«Երկաթուղու կոնցեսիայի շուրջ քննարկումը վերածվում է ՌԴ հետ բանակցային գործընթացի»․ կարծիք
Երկաթուղու հարցով հայ-ռուսական խումբ կստեղծվի
Հայաստանը «սևեռված» չէ, որ Ռուսաստանից կոնցեսիան վերցնի, խնդիրն այն է, որ երկաթուղին լինի պատշաճ որակի։ Խոսելով «Հարավկովկասյան երկաթուղու» հետագա ճակատագրի մասին՝ այսօր նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի փոխանցմամբ՝ կան արևմտյան ընկերություններ, որոնք պատրաստ են ներդրումներ կատարել, սակայն ռուսական կոնցեսիայի գործոնը խնդիր են համարում, իսկ Մոսկվան «տնտեսապես ոչ նպատակահարմար» է համարում լրացուցիչ ներդրումների իրականացումը։
«Ասում ենք՝ լավ, տնտեսապես նպատակահարմար չի, ուրեմն վաճառեք, օտարեք կոնցեսիայի իրավունքը, ով նպատակահարմար համարի, կամ մենք գնանք մեր գլխի ճարը տեսնենք»,- հայտարարել է նա։
Փաշինյանը լրագրողներին տեղեկացրել է՝ «Ռուսական երկաթուղիներ»–ի գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի հետ պայմանավորվել են 3 ամսով ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը պետք է պատասխանի ՀՀ կառավարության ձևակերպած կոնկրետ հարցերի, այդ թվում՝ ռուսական կողմը պատրա՞ստ է ներդրումներ անել, թե՞ ոչ։ Միայն դրանից հետո Երևանը կորոշի իր հետագա գործողությունները։
Վարչապետը նաև պնդել է, որ ՌԴ կողմից ներդվելիք գումարը կարող է դառնալ լուծում «քաղաքական քննարկման» համար: Նկատի ունի այն, որ արևմտյան երկրները չեն ցանկանա օգտվել ռուսական կոնցեսիայի տակ գտնվող երկաթուղուց։
«Եթե ՌԴ-ն ասում է՝ ենթադրենք, ես բերում եմ 3 մլրդ դոլար, դնում եմ, նշանակում է՝ մտավախություն չունի, որ մեր ասած երկրները չեն գա, հասնի այդտեղ, կշրջանցեն երկաթուղին։ Նշանակում է՝ համոզված է, որ կգան ու կանցնեն ու այդ գումարները ետ կգան»,- նկատել է նա։
Քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը JAMnews-ի հետ զրույցում շեշտել է՝ ի սկզբանե Երևանը բարձրաձայնում էր ոչ թե տնտեսական՝ ներդրումների հարց, այլ քաղաքական։
Նշվում էր, որ միջազգային գործընկերները պատրաստ չեն օգտվել ռուսական կոնցեսիայի ներքո գտնվող երկաթուղուց, ինչը խոչընդոտում է Հայաստանի տարանցիկ երկիր դառնալու հեռանկարներին։
Մելիքսեթյանի գնահատմամբ՝ Հայաստանը «զիջումների է գնացել» իր սկզբնական դիրքորոշումից։
«Հայկական կողմը այս որոշումով փորձում է հետաձգել այն կտրուկ և ծանր հետևանքները, որ կարող են լինել ռուսական լծակների օգտագործման դեպքում»,- նկատել է նա և հիշեցրել՝ Մոսկվան առնվազն ակնարկում է գազի գնի բարձրացման մասին, կիրառում տնտեսական սահմանափակումներ։
Ըստ փորձագետի՝ երկաթուղու հարցով հայ-ռուսական աշխատանքային խմբի ստեղծմամբ այս հարցի շուրջ քննարկումները վերածվում են «բանակցային գործընթացի»։
«Երեք ամիս հետո կարող է ևս երեք ամիս ինչ-որ այլ հարց քննարկվի ու դրանով, իհարկե, հարցը լուծում չստանա, բայց նաև այն հարաբերությունները, որ կան Ռուսաստանի հետ, հավելյալ չսրվեն»,- նկատել է նա։
ՀՀ երկաթուղային համակարգը 2008 թ․-ից կոնցեսիոն պայմանագրով կառավարվում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կողմից։ Այն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է։ Կոնցեսիոն պայմանագիրը կնքվել է 30 տարի ժամկետով։ Կողմերի համաձայնության դեպքում այն կարող է երկարաձգվել ևս 10 տարով։ Սակայն 2008 թվականից ի վեր հայկական բեռնափոխադրումները երկու անգամ կրճատվել են, որոշ երթուղիներ առհասարակ դադարել են գործել, իսկ պարտադիր ներդրումները մնացել են թղթի վրա։
Ի՞նչ է հայտարարել Փաշինյանը, Օլեգ Բելոզյորովի հետ հանդիպման մանրամասները, փորձագիտական կարծիք
- «TRIPP-ն ավելի դանդաղ առաջ կշարժվի»․ ԱՄՆ-ում քննարկվել է կապակցվածության օրակարգը
- Թուրքիան գործնական քայլերի է անցնում․ մեկնարկել է ՀՀ մտնող երկաթուղու վերականգնումը
- Հայաստանը սեփական ուժերով մեկնարկել է երկաթուղու վերականգնման գործընթացները
«Խնդիր չունենք ռուսական կոնցեսիայի հետ»․ Փաշինյան
Վարչապետը հիշեցրել է դեռևս 2026 թ․-ի ապրիլ ամսին ռուսական կողմի հետ ունեցած քննարկումների մասին։ Նրա փոխանցմամբ՝ ՌԴ գործընկերները տնտեսապես նպատակահարմար չեն համարել ներդրումների իրականացումը, միաժամանակ նրանց համար ընդունելի չեն եղել նաև այլ երկրների ներդրումները։ Փաշինյանի խոսքով՝ Երևանի դիրքորոշումը եղել է այն, որ կամ մեկը, կամ մյուսը պետք է տեղի ունենա․
«Եթե շրջափակման պայմաններում մենք կարող էինք ասել՝ հա դե, յոլա ենք տանում։ Հիմա, երբ տարածաշրջանը բացվում է, մենք չենք կարող ասել՝ լավ, թող մեր երկաթուղին սենց վիճակում մնա։ Պետք է ներդրումներ անել, խոսքը մեծ ներդրումների մասին է»։
Վարչապետը շեշտել է՝ այդ ներդրումը շատ կարևոր է, որպեսզի հայկական երկաթուղին կարողանա մրցակցել Կարս-Դիլուջուի հետ։ Բայց նաև նկատել է՝ մրցակցության հարց կարող է չառաջանալ, որովհետև տարածաշրջանի բեռնվածությունը մեծ է լինելու։
Անդրադառնալով Օլեգ Բելոզյորովի հետ հանդիպմանը՝ նշել է՝ ռուսաստանցի գործընկերոջը ներկայացվել է, որ ՀՀ-ն խնդիր չունի ռուսական կոնցեսիայի հետ, պարզապես ուզում է, որ իր երկաթուղին լինի մրցունակ․
«Այդ նպատակին միտված մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ դրա համար ռացիոնալ ձևաչափը կոնցեսիոն կառավարման ձևաչափը փոխելն է, այսինքն՝ երրորդ երկրների պատվիրակելը»։
Միևնույն ժամանակ Փաշինյանը նկատել է՝ եթե Ռուսաստանի գործընկերները գիտեն՝ ինչպես լուծել հարցը, կարող են լուծումներ առաջարկել:
Լուծումներ դեռևս չկան, բայց Մոսկվայից վստահեցրել են՝ պատժամիջոցները չեն խանգարի երկաթուղու աշխատանքին։
Վարչապետ Փաշինյանը ռուսաստանցի գործընկերոջը տեղեկացրել է, որ ՀՀ համար ռազմավարական նպատակ է՝
- Իջևան-Հրազդան երկաթուղու վերականգնումը,
- Ախուրիկում սռնանիվների փոխելու կետի կառուցումը,
- Իջևան- Հրազդան երկաթուղու ճյուղը Վանաձոր-Գյումրի ճյուղին միացնելը։
«Մենք հասկանում ենք, որ շատ բարդ խնդիր է և՛ ներդրումային առումով, և՛ տեխնիկական, և՛ կազմակերպչական, բայց չենք կարող ասել՝ դե, գիտեք, դժվարություններ կան, մենք այդ հարցերը չենք լուծում։ Մեր բարեկամների հետ հարաբերություններում մենք մաքսիմալ լինելու ենք բարեկամական, բայց այդ հարցերը պետք է լուծվեն»,- ամփոփել է նա։
Ի՞նչ են քննարկել ՀՀ վարչապետն ու «Ռուսական երկաթուղիներ»–ի գլխավոր տնօրենը
Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովի գլխավորած պատվիրակությանը։
Հայկական կողմի փոխանցմամբ՝ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության նպատակն է Հայաստանի երկաթուղիները դարձնել մրցակցային, ինտեգրել հարևան պետությունների և միջազգային երկաթուղային ցանցին։
Զրուցակիցները քննարկել են՝
- տարածաշրջանային գործընթացների համատեքստում ստեղծվող հնարավորություններն ու Հայաստանի երկաթուղիների մրցակցային, ինչպես նաև միջազգային տրանսպորտային ուղիներին ինտեգրված դարձնելուն ուղղված քայլերը,
- Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախջևան հատվածների երկաթուղիների վերակառուցման նախագծերն ու դրանց արդյունքում ստեղծվող հնարավորությունները,
- «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման ընթացքում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքները, կառավարման արդյունավետությունը, առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավորությունները։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ ձևակերպված խնդիրները սահմանված սեղմ ժամանակահատվածում քննարկելու, հնարավոր լուծումները գտնելու և հետագա քայլերը հստակեցնելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։
Փորձագիտական կարծիք
«Հայկական խորհուրդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը երկաթուղու հարցով հայ-ռուսական աշխատանքային խմբի ստեղծումը դիտարկում է որպես ՌԴ կողմից ժամանակ ձգելու գործընթաց։
Ասում է՝ ռուսական կողմն ուզում է պահպանել իր ներկայությունը ՀՀ երկաթուղային ցանցում։
Կարծում է՝ դա Մոսկվային անհրաժեշտ է հաղորդակցությունների բացումից օգտվելու և այդ գործընթացում իր քաղաքական մասնակցությունն ամրագրելու համար։
«Աա ՌԴ համար կարևոր է և՛ տնտեսական առումով, և՛ իմիջի առումով, և ՀՀ տարածքում աշխարհաքաղաքական ներկայացվածության, որպեսզի չկորցնի տարածաշրջանի ապաշրջափակման համատեքստում շատ կարևոր լծակ»,- JAMnews-ի հետ զրույցում նկատել է նա։
Անդրադառնալով պաշտոնական Երևանին՝ նկատել է՝ ՀՀ իշխանությունները փորձում են կառուցողական լինել և հավելյալ չսրել ՌԴ հետ հարաբերությունները։ Հիշեցրել է՝ ռուսական կողմն արդեն իսկ օգտագործում է «շանտաժի գործիքներ» և օրինակ բերել ՀՀ հանդեպ կիրառված տնտեսական սահմանափակումները։
Քաղաքագետը չի բացառել, որ ՌԴ-ն պատրաստ կլինի ներդրումներ կատարել հայկական երկաթուղիներում․
«Այդ ներդրումների ծավալը իր համար որևէ էական խնդիր չէ։ Խոսքը մի քանի տասնյակ միլիոն դոլարների մասին է ընդամենը։ Նույնիսկ ՌԴ ճգնաժամային վիճակում դա շատ փոքր գումար է․ օրական ռազմական ծախսերը միլիարդավոր դոլարներ են»։
Մելիքսեթյանի գնահատմամբ՝ եռամսյա աշխատանքների արդյունքում հնարավոր չի լինի ռուսական կողմին համոզել «ինչ-որ ձևով հրաժարվել կոնցեսիայից»․
«Գուցե ֆորմալ լուծումներ լինեն կամ մասնակի հնարավոր լինի կոնցեսիոն պայմանագիրը փոխել ի օգուտ հայկական կողմի։ Բայց այդ հարցը քաղաքական է, և ես մոտ ապագայում չեմ տեսնում քաղաքական լուծում առանց հայ-ռւսական հարաբերությունների հավելյալ սրացման»։
Բոլոր դեպքերում, ըստ փորձագետի, նույնիսկ համապատասխան ներդրումներից և ենթակառուցվածքների վերականգնումից հետո դեռևս անպատասխան են մնալու մի շարք հարցեր, մասնավորապես՝
- ո՞ր երկրներն են երկաթուղին օգտագործելու ավելի շատ,
- որքա՞ն է ծանրաբեռնված լինելու այդ երկաթուղին, երբ բացվի ՀՀ-Թուրքիա սահմանը և Նախիջևան-Հայաստան հաղորդակցությունը,
- արդյո՞ք եվրոպական երկրների համար երկաթուղին ունենալու է կարևոր նշանակություն՝ այնպես, ինչպես հայտարարվում է։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Երկաթուղու հարցով հայ-ռուսական խումբ կստեղծվի