«Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչ, վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը հրապարակայնորեն Ռուսաստանին «թշնամի» չի անվանում, քանի որ դա քաղաքական հայտարարություն է, որին պետք է հաջորդեն համապատասխան քայլեր։
Լրագրողը Կոբախիձեին հարցրել է, թե արդյոք Վրաստանի կառավարությունը Ռուսաստանին թշնամի է համարում։ Վարչապետն արձագանքել է հետևյալ կերպ․
«Ձեր հարցերն ամոթալի են, ծիծաղելի տպավորություն եք թողնում։ Ես պարզ լեզվով կբացատրեմ, թե ինչու է այդ հարցն ամոթալի. դուք ուզում եք վերնագիր (նույնիսկ ռուսական լրատվամիջոցներում) այն մասին, որ ես Ռուսաստանի Դաշնությունը թշնամի եմ հռչակում։ Դա կոնկրետ քաղաքական հայտարարություն է, որին պետք է հաջորդեն կոնկրետ քայլեր՝ մոտավորապես կամ ճիշտ նույնը, ինչ ձեր կուսակցությունը [նկատի ունի Միացյալ ազգային շարժումը,- JAMnews] ձեռնարկել է 2008 թ․-ին և ավելի վաղ»։
Լրագրողը խնդրել է հստակեցնել՝ արդյո՞ք հենց դա է պատճառը, որ կառավարությունը խուսափում է բացահայտ կերպով Ռուսաստանին թշնամի անվանելուց։
«Իհարկե, պե՞տք է նորից կրկնեմ»,— պատասխանել է Կոբախիձեն։
Կոբախիձեն անդրադարձել է նաև Ռուսաստանի կողմից վրացական տարածքների օկուպացիայի թեմային, վերահաստատել, որ Ռուսաստանի Դաշնությունն օկուպացրել է Վրաստանի տարածքի 20%-ը։
«Իհարկե, Վրաստանի տարածքները օկուպացնող միակ պետությունն ու կողմը Ռուսաստանի Դաշնությունն է։ Դա բացարձակապես ակնհայտ փաստ է։ Այդ հարցի վերաբերյալ բազմաթիվ հայտարարություններ են արվել, և այդ փաստը կասկածից վեր է»,— ընդգծել է Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքի օկուպացիան «վրացական պետության և վրաց ժողովրդի դեմ ուղղված հանցագործություն է»։
«Դա աղաղակող հանցագործություն է. նախ օկուպացիա, ապա, այսպես կոչված, ճանաչում»,- հայտարարել է նա։