Վաղ առավոտից Երևանի օդում գունավոր փոշի էր պտտվում. մեկնարկել էր «Գունազարդ վազքը»՝ Yerevan Color Run 2017-ը: Մասնակցելու էին եկել երիտասարդներ ոչ միայն Երևանից և մարզերից, այլև՝ արտերկրից:
Մինչև վազքի մեկնարկը մասնակիցները ֆիթնես-նախավարժանքներ կատարեցին, ապա անցան 5կմ ճանապարհը, որի ամբողջ ընթացքում իրենց վրա ոտքից գլուխ գունավոր և բացարձակ անվնաս փոշեներկեր էին լցնում:
Գունազարդ վազքը միջազգային ձևաչափ ունեցող միջոցառում է, որն անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Կանադայում, Չիլիում, Չինաստանում: Սա թվով 3-րդ «Գունազարդ վազքն» էր, որն անցկացվեց Երևանում:
Միջոցառման նպատակը միայն բարձր տրամադրություն ապահովելը չէ. «գունավոր հրավառությունն» ունի երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպ քարոզելու ու վազքի մշակույթը տարածելու միտում:
Yerevan color run-ից ստացված հասույթի մի մասը հատկացվելու է անվճար մարզվելու համար Երևանի կենտրոնում Street Workout-ի մասնագիտացված մարզահրապարակի և Իջևան-Բերդ 34կմ ճանապարհի կառուցմանը: Իսկ հասույթը ձևավորվում է մասնակցության վճարների հաշվին. վաքզին մասնակցելու համար հարկավոր է վճարել 4000 դրամ:
Վազքուղին առաջինն անցած երեք տղաներին և աղջիկներին պարգևատրել են մրցանակներով: