Լուսանկարը՝ Կախա Կալաձեի պաշտոնական ֆեյսբուքյան էջից
Հոկտեմբերի 21-ին Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են տեղի ունեցել: Գրեթե բոլոր ընտրատեղամասերում հաղթել է իշխող «Վրացական երազանքը»:
Համամասնական ցուցակներով ձայները հետևյալ կերպ են բաշխվել.
«Վրացական երազանք»՝ 52%;
«Միասնական ազգային շարժում»՝ 17%;
«Եվրոպական Վրաստան»՝ 9%;
«Հայրենասերների դաշինք»՝ 5%:
Գլխավոր ինտրիգը թերևս Թբիլիսիի քաղաքապետի ընտրությունների շուրջ էր: Շատ դիտորդներ կանխատեսում էին, որ մայրաքաղաքում անպայման երկրորդ փուլ կլինի: Սակայն առաջին իսկ փուլում իշխող «Վրացական երազանքի» թեկնածու Կախա Կալաձեն հավաքեց հաղթանակի համար անհրաժեշտ ձայների 51,6%-ը:
Երկրորդ տեղում էր անկախ թեկնածու Ալեկո Էլիսաշվիլին՝ 17.4% ձայն, երրորդ տեղում՝ «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցության թեկնածու Զաալ Ուդումաշվիլին:
Չորրորդ տեղը զբաղեցրեց «Եվրոպական Վրաստանի» քաղաքապետի թեկնածու Էլենե Խոշտարիան՝ 7%:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովին մնում է հաշվել միայն 5 ընտրատեղամասի քվեաթերթիկներ: Ընդհանուր պատկերի վրա դա չի անդրադառնա:
Ամբողջ Վրաստանում ընտրողների ակտիվությունը կազմել է 45.6%, այսինքն՝ քվեարկել է ընտրազանգվածի կեսից պակաս մարդ:
Էներգետիկայի նախարար, փոխվարչապետ Կախա Կալաձեն, որը նախկին ֆուտբոլիստ է, «Միլանի» նախկին պաշտպանը, քաղաքական դաշտում է արդեն հինգերորդ տարին: 39-ամյա Կալաձեն երբեք չի թաքցրել իր քաղաքական հավակնությունները, անգամ երբ ֆուտբոլ էր խաղում
Թբիլիսիի քաղաքապետն ընտրվում է յուրաքանչյուր երեք տարին մեկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին տեղի ունեցող ուղիղ քվեարկությամբ: Առաջին փուլում քաղաքապետի պաշտոնի համար հաղթանակ տանելու համար պետք է հավաքել 50%+1 ձայն: Եթե թեկնածուներից ոչ ոք չի կարողանում հասնել այդ արդյունքին, երկրորդ փուլ է նշանակվում: Երկրորդ փուլը պետք է կայանա առաջինից երկու շաբաթ անց: Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է մոտ 3մլն 500 հազար ընտրող, որոնցից 1 մլն-ը՝ Թբիլիսիում: