ԵՄ տարեկան զեկույցը. մարդու հիմնարար ազատությունների «լուրջ սահմանափակումներ» Ադրբեջանում
ԵՄ զեկույցը Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ
ԵՄ-ն նշում է, որ 2025 թ․-ին Ադրբեջանում մարդու իրավունքների և ժողովրդավարության իրավիճակը շարունակում է բնութագրվել որպես «լուրջ խնդիրներ» ունեցող։ Մատնանշվում են, մասնավորապես՝ քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ազատության սահմանափակումները, դատական համակարգի անկախության վերաբերյալ մտահոգություններն ու կառուցվածքային բարեփոխումների իրականացման գործում սահմանափակ առաջընթացը։
Ըստ Եվրամիության «Մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունն աշխարհում» 2025 թ․-ի տարեկան զեկույցի՝ պետական կառավարման ընդհանուր իրավիճակը շարունակում է մնալ սահմանափակող։
Զեկույցում նշվում է, որ օրենսդրական, վարչական և դատական մեխանիզմները «լրջորեն սահմանափակում են» հիմնարար ազատությունների իրականացումը։
Միևնույն ժամանակ, նշվում է, որ որոշակի ոլորտներում արձանագրվել է առաջընթաց, մասնավորապես՝ մանկական ամուսնությունների քրեականացումը, գենդերային հավասարությունն ապահովելու նոր միջոցառումներն ու կոռուպցիայի դեմ պայքարը։
Ադրբեջանում 2025 թվականի իրավիճակի գնահատականը քննադատական, բայց հավասարակշռված բնույթի ունի։
Քաղհասարակությունը` ճնշման տակ
2025 թվականին քաղաքացիական հասարակության կազմակերպությունները շարունակել են գործել սահմանափակումների պայմաններում։
ԵՄ-ն նշում է, որ 2017 թվականին ընդունված «Ոչ կառավարական կազմակերպությունների մասին» օրենքը մնում է ուժի մեջ։ Գրանցման, հաշվետվությունների և դրամաշնորհների հաստատման պահանջները շարունակում են սահմանափակել անկախ կազմակերպությունների գործունեությունը։
Տեղական կազմակերպությունները հայտնել են վարչական մշտական ճնշման և վերահսկողության ուժեղացման մասին։
Նրանց գործունեության պայմանների վրա ազդել է նաև ՄԱԿ-ի մի շարք գործակալությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի դուրսբերումը երկրից։ Սա նվազեցրել է միջազգային մշտադիտարկման և աջակցության տրամադրման հնարավորությունները։
ԵՄ-ն հայտարարում է, որ շարունակում է աջակցել քաղհասարակությանը, անկախ ԶԼՄ-ներին և իրավապաշտպաններին, այդ թվում՝ մարդու իրավունքների մշտադիտարկման ծրագրերի և խոցելի խմբերին իրավաբանական օգնության տրամադրման միջոցով։
Դատական համակարգի վիճակի և օրենքի գերակայության վերաբերյալ մտահոգություններ
Եվրամիության գնահատմամբ՝ օրենքի գերակայության և դատական համակարգի անկախության հետ կապված խնդիրները պահպանվում են։
Դատարանները քաղաքականապես զգայուն գործեր քննելիս բավարար անկախություն չունեն։
Զեկույցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները նշվում են որպես այս շարունակական խնդիրների կարևոր ցուցիչ։
2025 թ․-ին ՄԻԵԴ-ն Ադրբեջանին վերաբերող գործերով կայացրել է 39 վճիռ, որոնցից 38-ում խախտումներ է հայտնաբերել։ Գործերը հիմնականում վերաբերվել են արդար դատաքննության իրավունքին, ազատազրկումներին, ինչպես նաև արտահայտման և հավաքների ազատությանը։
Նշվում է նաև, որ Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ-ի որոշումների չկատարումն ազդել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հետ երկրի հարաբերությունների վրա։
Ընտրական համակարգը մնում է անփոփոխ
ԵՄ-ն նշում է, որ Ադրբեջանի ընտրական համակարգը փոփոխությունների չի ենթարկվել նաև 2025 թ․-ին։
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի և Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի վաղեմի առաջարկությունները կյանքի կոչելու ուղղությամբ լուրջ բարեփոխումներ չեն իրականացվել։
Զեկույցում այս ոլորտում առաջընթացի բացակայությունը նշվում է որպես Ադրբեջանի ժողովրդավարական զարգացմանը խոչընդոտող մշտական խնդիրներից մեկը։
Առաջընթաց որոշ ոլորտներում
ԵՄ զեկույցում մատնանշվում են նաև մի շարք օրենսդրական փոփոխություններ։
2025 թ․-ի հուլիսին Ադրբեջանը քրեականացրեց մանկական ամուսնությունները։
Իշխանությունները հաստատեցին 2026-2028 թվականների համար նախատեսված Գենդերային հավասարության ազգային գործողությունների ծրագիրն ու փոփոխություններ մտցրեցին Կոռուպցիայի դեմ պայքարի մասին օրենքում։
Փոփոխությունները ներառում են դրույթներ ինֆորմացիա տրամադրողների պաշտպանության և կոռուպցիոն ռիսկերի կառավարման վերաբերյալ։
Սակայն ԵՄ-ն նշում է, որ այս միջոցների կիրառումը շարունակում է լինել անհամաչափ։
Երկխոսությունը շարունակվում է, բարեփոխումները սահմանափակ են
2025 թվականի ընթացքում ԵՄ-ն կանոնավոր շփումներ է պահպանել Ադրբեջանի իշխանությունների հետ։
Դրանց թվում են եղել հանդիպումներ Արտաքին գործերի նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի հետ։
Քննարկումները ներառել են դատական բարեփոխումները, լրատվամիջոցների ազատությունը, բանտարկյալների վիճակը, կրոնական փոքրամասնությունների իրավունքները, գենդերային հավասարությունն ու կոռուպցիայի դեմ պայքարը։
ԵՄ-ն բարձրացրել է նաև այն անձանց հարցը, որոնց իրենց հիմնարար իրավունքներն իրացնելու համար ձերբակալել են կամ արգելել են լքել երկրի տարածքը։
Մարդու իրավունքների հարցերը քննարկվել են նաև պետական կառավարման, արդարադատության և սոցիալական քաղաքականության վերաբերյալ ոլորտային երկխոսություններում։
Այնուամենայնիվ, չնայած փոխգործակցության ուղիների պահպանմանը՝ ԵՄ-ն նշում է, որ «կառուցվածքային բարեփոխումների առաջընթացը մնում է սահմանափակ»։
Մեդիայի ազատություն և հիմնարար իրավունքներ
Մեդիայի ազատությունն ու արտահայտման ազատությունը շարունակում են մնալ այն ոլորտների շարքում, որոնք ԵՄ-ն մշտադիտարկման է ենթարկում։
Զեկույցում նշվում է, որ ամբողջ տարվա ընթացքում ԵՄ-ն ուշադրությամբ հետևել է թվային իրավունքների, խոսքի ազատության և լրատվամիջոցների ազատության ոլորտներում իրավիճակին։
ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերն աջակցել են անկախ լրատվամիջոցներին, մարդու իրավունքների մշտադիտարկմանը, իրավաբանական օգնությանը, գենդերային հավասարությանն ու երեխաների իրավունքների պաշտպանությանը։
ԵՄ-ն շարունակել է աջակցել քաղհասարակությանն ու իրավապաշտպաններին, որոնք գործունեություն են ծավալում սահմանափակումների պայմաններում։
Ադրբեջանը միջազգային հարթակներում
ԵՄ-ն շարունակել է միջազգային կազմակերպություններում բարձրացնել Ադրբեջանում մարդու իրավունքների հարցերը։
ԵՄ-ն ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեի 80-րդ նստաշրջանի ընթացքում անդրադարձել է քաղաքացիական հասարակության գործունեության համար միջավայրի, դատական անկախության և ԶԼՄ-ների ազատության հարցերին։
Շարունակվել է համագործակցությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ, ներառյալ Ադրբեջանի հաջորդ համընդհանուր պարբերական վերանայման (2026-27 թվականների) նախապատրաստական աշխատանքները։
Եվրոպայի խորհրդում ԵՄ-ն աջակցել է ՄԻԵԴ-ի որոշումների իրականացման մեխանիզմներին և համագործակցել է Վենետիկի հանձնաժողովի ու Մարդու իրավունքների հանձնակատարի հետ։
ԵԱՀԿ-ում ԵՄ-ն և նրա անդամ պետությունները մասնակցել են լրատվամիջոցների ազատության և ընտրական չափանիշների վերաբերյալ քննարկումների, ներառյալ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի աշխատանքի վրա ազդող սահմանափակումները։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ԵՄ զեկույցը Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ