Հունիսի 3-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 515-ով և հասել 10 524-ի։
Բուժվածների թիվն ավելացել է 27-ով, նրանց ընդհանուր թիվը կազմում է 3454։ Շարունակում են բուժում ստանալ 6 841 մարդ:
Կորոնավիրուսից մահվան ևս 12 դեպք է արձանագրվել։ Մահացածների ընդհանուր թիվը հասավ 170-ի։
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 64 (կին), 82 (տղամարդ), 64 (տղամարդ), 86 (տղամարդ), 79 (տղամարդ), 54 (տղամարդ), 68 (տղամարդ), 85 (կին), 46 (կին), 79 (կին), 83 (տղամարդ), 62 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 3-ին անդրադարձավ իր ֆեյսբուքյան էջում հայտարարած ֆլեշմոբին, որտեղ հրապարակված լուսանկարներում երևում է, թե ինչպես են մարդիկ բանկերի և խանութների դիմաց կուտակումներ ստեղծում։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանում ամենամեծ խնդիրն այս իրավիճակում բանկերն ու Հայփոստի բաժանմունքներն են:
«Ես ո՞նց անեմ, սպեցնազը հանեմ, ժողովրդին ծեծ ու ջարդով տանեմ տնե՞ր: Ես այդպես չեմ կարող, պետք է դուբինկաներով պահե՞նք, էդպես վարվում են հանցագործ շրջանակների հետ, սեփական ժողովրդի հետ ես ո՞նց էդպես վարվեմ․․․ Մենք ասում ենք՝ պահեք կանոնները, որ չմահանանք, պահեք կանոնները, որ բոլորիդ անվտանգությունը չվտանգվի․․․
Իրար պետք է ամոթանք տանք, ասենք էս ի՞նչ եք անում, սթափվեք, իսկ մեղավորների փնտրտուքը անիմաստ գործ է, որովհետև եթե մեղավոր է ժողովուրդը, ուրեմն մեղավոր է նաև կառավարությունը, իսկ եթե մեղավոր է կառավարությունը, ուրեմն մեղավոր է ժողովուրդը, որովհետև էդ ժողովուրդն է էս կառավարությանը բերել իշխանության, մենք մի մարմին ենք, մեզ հնարավոր չի տարանջատել», — ասել է Նիկոլ Փաշինյանը։