Ադրբեջանցիները ճամպրուկներն են հավաքում
Մանաթի փոխարժեքն ընկնում է, աճում է գործազրկությունը, իսկ խոստացված բարեփոխումների փոխարեն, որոնց Ադրբեջանում շատերն էին սպասում, հանրաքվե անցկացվեց: Սահմանադրական փոփոխություններն ընդունվեցին, դրանցից շարքային քաղաքացիները ոչ մի լավ բան չեն սպասում: Դրա հետ կապված սոցցանցերում ակտիվացան քննարկումներն այն մասին, թե ով ուր է մեկնում: Ընդմիշտ:
«Արտագաղթի թեման պարզապես ինձ հետապնդում է վերջին ամիսներին, — ասում է գովազդային գործակալության սցենարիստ Վլադը: — Ֆեյսբուքում բոլորը դա են քննարկում, էջիս վրա ակտիվացել է արտագաղթի բյուրոյի գովազդը: Վերջերս տանն օդորակիչ էինք տեղադրում, և հանկարծ աշխատողն ասաց. «Փախչել է պետք»: 15 րոպեից փողոց դուրս եկա, տեսնեմ՝ մեկ ուրիշն է մեքենայով անցնում և ասում ինձ. «Դու դեռ այստե՞ղ ես: Իսկ ես տեղափոխվում եմ»: Այն մարդկանց կեսն, ում հետ ես մոտ տասը տարի առաջ շփվում էի, մեկնել են կամ պատրաստվում են մեկնել այլ երկիր, և այս թեման ինձ գրեթե միստիկ կերպով է հետապնդում»:
Ինչո՞ւ են մարդիկ հեռանում
«Ոչինչ դժբախտություն չէր կանխագուշակում, աշխատում էի բանկում, ամուսնացա, բնակարան և մեքենա գնեցի, խնայողություններ ունեի, ամեն ամիս մի փոքր գումար ավանդ էի ներդնում աղջիկներիս լավ կրթույուն ապահովելու համար, — ասում է հաշվապահ Անարը: Մեր բանկը միավորվեց մեկ այլ բանի հետ, մանաթով աշխատավարձս կրկնակի կրճատվեց, դոլարով՝ քառակի անգամ: Բնակարանի վարկը փակելու համար մեքենաս կրկնակի էժան վաճառեցի, իսկ կրթության փողը վերցրի բանկից: Ամեն ինչ կշռադատեցի, որոշեցի դստերս Եվրոպա սովորելու ուղարկելու փոխարեն ավելի լավ է ինքներս տեղափոխվենք այնտեղ»:
Բլոգեր Անար Մամեդովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ լավ ու խելացի մարդիկ են հեռանում Ադրբեջանից: Ես այժմ նստած տեքստ եմ գրում և փորձում եմ պատասխանը գտնել, թե ինչն է հայրենակիցներից դրդում թողնել իրենց երկիրն ու բախտ փնտրել ինչ-որ այլ տեղ: Խնդիրն այն է, որ այստեղ մենք ոչ ոքի պետք չենք: Մենք պետք չենք սոցիալական ինստիտուտներին, ոստիկանությանը, քաղաքապետարանին, նախարարություններին, հարևան Ալի-Մարդանին: Ինքներս մեզ պետք չենք»:
Ռաուֆ Իսմայլովը խորհրդատվություն է տրամադրում մեկնել ցանկացողներին, իսկ ինքն արդեն 5 տարի է Կանադայում է ապրում: Նրա խոսքով՝ Ադրբեջանից այլ երկրներում մշտական բնակության մեկնողների թիվն այս տարի կտրուկ աճել է:
«Իմ տվյալներով՝ վերջին 5-6 տարիներին արտագաղթը մի փոքր կրճատվել էր: Այսինքն՝ հիմնականում մեկնում էին ոչ տնտեսական պատճառներով, այլ մեծ մասամբ աշխատանքի և կարիերայի հետ կապված: 2016թ-ին արտագաղթը կտրուկ աճեց, միայն Մեծ Բրիտանիա տեղափոխվեց 8 ծանոթ ընտանիք: Ընդ որում, մեծ մասը՝ կայացած և հաջողակ»:
«Բոլորի պատճառներն իհարկե տարբեր են: Հիմնականում բոլորն ասում են, թե մեկնում են երեխաների պատճառով, նրանց արժանի կրթույթուն տալու համար և որպեսզի նրանք մեծանան մի հասարակությունում, որտեղ հարգում են մարդու իրավունքներն ու ազատությունները, ես ինքս հենց այդ պատճառով եմ մեկնել», — ասում է նա:
Ուր և ինչպես
Ադրբեջանից տարբեր ձևերով են արտագաղթում: Ինչ-որ մեկն աշխատանք է գտնում ԱՄՆ-ում, Ավստրալիայում, ԵՄ երկրներում, մյուսները զարգացած երկրներում բիզնես են բացում: Կան նաև մարդիկ, ովքեր ԼԳԲՏ պատճառով են մեկնում (ԵՄ, ավելի հաճախ՝ սկանդինավյան երկրներ): Երիտասարդները մեկնում են սովորելու, հետո աշխատանք են գտնում և մնում են:
Ռաուֆ Իսմայլովի խոսքով՝ նախընտրությունը հիմնականում տալիս են ԱՄՆ-ին, Կանադային, Ավստրալիային և Արևմտյան Եվրոպային. «Սակայն նախընտրությունները միշտ չէ, որ համընկնում են հնարավորությունների հետ: Այնուհետև գալիս է Ռուսաստանը, Ուկրաինան և Թուրքիան: Ծանոթներիցս շատերը Թուրքիա, Ուկրաինա են մեկնել կամ պատրաստվում են մեկնել: Դա առաջին հերթին կապված է այն բանի հետ, որ Եվրոպա արտագաղթելու քիչ թե շատ օրինական ծրագրերի մեծ մասը փակ է կամ բարդացված: Ես անձամբ հազիվ թե արտագաղթի այդ դժոխքի շրջաններով կրկին անցնեի… Դա շատ դժվար էր, լացելու աստիճան», — ասում է նա:
Ի՞նչ են ասում թվերը
Որքա՞ն մարդ է իրականում լքում երկիրը: Ադրբեջանի վիճակագրական ծառայությունն արտագաղթի վերաբերյալ տվյալներ չի հրապարակում: Այդ մասին կարելի կլիներ դատել մարդահամարների օգնությամբ: Սակայն այստեղ էլ ամեն ինչ հեշտ չէ:
Սոցիոլոգ Սերգեյ Ռումյանցը Միջազգային միգրացիայի վերաբերյալ կիրառական հետազոտությունների կոնսորցիումի համար իր հոդվածում գրում է, որ մարդահամարների պաշտոնական տվյալները կասկածելի են կանխավ անբարեխիղճ մեթոդոլոգիայի պատճառով:
«Ադրբեջանում միգրացիոն վիճակագրության հաշվառումը բավականին անբավարար բնույթ է կրում: Ինչպես իմիգրանտների, այնպես էլ էմիգրանտների թիվը տեղեկատվության գործող աղբյուրների տվյալներով ամբողջական չէ: Բացի այդ, միգրանտների հաշվառումը ժամանակակից Ադրբեջանում քաղաքականացված բնույթ է կրում, և դա նույնպես լուրջ ազդեցություն է ունենում և թույլ չի տալիս վիճակագրական ծառայության և Պետական միգրացիոն ծառայության տվյալներին վերաբերվել որպես վստահելի տվյալների»:
Միջազգային վիճակագրությունը նույնպես սփոփիչ չէ: CIA Factbook-ը երկրների միգրացիայի վարկանիշում Ադրբեջանի վերաբերյալ որևէ դինամիկա ցույց չի տալիս , նույնն է իրավիճակը երկրի վերաբերյալ ՄԱԿ տվյալներում : Իսկ CARIM-East հետազոտական կենտրոնի վերջին տվյալները 2007թ-ի վերաբերյալ են, և անգամ այդ ժամանակահատվածում Ադրբեջան եկածների և մեկնածների բացասական սալդո են ցույց տալիս:
Վախկոտներ և դավաճաննե՞ր
Տաքսու վարորդ Անդրեյ. «Ինչպես ասում են՝ լավ է այնտեղ, որտեղ մենք չկան: Ես ապրել եմ Ուկրաինայում, Ռուսաստանում, սակայն վերադարձել եմ Բաքու, այստեղ լավ է, հանգիստ և խաղաղ: Իսկ նրանք, ովքեր հեռանում են, հիմնականում անհաջողակներն են: Ծնողներս երկուսն էլ ռուս են, իսկ ահա ես ինձ ադրբեջանցի եմ համարում: Սա լավ, հանդուրժող երկիր է, և այդ հարցում ես ամբողջությամբ նախագահի կողմից եմ»:
Մարզիկ Վահիդ. «Չէ-հա, ի՞նչ ես խոսում: Ուկրաինայում մերոնք գիտե՞ս՝ ինչ փողեր են աշխատում: Ադրբեջանցի ընկերներս այնտեղ են աշխատում, իսկ ուկրաինացիները ծույլ են, այդ պատճառով էլ իրենց համար վատ է: Թե չէ հրաշալի տեղ է, թոշակներն էլ են բարձր»:
Տաքսու վարորդ. «Նրանք Պորոշենկոյի ժամանակ էին լավ ապրում, իսկ այժմ Օբամայի ժամանակ սոված են: Իսկ դո՞ւ ինչու չես մեկնել: Որովհետև դու վախկոտ չես, այլ մարզիկ, երկրի պատիվն ես պահում: Իսկ նրանք, ովքեր մեկնել են, չգիտեն էլ դա ինչ է»:
Տաքսու վարորդ Անդրեյի կարծիքը բավականին տարածված է այն մարդկանց շրջանում, ովքեր չեն պատրաստվում մեկնել: Հաճախ դա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն են, նրանք այլ կարևոր փաստարկ ունեն՝ այո, ամեն ինչ վատ է, սակայն պետք է պայքարել հայրենիքդ ապրելու համար պիտանի դարձնելու համար, այլ ոչ թե փախչել:
Մյաթանաթ Ազիզովա, ադրբեջանցի իրավապաշտպան և քաղաքական էմիգրանտ. «Եթե մարդն ընտրություն է արել և ուզում է երկիրը լքել, դա նրա իրավունքն է, նրան դրա համար պետք չէ մեղադրել: Հաճախ կարծում եմ, որ մարդիկ մեկնում են տնտեսական խնդիրների պատճառով: Սակայն ուշադրություն եմ դարձրել, որ մեծ մասամբ հեռանում են նրանք, ովքեր լավ են վաստակում և կարողացել են գումար խնայել: Այստեղ արդեն խնդիրն ավելի շատ հոգեբանական է. ապագայի հանդեպ վախ, դեպրեսիվ հասարակություն, ինքնադրսևորման համար սահմանափակ հնարավորություններ և այլն, անորակ բժշկություն, կրթություն… Ինչ-որ մեկը կարծում է, որ ամեն ինչի կարելի է տանն էլ հասնել, եթե ունես գիտելիքներ և ունակություններ, մյուսը՝ որ եթե անգամ գիտելիք ունես, դրանք ոչ ոքի հարկավոր չեն»:
20 տարի առաջ Մեծ Բրիտանիա արտագաղթած Վահիդ. «Ես մեր արտագաղթին լավ և ըմբռնումով եմ մոտենում: Մարդը պետք է ազատ լինի, նա ընդամենը մեկ կյանք ունի: Նրա ծննդավայրը կարող է հարմար չլինել պրոֆեսիոնալ, կլիմայի, էսթետիկ առումով, հոգեպես, տնտեսապես և տասնյակ պատճառներով: Արտագաղթը բարդ բան է, սակայն այն հարստացնում է, զարգացնում է մարդուն, եթե նա իհարկե ուզում է դա: Եվ արտագաղթելը մարդուն պակաս հայրենասեր չի դարձնում կամ հայրենիքի դավաճան: Դա պրիմիտիվ հայացք է: Իմ կարծիքով, մարդկանց հեռանալ է ստիպում արդեն նշված անհամատեղելիությունն իրավիճակի հետ և անհամաձայնությունը, թե ուր է ամեն ինչ գնում, ապագայի և երեխաների ճակատագրի հանդեպ անհանգստությունը: Ապրելու տարրական բնազդը և բանտում ապրելու ցանկության բացակայությունը, կարևոր չէ՝ տառացիորեն, թե՝ ոչ»:
Արդյունքները
Ամփոփելով բոլոր կարծիքներն ու տվյալները, կարելի է այսպիսի եզրակացություններ անել.
1. Ադրբեջանն արտագաղթի նոր ալիքի առաջ է կանգնած, մարդիկ սկսել են ավելի հաճախ հեռանալ, սակայն որքան հաճախ՝ դժվար է ասել հստակ ադեկվատ վիճակագրության բացակայության պատճառով:
2. Առաջինն արտասահման սկսեցին մեկնել նրանք, ովքեր հնարավորություն ունեն քիչ թե շատ հարմարավետ տեղափոխություն ապահովել:
3. Այդ մարդկանց մոտիվները հիմնականում համալիր են՝ տնտեսական ճգնաժամ առանց այն հաղթահարելլու տեսանելի հեռանկարի, երեխաներին ավելի անվտանգ և քաղաքակիրթ հասարակությունում մեծացնելու ցանկություն:
Իսկ այդ ընթացքում բլոգերներից մեկը գրել է. «Վերջին մեկնողը թող իր ետևից լույսն անջատի օդանավակայանում»:
• Վերջին մեկուկես տարվա ընթաքում Ադրբեջանն ազգային արժույթի երկու կտրուկ անկում ապրեց;
• Արդյունքում ներկրված սպառողական ապրանքի գները մեկուկես տարվա ընթացքում կրկնակի աճեցին;
• 2015թ-ին արժեզրկումը կազմում էր 4 %, 2016թ-ին սպասվում է 12%;
• Մի քանի խոշոր բանկ փակվեց;
• Կառավարությունը ճգնաժամը բացատրում է նավթի գների անկումով, որի արտահանումը կազմում է երկրի բյուջեի եկամտային հատվածի մեծ մասը;
• Չնայած բարեփոխումներ անցկացնելու և «ոչ նավթային սեկտորը զարգացնելու» բոլոր խոստումներին՝ ոչ մի կապիտալ միջոց չի ձեռնարկվել;
• Ընթացիկ տարում տարբեր մեղադրանքներով ձերբակալվել, կալանավորվել և տարբեր տևողության ազատազրկման է դատապարտվել ընդդիմության և քաղաքացիական հասարակության ավելի քան 100 ներկայացուցիչ:
Հրապարակվել է 18.10.2016