«Նույնիսկ ատոմակայանի փակման դեպքում ՀՀ-ն լուրջ խնդիրների չի բախվի»․ արձագանք Ալիևին
Արձագանք AzTV-ին Ալիևի տված հարցազրույցին
«Ատոմակայանն ունի շահագործման ժամկետ։ Այդ ժամկետը չի որոշում ո՛չ Հայաստանի կառավարությունը, ո՛չ Ադրբեջանի կառավարությունը, ո՛չ էլ աշխարհում որևէ կառավարություն»,- Հայաստանի ԱԺ իշխանական պատգամավոր Արման Եղոյանն այսպես է արձագանքել Ադրբեջանի նախագահի հայտարարությանը։
AzTV-ին տված հարցազրույցում Իլհամ Ալիևը պնդել էր, թե Մեծամորի ատոմակայանը «հնացած է և պոտենցիալ սպառնալիք է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար»։ Նրա խոսքով՝ այն վաղ, թե ուշ պետք է հանվի շահագործումից, ինչից հետո ՀՀ-ն կարող է լուրջ էներգետիկ ճգնաժամի առաջ կանգնել։ Ադրբեջանի նախագահի փոխանցմամբ՝ Բաքուն պատրաստ է «էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուրով» ապահովել Հայաստանին։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչ Արման Եղոյանի բնորոշմամբ՝ «Ալիևը գյուտ չի արել», քանի որ վաղուց հայտաարված է՝ 2036 թվականն ատոմակայանի շահագործման թույլատրելի առավելագույն ժամկետն է։
«Մենք արդեն հայտարարել ենք, որ մտածում ենք նոր ատոմակայան կառուցելու մասին և բանակցություններ ենք վարում մի շարք միջազգային գործընկերների հետ»,- հիշեցրել է պատգամավորը։
Քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանի խոսքով՝ Ադրբեջանը փորձում է դիրքավորվել որպես մեծահոգի երկիր, որն, իբր, «տասնամյակներ շարունակ իր տարածքների օկուպացիայից» հետո պատրաստ է աջակցել Հայաստանին՝ լուծելու առկա խնդիրները։
Հիշեցնում է՝ սա նմանատիպ առաջին դեպքը չէ։ Ավելի վաղ էլ Բաքվից հայտարարել էին, թե Ադրբեջանը ՀՀ համար էներգակիրների հուսալի աղբյուր է։
Մելիքսեթյանի խոսքով՝ ներկա պահին Հայաստանում կա գերարտադրություն, էլեկտրաէներգիայի առկա պաշարները չեն սպառվում։ Շեշտում է՝ նույնիսկ Մեծամորի ատոմակայանի շահագործման դադարեցումից հետո երկիրը լուրջ խնդիրների չի բախվի։
«Պնդումը, որ Մեծամորի ատոմակայանի փակվելուց հետո ՀՀ էներգետիկ համակարգը ճգնաժամի առաջ կկանգնի, չի համապատասխանում իրականությանը»,- JAMnews-ի հետ զրույցում շեշտել է քաղաքագետը։
Վստահեցրել է՝ լրացուցիչ աղբյուրի կարիք ներկա պահին Հայաստանը չունի։ Թվարկել է՝ քննարկվում է նոր ատոմակայանի ծրագիրը, կան արևային էներգետիկայի զարգացման հնարավորություններ։ Բացի այդ, ըստ նրա, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկն ունի արտադրողական գրեթե նույն հզորությունը, ինչ Մեծամորի ատոմակայանը։ Պարզապես կա մեկ խնդիր՝ ատոմակայանն ավելի էժան էլեկտրաէներգիա է արտադրում։
Բոլոր մանրամասները՝ ի՞նչ է հայտարարել Ալիևը, հայ պատգամավորի արձագանքը, փորձագիտական կարծիք
- «Գլխավոր արդյունքն անվտանգային իրավիճակի բարելավումն է»․ վաշինգտոնյան գագաթնաժողովից 1 տարի անց
- Թուրքիան գործնական քայլերի է անցնում․ մեկնարկել է ՀՀ մտնող երկաթուղու վերականգնումը
- ՀՀ-ում մեկնարկել է TRIPP-ի համաձայնագրի վավերացման գործընթացը․ մանրամասնում է ԱԳ նախարարը
Ալիևը կրկին TRIPP-ն անվանել է «Զանգեզուրի միջանցք»
Նախիջևան կատարած այցի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել պետական AzTV հեռուստաընկերությանը։ Ատոմակայանի փակման թեմայից բացի Ալիևն անդրադարձել է նաև 2020 թ․-ի Ղարաբաղյան երկրորդ պատերազմին։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը որակել է որպես «կապիտուլյացիայի ակտ ՀՀ համար» և հավելել, թե այդ տերմինի մեջ պետք չէ փնտրել որևէ վիրավորական իմաստ։
Հարցազրույցում նա ծավալուն անդրադարձ է կատարել, մասնավորապես՝ Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ կապող հաղորդակցության թեմային և նշել, որ տարիներ շարունակ դա Բաքվի ռազմավարական նպատակներից մեկն է եղել։
Ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ինքն է պնդել «նման միջանցքի» վերաբերյալ դրույթ ամրագրվի 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Ալիևի փոխանցմամբ՝ ՀՀ-ն «դժկամությամբ», բայց համաձայնել է դրան, քանի որ «չուներ այլընտրանք»։
«Եթե պատերազմը շարունակվեր, Ադրբեջանը կորուստներ կկրեր, բայց ՀՀ կորուստները շատ ավելի մեծ կլինեին․ նրանց զորքերը, կարելի է ասել, շրջապատված էին, և նրանց լիակատար ոչնչացումը լիովին հնարավոր էր»,- մանրամասնել է նա։
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարության 9-րդ կետում խոսվում էր ոչ միայն Ադրբեջանը Նախիջևանին կապող հաղորդակցության, այլև առհասարակ տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործընթացի մասին։ Նշվում էր, որ տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:
Իլհամ Ալիևի գնահատմամբ՝ Հայաստանը հետաձգել է նոյեմբերի 9-ի համապատասխան կետի իրականացումը, չի ձեռնարկել գործնական քայլեր, այպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման համար։ Հայտարարության երրորդ կողմը՝ ՌԴ-ն, ըստ նրա, կամ ի վիճակի չի եղել ապահովել դա, կամ եղել են այլ պատճառներ։
«Մինչև անցյալ տարվա օգոստոսը այս հարցը սառեցված էր մնում։ Իրավիճակը փոխվեց, երբ Միացյալ Նահանգները զբաղվեցին խնդրով՝ մոտավորապես 2025 թ․-ի գարնանը: Եվ այդ ժամանակ հաջողությամբ մեկնարկեց նախագծի իրականացումը, որը կրում է TRIPP անունը»,- շեշտել է նա՝ նույնացնելով TRIPP-ն ու «Զանգեզուրի միջանցքը»։
Ալիևը նաև հայտնել է, որ TRIPP-ի շրջանակներում արդեն պատրաստ է Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծերի կառուցման նախագիծը։
Ասում է՝ ադրբեջանցի մասնագետները արդեն իսկ վերլուծել ու որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերի հենասյուները։ Ալիևը հույս է հայտնել, որ «Հայաստանն այդ գործընթացը չի ձգձգի, քանի որ դա ձեռնտու է նաև ՀՀ-ին»։
«Նման տերմինով ենթակառուցվածք ՀՀ տարածքում գոյություն չունի»․ ՀՀ ԱԺ պատգամավոր
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը մեկնաբանել է Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններն ու նշել, որ ՀՀ և Ադրբեջանի ստորագրած փաստաթղթերում, այդ թվում՝ նախաստորագրված խաղաղության պայմանագրում «Զանգեզուրի միջանցք» արտահայտություն չկա․
«Քաղաքական խոսույթի մակարդակում շատերը շատ բան կարող են ասել։ Մենք էլ ենք ասում, որ նման հասկացություն, նման տերմինով ենթակառուցվածք Հայաստանի Հանրապետության տարածքում գոյություն չունի»։
Պատգամավորը պնդել է՝ ՀՀ տարածքում գոյություն ունի TRIPP նախագիծը։ Եվ այն մեկնարկելու մասին հռչակագիրը 2025 թ․-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել են Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարները։
«Դրան հաջորդել են այլ փաստաթղթեր ևս, այդ թվում՝ օրեր առաջ հրապարակված եռակողմ համատեղ հայտարարությունը՝ օգոստոսի 8-ի համաձայնության մեկամյակի առիթով, և այնտեղ ևս այդ արտահայտությունը չկա»,- մանրամասնել է Եղոյանը։
Փորձագիտական կարծիք
«Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանն ասում է՝ երբ ադրբեջանական կողմը պարզաբանում է՝ ինչ է հասկանում «Զանգեզուրի միջանցք» ասելով, պարզվում է՝ նկատի ունեն Հորադիզից դեպի Նախիջևան, ապա Թուրքիա գնացող երկաթուղին։ Մյուս կողմից, նկատում է՝ Ալիևի հարցազրույցներում գործածվում է նաև TRIPP անվանումը, մի քանի անգամ հանդիպում են նաև «Հայաստանի տարածքով անցնող երկաթուղի», «ՀՀ-ով անցնող էլեկտրահաղորդման գծեր» ձևակերպումները։
Քաղաքագետի գնահատմամբ՝ այսօր կիրառվող ու 2022-23 թթ․-ին գործածվող «Զանգեզուրի միջանցք» եզրույթները բովանդակային առումով տարբեր են։ Վստահեցնում է՝ ներկա պահին գործ չունենք արտատարածքային միջանցքի մասին հայտարարությունների հետ։
«Իրավական առումով TRIPP-ը չի կարող արտատարածքային միջանցք դառնալ, բայց քարոզչական տեսակետից Ադրբեջանը որոշ մոդիֆիկացիաներով օգտագործում ու օգտագործելու է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը»,- արձանագրել է նա։
Մելիքսեթյանը նաև նկատել է՝ TRIPP նախագիծն իրագործվելու է համաձայնեցված կարգավորումների և սկզբունքների համաձայն։
Անդրադառնալով ՀՀ տարածքով էլեկտրահաղորդման գծերի կառուցման մասին Ալիևի հայտարարությանը՝ քաղաքագետը նշել է՝ իրականացվում է օպտիմալ ուղիների գնահատում։ Ըստ նրա՝ ադրբեջանցի մասնագետների ներգրավվածոթյան տակ պետք չէ հասկանալ որևէ «ինքնագործունեություն», ամեն բան արվում է TRIPP-ի շրջանակներում։
«Հայաստանի տարածքով անցնելու է էլեկտրական կոմունիկացիա, որը կապելու է Ադրբեջանի երկու մասերը։ Ադրբեջանցի մասնագետները կարող են քննարկել միայն այն, թե իրենց տարածքի որ հատվածից է այդ կոմունիկացիան մտնելու ՀՀ տարածք և Հայաստանի տարածքի որ հատվածից է դուրս գալու և մտնելու Ադրբեջանի տարածք»,- պարզաբանել է փորձագետը։
Ամփոփելով Ալիևի հարցազրուցից ստացած տպավորությունները՝ Մելիքսեթյանը նկատել է՝ Ադրբեջանի նախագահը խոսում էր իրեն բնորոշ հռետորաբանությամբ՝ փորձելով ներկայացնել իր «քաղաքական ձեռքբերումները»։
Պատահական չի համարում այն, որ շեշտը դրված է եղել Նախիջևանի տնտեսական ու էներգետիկ զարգացման, տրանսպորտային հեռանկարների վրա։ Նկատում է՝ երկաթոuղու վերականգնման մասին խոսելիս Ալիևը նշում է, թե Ադրբեջանը դա կանի սեփական միջոցներով, բայց նաև հավելում՝ շահագրգռված է, որ լինեն միջազգային ներդրողներ, հետաքրքրություն կա Եվրամիության կողմից։
«Թեև Ադրբեջանը մի քանի անգամ նշել է, որ չունի ֆինանսական խնդիրներ, իհարկե, այդ խնդիրներն ունի և փորձում է նաև TRIPP համատեքստում նոր ներդրումներ բերել Նախիջևան երկաթուղու այդ հատվածի վերականգնման համար»,- ամփոփել է Մելիքսեթյանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Արձագանք AzTV-ին Ալիևի տված հարցազրույցին