Ժեստերի լեզվի թարգմանիչների պակասի հետևանքով խուլ մարդիկ ՀՀ-ում չեն կարողանում կրթություն ստանալ
Թույլ լսող մարդկանց կրթություն ստանալու խոչըդոտները
Հայաստանում ապրում է շուրջ 197 000 հաշմանդամություն ունեցող մարդ, նրանցից 3200–ը խուլ են։ Սրանք պաշտոնական տվյալներն են․ այս մարդիկ ունեն փաստաթղթավորված հաշմանդամություն։ Փորձագետները պնդում են, որ թույլ լսողների թիվն անհամեմատ մեծ է, բայց այն անհայտ է։
«Հայաստանի խուլերի միավորումում» գրանցված է 600 մարդ։ Նրանց 95%-ը մշտական աշխատանք չունի։ Բայց խնդիրը ոչ միայն աշխատաշուկան և գործատուների կարծրատիպային մտածելակերպն է, այլև կրթության բացակայությունը։ Այս մարդիկ, խոշոր հաշվով, դուրս են մնում թե՛ հանրակրթությունից, թե՛ միջին մասնագիտական և բարձրագույն կրթության համակարգերից։
Լսողության խնդիր ունեցողների կրթական խնդիրների մասին JAMnews-ին պատմել են հենց իրենք։ Ներկայացնում ենք նաև փորձագիտական կարծիք։
- Հայաստանում հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին անձնական օգնական կտրամադրեն
- «Ունես հաշմանդամություն, չունես իրավունք»․ հավասարության իրական պատկերը Հայաստանում
- Երևանում շտապ օգնության աշխատանքի մասին․ պատմություններ, տեսանյութ
«Կսովորեմ՝ բոլորից էլ լավ»
«Իմ երազանքը կատարվեց, բայց ոչ ամբողջությամբ։ Այսօր ես սովորում եմ քոլեջում, բայց, ցավոք, ոչ այն բաժնում, որի մասին երազում էի։ Ես շատ էի ուզում հաշվապահ դառնալ, բայց ստիպված ընդունվեցի հաշվողական տեխնիկայի բաժին։ Դա բացառիկ հնարավորություն էր, որը չուզեցի բաց թողնել, որովհետև մինչ այդ պահը ոչ ոք մեր խուլերից նման հնարավորություն չէր ունեցել»,– պատմում է Հովհաննես Հարությունյանը։
Հնարավորությունն իրոք բացառիկ էր։ Շուրջ մեկ տարի Երևանի պետական հումանրիտար–տեխնիկական քոլեջում 4 խուլ սովորողներ ունեին ժեստերի լեզվի թարգմանչի աջակցություն։
Հովհաննեսն ասում է՝ սկզբում շատ էր դժվարանում, բայց թարգմանչի օգնությամբ շատ արագ կարողացավ ամեն բան հասկանալ և սովորել։ Խոստովանում է՝ դա չօգնեց սիրել մասնագիտությունը, բայց ինքը հասկացավ՝ եթե լինեն հնարավորություններ, հաստատ կսովորի։
«Երեք խուլ տղաներով մի կերպ ընդունվեցինք քոլեջ, «Հաշվողական տեխնիկա» բաժինը։ Ասում եմ՝ մի կերպ, որովհետև, եթե միավորման աշխատողները չօգնեին, հաստատ չէինք կարողանա։ Մեզ հետ մեկ աղջիկ էլ կար, որ ընդունվեց գործավարական։ Այդ ամիսներին, երբ ժեստերի լեզվի թարգմանիչ Ժաննան մեզ հետ էր, ամեն ինչ շատ ավելի հեշտ էր ստացվում։ Նա հասցնում էր բոլորիս օգնել, թարգմանել։ Երբ հաստիքը փակվեց, դասընկերներս էին փորձում օգնել։ Բոլորը իմ փոխարեն գրում էին դասախոսությունները, հետո տալիս ինձ, որ սովորեմ։ Հատկապես աղջիկները շատ հոգատար էին։ Բայց առանց թարգմանչի շատ դժվար էր։ Սրտիս մեջ էլ կրակ չկար՝ սովորելու համար»,– պատմում է Հովհաննեսը։
Ասում է՝ եթե մյուս ուսումնական տարում ժեստերի լեզվի թարգմանչի հաստիք բացվի, անպայման կտեղափոխվի հաշվապահական բաժին ու կսովորի՝ բոլորից էլ լավ, որովհետև գիտի՝ իր ապագան նաև դրանից է կախված, հատկապես, որ արդեն ընտանիք ունի։
Հավասարում՝ միայն անհայտներով
Հովհաննեսին և մյուս դիմորդներին ընդունվել օգնեցին «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ աշխատակիցները։ Միավորման համակարգող Արևիկ Հովհաննիսյանի խոսքով՝ երեք տարի առաջ իր մոտ հարց ծագեց՝ քանի՞ խուլ մարդ է սովորում Հայաստանի միջին մասնագիտական և բարձրագույն կրթական հաստատություններում։ Պարզվեց, որ այդ հարցի պատասխանը Հայաստանում ոչ ոք չգիտի։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ նման տվյալի չեն տիրապետում։ Փոխարենը տեղեկացրել են․
««Մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության» կարգի 37-րդ կետի համաձայն՝ միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունելության վճարովի համակարգի առնվազն անցումային միավորներ հավաքած՝ ֆունկցիոնալության ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող (1-ին և 2-րդ խմբի, ինչպես նաև մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամություն ունեցող) ուսանողների համար յուրաքանչյուր տարի պահուստային տեղերից հատկացվում է շուրջ 80 անվճար ուսուցման տեղ»:
Թե այս տեղերից քանիսն է զբաղված, նախարարությունում չգիտեն։
Արևիկ Հովհաննիսյանն ասում է՝ միավորումը սեփական նախաձեռնությամբ փորձել է պարզել միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող խուլ մարդկանց թիվը։ Այս պահին գիտեն 17 սովորողի մասին։
Համակարգողը հիշում է՝ 2023 թ․–ին միավորումը դրամաշնորհային ծրագրի շրջանակում մասնագիտական կողմնորոշման դասընթաց էր իրականացնում խուլ կամ թույլ լսող երիտասարդների համար։ Այդ ընթացքում հասկացան՝ բազմաթիվ երիտասարդներ կան, որոնք պոտենցիալ, նպատակներ և կրթության ցանկություն ունեն։ Փորձեցին նախ և առաջ աջակցել ընդունելության հարցում։ Հերթով զանգահարեցին միջին մասնագիտական կրթական հաստատություններ՝ մանրամասներն իմանալու համար։
«Քոլեջներից մեկի տնօրենն ուղղակի մեզ խորհուրդ տվեց անգամ առցանց ընդունելության հայտը չլրացնել, որովհետև որևէ խելամիտ հարմարեցում խուլ կամ թույլ լսող անձանց համար նախատեսված չէ։ Այսինքն՝ եթե անգամ մարդը ընդունվեր, կրթության հարցում որևէ աջակցություն ակնկալել չէր կարող։ Մեկը, երկրորդը, երրորդը․ հերթով բոլորը մերժեցին մեզ»,– պատմում է Հովհաննիսյանը։
Երկարատև որոնումներից հետո գտնվեց քոլեջ, որը պատրաստ էր ընդունել խուլ երիտասարդներին։
Երևանի պետական հումանրիտար–տեխնիկական քոլեջում սրտաբաց ընդունեցին 4 նոր սովորողներին, որոնց համար այդ պահին որևէ աջակցող մեխանիզմ նախատեսված չէր։ Հովհաննիսյանը պատմում է՝ զուգահեռաբար քննարկումներ էին ընթանում ԿԳՄՍ նախարարության համապատասխան վարչության հետ՝ գոնե այս 4 սովորողների համար ժեստերի լեզվի թարգմանչի հարցը լուծելու վերաբերյալ․
«Քննարկումների ընթացքում մեզ խոստացվեց, որ համապատասխան հաստիք կառանձնացվի քոլեջում։ Մենք մեր կողմից առաջարկեցինք, որ մինչ թղթաբանական հարցերը լուծվեն, մեր թարգմանիչը կամավորության սկզբունքով կաշխատի այս երիտասարդների համար։ 4 ամիս թարգմանիչ Ժաննա Ցականյանն աշխատեց քոլեջում՝ ապահովելով մեր խուլ երիտասարդների համար կրթական պատշաճ միջավայր՝ բոլորովին անվճար։
Արդեն հունվարին մեզ պատասխանեցին, որ ժեստերի լեզվի թարգմանչի խոստացված հաստիքը չի լինի։ Պատճառաբանեցին, որ համապատասխան մասնագետներ չունեն։ Դրանից հետո մենք բազմաթիվ դիմում–բողոքներ ենք գրել նախարարություն և ՄԻՊ։ Դա համընկավ «Խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգի» հաստատման հետ, և Հումանիտար–տեխնիկական քոլեջում մարտ ամսից առանձնացվեց ժեստերի լեզվի թարգմանչի հաստիք՝ մինչև ուսումնական տարվա վերջ։ Իսկ սեպտեմբերին երևի նորից պայքար կլինի՝ ամեն նոր սովորողի իրավունքի համար»։
Մասնագետ չկա, որ մասնագետ կրթի
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանն ասում է, որ ավանդաբար մասնագիտական կրթական համակարգերն ավելի անպատրաստ են ներառականությանը, քան, օրինակ, հանրակրթությունը։ Կա որոշակի դիմադրություն, չհասկացվածություն, թե ինչո՞ւ է անհրաժեշտ մասնագիտական կրթության ոլորտում ներառականություն ապահովելը․
«Միայն վերջին տարիներին որոշակի օրենսդրական փոփոխություններ եղան։ Ընդունվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքը, փոփոխություններ կատարվեցին «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում։ Դրա մեջ մեր ջատագովության արդյունքում տեղ գտան հոդվածներ, որոնք երաշխավորում էին սովորողի՝ ներառական կրթություն ստանալու իրավունքը նաև կրթական այս մակարդակներում։ Տարիներ շարունակ այս հարցը դուրս է մնացել օրակարգից։ Նվազագույն անհրաժեշտ գործողություններն անգամ չեն արվել՝ ուսանողների կրթական իրավունքներն ապահովելու համար»,– ասում է նա։
Հովսեփյանը շեշտում է՝ խուլ կամ թույլ լսող անձանց կրթության հարցում հիմնական խնդիրը ժեստերի լեզվի թարգմանիչների պակասն է։
Հայաստանում ժեստերի լեզվի թարգմանիչների համար նախատեսված որևէ կրթական ծրագիր չկա։ Ժեստերի լեզու սովորում են հիմնականում կենցաղային անհրաժեշտությունից ելնելով։ Եվ դա, բնականաբար, որևէ կերպ չի փաստաթղթավորվում։ Այսօր Հայաստանում ժեստերի լեզվի թարգմանիչներին կարելի է մեկ ձեռքի մատների վրա հաշվել։
Փորձագետն ասում է՝ միայն այս տարի է սայլը տեղից շարժվել։ ԿԳՄՍ նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որն աշխատում է «ժեստերի լեզվի թարգմանիչ» մասնագիտական կրթական ծրագիր ներդնելու ուղղությամբ․
«Այսօր մեր խումբն աշխատում է անհրաժեշտ փաստաթղթերի վրա, որպեսզի ամենաուշը 2026 թ․–ի սեպտեմբերին մենք վերջապես ունենանք ժեստերի լեզվի թարգմանիչ պատրաստելու կրթական ծրագիր։ Այսօր Հայաստանում միակ մարդիկ, որ կապ ունեն խուլ կամ թույլ լսող անձանց կրթության հետ, սուրդոմանկավարժներն են։ Բայց նրանք մանկավարժական կրթություն են ստանում, իսկ մենք կարիք ունենք թարգմանիչների, ովքեր այլ մասնագետների՝ մանկավարժների, դասախոսների, վարպետների խոսքը կթարգմանեն ժեստերի լեզվով։ Մյուս հիմնախնդիրը կրթական բովանդակության ադապտացիան է, որովհետև բառացի թարգմանության և կրթական ծրագիրը սովորողների կարիքներին չադապտացնելու արդյունքում կրթության որակը էապես կտուժի»։
Ըստ նրա՝ համակարգային ամենամեծ խնդիրներից է նաև հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ տվյալների բացակայությունը կամ դրանց հատվածականությունը։ Ստացվում է, որ որոշում կայացնողները դա անում են առանց հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման, կամ նրանց իրավունքների իրացման վերաբերյալ իրական պատկերի գիտակցման։
«Պետությունն այս պահին որևէ տվյալ չունի նույնիսկ մասնագիտական կրթության համակարգում հաշմանդամություն ունեցող անձանց թվի վերաբերյալ։ Մինչդեռ տվյալները նվազագույն անհրաժեշտ պայմանն են որակյալ քաղաքականություններ, ծրագրեր և ծառայություններ մշակելու համար։ Եթե պետությունը տվյալներ չունի մասնագիտական կրթության համակարգում հաշմանդամություն ունեցող սովորողների վերաբերյալ, ինչպե՞ս կարող է աշխատաշուկայի արդյունավետ քաղաքականություն մշակել այս մարդկանց համար»,– հարց է բարձրացնում Մուշեղ Հովսեփյանը։
Երբ կրթությունը միայն անհատական ջանքի արդյունք է
Աստղիկ Ալավերդյանը թույլ լսող անձ է։ Ծնունդով Ղարաբաղից է։ Սովորել է Ճարտարի դպրոցում։ Ասում է՝ դպրոցական կրթությունը ստացել է ծնողների օգնությամբ։ Տարրական դասարաններում իր հետ աշխատել են նաև լոգոպեդն ու սուրդոմանկավարժը։ Դասընկերները ևս օգնել են․ հատուկ սովորել էին ժեստերի լեզվով մի քանի բառ, որ կարողանան օգնել Աստղիկին։ Եվ չնայած բոլոր ջանքերին, մինչև 6–րդ դասարան չի կարողացել նախադասություն կազմել։
«Խուլ կամ թույլ լսող երեխայի համար կրթական հնարավորությունները շատ սահմանափակ են։ Եվ, եթե չլինեին ծնողներս, ես մինչ օրս էլ չէի կարողանա նախադասություն կազմել, հաղորդակցվել։ Իսկ այսօր արդեն բարձրագույն կրթություն ունեմ։ Կրթական հնարավորությունների պակասը խուլերի համար շատ ցավալի է, որովհետև կրթությունը միակ բանն է, որ քո առաջ դռներ է բացում»,– ասում է նա։
Հենց դպրոցական տարիներին է հասկացել, թե ինչ մասնագիտություն է ընտրելու։ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի շրջանավարտը մասնագիտությամբ սուրդոմանկավարժ է։
Աստղիկն ասում է՝ սովորրելիս իր համար ամենազարամանալին այն էր, որ անգամ լսողական խանգարում ունեցող երեխաների մտավոր և ֆիզիկական զարգացումն ապահովող ապագա մանկավարժների համար համալսարանում սուրդոթարգմանչ նախատեսված չէր․
«2020 թ․–ի սեպտեմբերին հեռավար եմ միացել դասերին՝ պայմանավորված Քովիդ համավարակով։ Հեռավար կրթությունն ինձ մեծ դժվարությամբ էր տրվում, քանի որ էկրանից հաճախ շատ դժվար է լինում շուրթերից ընթերցելը։ Կային դասախոսներ, որ փորձում էին սահիկներ օգտագործել դասախոսության ընթացքում, ինչը զգալիորեն հեշտացնում էր սովորելու ընթացքը։ 44–օրյա պատերազմից հետո տեղափոխվեցի Երևան, բայց դա էլ խնդրի լուծում չէր, որովհետև բոլորը դեռ դիմակներ էին կրում, ինչը թույլ լսող կամ խուլ մարդու համար իսկական փորձություն է։
Ծնողներս պատմեցին, որ կան թափանցիկ դիմակներ, որոնք նախատեսված են հենց մեզ համար։ Սկսեցի դրանք կրել, որովհետև հաճախ իմ խոսքն էլ դիմակի պատճառով հասկանալի չէր դասախոսներիս։ Հիշում եմ՝ մի անգամ դասախոսներիցս մեկը փորձեց սրամտել, հարցրեց՝ թափանցիկ դիմակ եմ կրում, որ գեղեցիկ շուրթերս երևա՞ն։ Կարող եմ ասել, որ կրթությունս ինձ տրվել է բացառապես իմ աշխատասիրության և կուրսընկերներիս ահռելի օգնության շնորհիվ։ Ես թույլ լսող եմ, որոշ չափով կարող եմ ընկալել բանավոր խոսքը, իսկ ի՞նչ անեն խուլ մարդիկ»։
Աստղիկը վստահ է՝ եթե խուլերի համար կրթական հավասար հնարավորություններ ապահովվեն, բազմաթիվ սոցիալական և հոգեբանական խնդիրներ ուղղակի կվերանան։ Այսօր խուլերի միակ եկամուտը հաշմանդամության կենսաթոշակն է, որը շուրջ 2 անգամ քիչ է նվազագույն սպառողական զամբյուղից։
«Շատ եմ ցավում, բայց այս մարդիկ ապրելու համար երբեմն դիմում են քայլերի, որոնք դուրս են բարոյականության մեր ընկալումներից՝ գողություն, անպատշաճ սոցիալական վարք և այլն։ Իսկ եթե ստանային կրթություն, նրանք կկարողանային ապահովել իրենց և իրենց ընտանիքների տարրական կենցաղը իրենց աշխատանքով»,– ասում է Աստղիկը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Թույլ լսող մարդկանց կրթություն ստանալու խոչըդոտները