ԱՄՆ-Ռուսաստան. նոր մոտեցումներ Ուկրաինայի հակամարտության հարցում
Կիսվել
Կիսվել
Մինսկում տեղի է ունեցել հանդիպում ԱՄՆ-ի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քուրթ Վոլքերի և Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի միջև, հաղորդում է РБК-ն: Քննարկման հիմնական թեման եղել է Ուկրաինայի հակամարտությունը:
Հանդիպումից հետո Քուրթ Վոլքերը հարցազրույց է տվել ռուսական Дождь հեռուստաալիքին, որում ասել է, թե գոհ է մնացել Սուրկովի հետ հանդիպումից և «լուրջ գործանական զրույցից»:
Վոլքերը նշել է մի քանի կարևոր պահ, այդ թվում.
«Ռուսաստանի շահագրգռվածությունը Ուկրաինայի հակամարտությունում ապակայունացնում է իրավիճակը, իսկ կողմերին անհրաժեշտ է պայմաններ ստեղծել կրակի իրական դադարեցման համար»:
«Ի վերջո, Ռուսաստանն արդեն պատրաստ է ընդունել, որ, համաձայն Մինսկի պայմանավորվածությունների, այդ տարածքները պետք է վերադարձվեն Ուկրաինային… և չլինեն օկուպացված տարածք: Որպեսզի դա տեղի ունենա, այնտեղից պետք է դուրս բերել ռուսական զորքերը և ապահովել մարդկանց անվտանգությունը, որ նրանք կարողանան իրենց վստահ զգալ»:
Ավելի վաղ Սուրկովը, մեկնաբանելով Վոլքերի հետ հանդիպումը, ասել էր, որ առաջարկվել են «թարմ գաղափարներ և մոտեցումներ»՝ կապված Մինսկի համաձայնագրի իրականացման հետ:
Բացի այդ, կողմերը համաձայնել են, որ «խաղաղության գործընթացը և՛ քաղաքական պլանում, և՛ անվտանգության ոլորտում պետք է ընթանա ավելի արագ»: