Խորհրդային ժամանաիկների խորհրդանիշներ, որոնք առկա են Կովկասում: Ֆոտո-տեսապատմություններ" />

Տանկ, ուղղաթիռ, «զապորոժեց» ու զինանշան

Խորհրդային ժամանաիկների խորհրդանիշներ, որոնք առկա են Կովկասում: Ֆոտո-տեսապատմություններ

2016 թ-ը և հատկապես դեկտեմբերը հոբելյանական են մեկ խորհրդանշական իմաստով. ուղիղ 25 տարի առաջ Խորհրդային Միությունը պաշտոնապես դադարեց գոյություն ունենալ:

1991թ-ի դեկտեմբերի 8-ին ԽՍՀՄ հիմնադիր պետությունների՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի ղեկավարները Բելովեժյան համաձայնագիրը կնքեցին, որով հայտարարվում էր, որ ԽՍՀՄ այլևս չկա: Անդրկովկասյան հանրապետությունները, ինչպես նրանց այն ժամանակ անվանում էին, դրանից ավելի վաղ էին հայտարարել իրենց ինքնորոշման մասին. Վրաստանը՝ 1990թ-ի մայիսի 26-ին, Հայաստանը՝ 1990թ-ի օգոստոսի 24-ին և Ադրբեջանը՝ 1991թ-ի հոկտեմբերի 18-ին:

Այնուհետև պատերազմ էր, սով, լույս, ջուր, ջերմություն և հաճախ՝ սնունդ չկար: Սակայն այս պատմությունն այդ մասին չէ:

Խորհրդային Միության կազմում գտնվելու ավելի քան 70 տարվա ընթացքում Կովկասում նոր քաղաքներ են կառուցվել կամ փոխվել և մի քանի սերունդ է մեծացել: Սոցցանցերում քննարկումներն այն մասին, թե արդյոք Խորհրդային Միությունը հեռավոր անցյալ է, նույնիսկ երիտասարդներն են վարում, որոնք ծնվել են դրա փլուզումից հետո:

Մենք նույնպես որոշել ենք նշել տարածաշրջանի համար այդքան կարևոր իրադարձության 25-ամյակը: Եվ դա արել ենք երկու միջոցով:

Առաջին հերթին, լուսանկարել ենք տարածաշրջանում այն ժամանակահատվածից մնացած հետքերը և ներկայացրել, թե ինչի հետ են դրանք կապված:

Երկրորդ հերթին, բլից-հարցում ենք անցկացրել տարածաշրջանի տարբեր հատվածներում՝ անցորդներին հարցնելով, թե ինչ լավ ու վատ բան կար Խորհրդային Միությունում: Ինչպես միշտ, JAMnews-ի նյութում Հարավային Կովկասի քաղաքները բերված են այբբենական կարգով, իսկ անվանումները նշված են այնպես, ինչպես դրանք օգտագործվում են տեղի բնակչության կողմից, ինչը ոչ մի կապ չունի այդ հարցի վերաբերյալ JAMnews-ի կարծիքի կամ գնահատականի հետ:

Բաքու

«Զապորոժեց»

1

Այս «զապորոժեցը» Բաքվի հին քաղաքում՝ Իչերի Շեհերում, թանգարանային ցուցանմուշի պես մի բան է: Դրա տեղն անգամ սպիտակ ներկով ասֆալտին շրջանագծով անցկացված է, որպեսզի հասկանալի լինի, որ դա մեքենայի օրինական տեղն է:

Հին «զապորոժեցներն» այնքան քիչ են մնացել, որ դրանք աստիճանաբար տրանսպորտային միջոցից հազվագյուտ մի բանի են վերածվում: Դա մեկդռնանի խորհրդային մեքենա է, և այն չի արտադրվում 1994թ-ից:

Տասը տարի առաջ Բաքվի մեքենաների շուկայում «զապորոժեց» հնարավոր էր գնել մոտ հարյուր դոլարով:

Լենին

2

Լենինի այս կիսանդրին, ինչպես բացատրեցին Մաշթագա ավանի բնակիչները, պատկանել է ոմն Դիլվարիի: Սակայն նա վաղուց տեղափոխվել է: Մեկնելուց առաջ նա Լենինին դուրս է հանել իր տարածքից և հարևաններին ասել՝ ես հետո նրա ետևից կվերադառնամ: Անցել է մոտ տասը տարի, Լենինը հիանալի է պահպանվել: Սակայն Դիլվարին այդպես էլ չի հայտնվել:

Ադրբեջանում անձի պաշտամունքը ստանդարտ ձևով է եղել: Վոլոդյա Ուլյանովի գերազանց սովորելու մասին նույն դասագրքերը: «Նա բացարձակապես ազնիվ մարդ էր», – մեզ բացատրում էր մեր առաջին ուսուցչուհին 1987թ-ին:

Տասը տարի անց՝ պատմության դասին մեզ բոլորովին այլ պատմություն են պատմելու, թե ինչպես է Լենինը հրահանգել 11-րդ Կարմիր բանակին այրել Բաքուն, եթե հնարավոր չլինի քաղաքը գրավել: Այն ժամանակ բաքվեցիները ստիպված են եղել մեծ ջանքեր թափել՝ վերանվանելով ամեն հնարավորը, քանդելով բրոնզե արձանները:

Խորհրդային «ֆիրմային» գիծ

3

Իոսիֆ Բրոդսկին իր «Մեկից քիչ» էսեում մի ամբողջ էջ է հատկացրել պատերը ներկելու ավանդական խորհրդային ձևին.

«Այդ նախշը ձեզ դիմավորում էր ամենուր և խելքահան էր անում. քանի՜ անգամ եմ ես ինձ բռնեցրել այն բանի վրա, որ պլշած նայում եմ նեղ գծին՝ երբեմն այն ծովային հորիզոնի տեղ դնելով, երբեմն էլ՝ մաքուր անէության մարմնացման»:

Բոլոր պետական հաստատություններում պատերն այսպես էին ներկում. կապտամոխրագույն յուղաներկ՝ հատակից մինչև աչքերի մակարդակ,  դրանից վերև՝ սպիտակ ներկ:

Այդ «խորհրդնշական» գիծը Բաքվում գտնելը շատ բարդ էր: Ամեն ինչ մի քանի անգամ վերանորոգվել էր. ո՞ւմ մտքով կանցներ պահպանել այդ տարօրինակ դիզայնը: Սակայն այն գերազանց արտահայտում է խորհրդային ժառանգությունը. ամեն ինչի անխնա ստանդարտացում և պաթոսային կայսերական էսթետիկա:

Լուսանկարն արված է Բաքվի Սաբունչի շրջանի լքված մանկական պոլիկլինիկայում:

Երևան

Խորհրդային զինանշան կայարանում

4

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Երևանի երկաթուղային կայարանը, որի դիմաց Սասունցի Դավթի արձանն է, բացվել է 1956թ-ին, սակայն առանց այսօրվա հանրահայտ «սրաձողի»: Չնայած որ նախագծում այդ դեկորատիվ աշտարակը կար, այն ժամանակ որոշվեց, որ դա լրացուցիչ ծախսերի աղբյուր է: 55 մ բարձրությամբ աշտարակն ավելացվել է միայն տարիներ անց, իսկ գագաթին մինչ այսօր ԽՍՀՄ զինանշանն է:

Եվս մեկ խորհրդային զինանշան 

5

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Նախկին Լենինի հրապարակում, որն այժմ կոչվում է Հանրապետության հրապարակ, պահպանվել է ԽՍՀՄ հիմնական խորհրդանիշներից մեկը՝ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության՝ վարդագույն տուֆի վրա քանդակած զինանշանը: Այն գտնվում է Հայաստանի կառավարության շենքի մուտքերից մեկի վրա: Տուֆի վրա հետևյալ գրառումն է պահպանվել. «Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն», ինչպես նաև ԽՍՀՄ գլխավոր և ամենահայտնի կարգախոսը՝ «Պրոլետարնե՛ր, բոլոր երկրների, միացե՛ք»:

Եվս մեկ Լենին

6

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Լենինի գլխատված արձանը Հայաստանի Ազգային պատկերասրահի ետնաբակում է ընկած: Այն տեղադրվել է Հանրապետության հրապարակում 1940թ-ին, ապամոնտաժվել՝ 1991թ-ի ապրիլի 13-ին: Իսկ պատվանդանը, որի վրա կանգնած էր Լենինը, հրապարակից հեռացվել է միայն 1996թ-ին:

Սուխում

Հարցումը նկարահանել է Անահիտ Գոգորյանը

 Թբիլիսի

Խճանկար

7

Լուսանկարները՝Յանա Կորբեզաշվիլի

Այս խճանկարը Թբիլիսիից մեկ ժամ հեռավորության վրա գտնվող Ցխվարիճամիա ավանի ավտոբուսային կանգառում է: Այն ամառանոց մեկնելու համար միշտ ամենահայտնի վայրն է եղել: Իսկ խորհրդային դպրոցականներն այստեղի պիոներական ճամբարներում մի ամբողջ ամառ էին անցկացնում: Անտառ, սարեր և շատ մաքուր օդ: Այն ժամանակաշրջանի մարդիկ սիրում են սոցցանցերում հիշել համեղ կոտլետներն, առավոտյան մարմնամարզությունն ու առաջին սերը: Իսկ այս սովորաբար ամայի կանգառում հանգստյան օրերին՝ առավոտյան, երեխաներ էին խմբվում, ծնողներին էին դիմավորում, որոնք գալիս էին նրանց տեսակցելու:

Խորհրդային տանկ

8

Լուսանկարները՝Յանա Կորբեզաշվիլի

Այս 22-ամյա աղջկա անունը Թաթիա Մուրաչաշվիլի է, և նա հավանաբար Վրաստանում Ստալինի ամենաերիտասարդ մեծարողներից է: Դիրք է զբաղեցրել խորհրդային տանկի վրա՝ Ստալինի նկարով վերնաշապիկով: Թաթիան մեծն առաջնորդի մոլի երկրպագուի թոռ է: Տանկը Թբիլիսիում է՝ «Կուկիա» գերեզմանոցում: Եվ ոչ ոք չի հիշում, թե ինչպես և այն այդտեղ հայտնվել:

Եվ կրկին Լենին: Ավելի ճիշտ՝ Լենիններ

9

Լուսանկարները՝Յանա Կորբեզաշվիլի

Թբիլիսիի ծայրամասում է գտնվում «Լիլո» հագուստի հսկայական շուկան: Խորհրդային տարիներին այստեղ մի քանի գործարաններ ու արտադրամասեր կային, և դրանցից մեկում առաջնորդների, շարքային խորհրդային աշխատավորների և աշխատանքի հերոսների արձանների և կիսանդրիների համար դետալներ էին պատրաստվում: Այսօր այս արտադրամասը դեռ կա, սակայն լքված է և փոշով ծածկված: Լենիններն ու Ստալինները մոտակայքում գտնվող աղբավայր են նետվել:

Հարցումը նկարահանել է Խաթիա Գոգոխիան

Ցխինվալ

Հրոական խանութ

10

Լուսանկարները՝Իրինա Յանովսկայա

«ՀԱՑ» ցուցանակով № 22 խանութը գտնվում է այսպես կոչված «հրեական թաղամասում»՝ Գագլոևի 13 հասցեում (նախկին Թելմանի փողոց): Խորհրդային տարիներին այստեղ մեծ հրեական համայնք կար, և թաղամասը Ցխինվալի տեսարժան վայրերից էր: Գրեթե ողջ համայնքը հեռացավ 1989թ-ին, երբ վրաց-օսական դիմակայությունն արդեն ակնհայտ էր:

Իրինա Պարաստաևան այժմ 64 տարեկան է, և հիշում է այդ խանութը 4 տարեկանից: Նա իր տատի՝ Սոնյայի հետ Զնաուրի շրջանի Բակատիկաու գյուղից Ցխինվալ էր գալիս տատի տալի՝ Եվայի մոտ, որն ապրում էր խանութից ոչ հեռու Գոգեբաշվիլի նրբանցքում: Եվան ամուսնացած չէր և միշտ պարծենում էր, որ 17 տարեկանից կուսակցության անդամ է:

Այն տարիներին խանութում կտորեղեն էր վաճառվում, իսկ տերը տեղացի հրեական մի ընտանիք էր: Սովորաբար կտորեղենից բացի այդ խանութում ոչինչ չէին վաճառում, սակայն մի անգամ Իրինան խանութի ցուցափեղկերից մեկում փոքր տիկնիկ է նկատում և տատին խնդրում, որ գնի: Սակայն վաճառողը հրաժարվում է վաճառել այն, քանի որ այն խոտանված էր, իսկ Իրինան մինչև հիմա հիշում է, թե որքան վիրավորական էր դա: Նա այն ժամանակ ճյուղեր է գտել, տիկնիկի ոտքեր սարքել, գլուխ և ձեռքեր, կտորով պատել է և հետո երկար խաղացել է դրանով:

1970-ականներից հետո խանութը վերածվեց մթերայինի, վաճառասեղանների ձախ կողմում մթերք էր, իսկ աջում՝ հաց էին վաճառում: Այն վերջնականապես դադարեց աշխատել այն բանից հետո, երբ տուժեց 2008թ-ի օգոստոսյան պատերազմի ժամանակ:

Հյուրանոց «Իրիստոն»

11

Լուսանկարները՝Իրինա Յանովսկայա

«Իրիստոն» հյուրանոցը կառուցվել է տխրահռչակ 1937թ-ին: Գեորգի Բետեևն այստեղ է մնացել 1957թ-ին, երբ Թբիլիսիից գործուղվել է Կվայսա, որտեղ էլ մոտ մեկ տարի աշխատել է որպես հանքային վարչության կապի պետ և հաճախ է Ցխինվալ այցելել: Պատմում է, որ հաճույքով էր Ցխինվալում մնում, քանի որ քաղաքը մաքուր էր և շատ հանգիստ: Նա հիշում է նաև հյուրանոցից ոչ հեռու գտնվող գինու կետը և որ շուկայում կարելի էր գտնել ամեն ինչ շատ էժան գնով՝ խաբիժիններից մինչև տապակած խոճկոր:

Ուղղաթիռ 

12

Լուսանկարները՝Իրինա Յանովսկայա

Բամում (Ցխինվալի թաղամասերից մեկը) ուղղաթիռ է տեղադրվել 1970-ականներին: Այն ժամանակ դա Վրաստանի Հարավօսական ինքնավար շրջանն էր, և այստեղ ուղղաթիռային գունդ էր տեղակայված՝ Նիկոզի գյուղից ոչ հեռու: Շտաբը Շանհայի (Ցխինվալի թաղամասերից մեկը) ծայրում է: Իսկ օդաչուների համար տները կառուցվել էին Բամու]

Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ.


Կարդալ ավելին JAMnews-ում