ԱՄՆ սենատորները Հանրապետական և Դեմոկրատական կուսակցություններից համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին հարցի շուրջ: Պայմանավորվածության էությունն այն է, որ հատուկ օրենք կընդունվի, որը թույլ չի տա ԱՄՆ նախագահին չեղարկել կամ մեղմացնել ներմուծված պատժամիջոցները: Մինչ այս դրանք կիրառվում էին նախագահի հրամանով, և նույն կերպով էլ կարող էին չեղարկվել կամ մեղմացվել արդեն կիրառված պատժամիջոցները:
Պատժամիջոցները մտցվել են նախագահ Օբամայի նախագահության տարիներին այն ռուսների հանդեպ, որոնց ԱՄՆ-ում մասնակից են համարում կիբերգրոհներին, Սիրիային զենք մատակարարելուն, մարդու իրավունքների խախտմանը և Ուկրաինայի հանդեպ ագրեսիվ գործողություններին:
Սենատոր Բոբ Կորկերը, որը հաղորդել է նման պայմանավորվածություն ձեռք բերելու մասին, ընդգծել է, որ ապագայում պատժամիջոցները կարող են խստացվել օգտակար հանածոների արդյունահանման, բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտային փոխադրումների ոլորտում:
Հիշեցնենք, որ Ռուսասատնի հետ ավելի բարեկամական հարաբերությունների հաստատումը նախագահ Թրամփի նախընտրական խոստումներից մեկն էր: Ռուս պաշտոնական անձինք նույնպես բազմիցս հայտարարել են, որ նրա հաղթանակի դեպքում հարաբերությունների բարելավման հույս ունեն: