեղապահ նշանակվելու միջև կապը մնում է ենթադրությունների դաշտում, Վրաց պատրիարքարանը կտրականապես հերքում է դա։
Ավելի ուշ ինքը՝ Ալֆեևը, հայտնվեց դժվարին իրավիճակում. 2022 թվականին նա ազատվեց պաշտոնից, իսկ 2024 թվականին՝ ունեցվածքի և շանտաժի հետ կապված սկանդալի ֆոնին, ժամանակավորապես հեռացվեց Բուդապեշտի թեմի առաջնորդի պաշտոնից։
Կա ևս մեկ վիճահարույց դրվագ։ 2023 թվականին Շիոյի արյան մեջ «ծանր մետաղներ» հայտնաբերվեցին։ Հարուցվեց քրեական գործ՝ սպանության փորձի մեղադրանքով։ Հետաքննությունը մինչ օրս շարունակվում է։
Շիոյի կողմնակիցների համար նրա ստացած 22 ձայներն ուժի ցուցիչ են, նրա քննադատների համար՝ փխրունության նշան։
«Սինոդի գրեթե կեսը չաջակցեց պատրիարքին։ Սա փխրուն մեծամասնություն է»,— մեկնաբանում է Tabula առցանց պարբերականի խմբագիր, կրոնական հարցերով վերլուծաբան Լևան Սուտիձեն։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Վրաստանի նոր պատրիարքն ընտրվեց