TRIPP+ հիմնադրամի ղեկավարը Հայաստանում է․ ի՞նչ է քննարկվել
TRIPP+ հիմնադրամի ղեկավար Սոկոլովը Երևանում է
Հայաստանում է TRIPP+ հիմնադրամի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը։ Այդ մասին տեղեկանում ենք ԱԳՆ տարածած հաղորդագրությունից, որում Սոկոլովը ներկայացվում է որպես Տրանսկասպյան ձեռնարկությունների հիմնադրամի նախագահ։
TRIPP+ հիմնադրամը ստեղծվել է որպես առանձին ներդրումային հիմնադրամ։ ԱՄՆ Դելավեր նահանգում գրանցված ընկերությունների պաշտոնական բազայում հիմնադրամը ներկայացված է նաև Trans-Caspian Enterprise Fund անվամբ։
Պաշտոնական Երևանի փոխանցմամբ՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին, հանդիպմանը ներկա է եղել նաև Կոնստանտին Սոկոլովը:
«Անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ տարվող աշխատանքներին. երկուստեք ընդգծվել է ծրագրի՝ գետնի վրա հնարավոր սեղմ ժամկետներում իրականացման հարցում շահագրգռվածությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Նախօրեին հայտնի էր դարձել, որ Միացյալ Նահանգների իշխանությունները կրկնապատկել են TRIPP+ հիմնադրամի միջոցների ծավալը՝ 201 միլիոն դոլարից հասցնելով 402 միլիոնի:
- ՀՀ-ն ավելացնում է երկաթուղու սուբսիդավորումը․ ՌԴ-ին կոնցեսիայից զրկելու հարցը կմնա ապագային
- «Հայաստանը փորձում է ՌԴ-ին ցույց տալ՝ TRIPP-ին հավակնել չի կարող»․ կարծիք
- «Պետք է այնպես անել, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը հեռանա ՀՀ-ից»․ կարծիք
- ԱՄՆ-ը մասնաբաժինը TRIPP-ում կլինի 74%․ Երևանի ու Վաշինգտոնի նոր հայտարարությունը
Ի՞նչ է հայտնի հանդիպման մասին
Հայաստանի Արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ՝ հանդիպմանը հանգամանալից քննարկվել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանմանն ուղղված և այդ ճանապարհին առկա մրցակցային առավելությունների իրացմանն առնչվող հարցեր․
«Մտքեր են փոխանակվել միջազգային փոխադրումների և ենթակառուցվածքների համակարգում Հայաստանի առավելագույնս արդյունավետ ինտեգրման հեռանկարների շուրջ»։
Նշվում է, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունի հետ քննարկել է առևտրատնտեսական համագործակցության և Հայաստանի տնտեսական ու էներգետիկ դիմակայունության ամրապնդման ուղղությամբ փոխգործակցության հնարավորություններն ու ծրագրերը:
Կողմերն ընդգծվել են 2025 թ. օգոստոսի 8-ի խաղաղության գագաթնաժողովից ի վեր արձանագրված նշանակալի զարգացումները, մասնավորապես՝
- վերջին շրջանում ՀՀ-ԱՄՆ բարձրաստիճան փոխայցելությունների ակտիվ դինամիկան և պայմանավորվածությունները,
- ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման հարցում առկա շոշափելի ձեռքբերումները։
«Ի թիվս մի շարք նախաձեռնությունների՝ ընդծվել է արհեստական բանականության ոլորտում ակտիվորեն զարգացող փոխգործակցությունը և «Firebird AI» ընկերության մեգանախագծի առաջին փուլով կառուցվող տվյալային կենտրոնի («ԱԲ գործարանի») գործարկումը»,- հաղորդել է գերատեսչությունը։
Բացի այդ, անդրադարձ է արվել նաև ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին։
«Ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության կարևորությունը տարածաշրջանի զարգացման ներուժի առավելագույնս իրացման հարցում՝ զրուցակիցները քննարկել են նաև խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված հնարավոր քայլերը»․,- նշել են ԱԳՆ-ից։
TRIPP+ հիմնադրամի կրկնապատկված միջոցները կծախսվեն ՀՀ-ում
ԱՄՆ կառավարության պաշտոնական ծախսերի շտեմարանից (USAspending.gov) տեղեկանում ենք, որ Նահանգները կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի միջոցները: Ընդ որում, որպես դրամական միջոցների հիմնական օգտագործման վայր մատնանշված է Հայաստանը։
Նշվում է, որ ֆինանսավորումը կապված է Trump Route for International Peace and Prosperity (TRIPP) նախագծի հետ, որը «նախատեսում է Հայաստանի հարավով անցնող տրանսպորտային երթուղու զարգացում՝ Հարավային Կովկասը Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքին կապելու նպատակով»։
Հրապարակված տվյալների համաձայն՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն դեռևս 2026 թ․-ի հունվարի 30-ին TRIPP+ հիմնադրամին հատկացրել է 201 միլիոն դոլարի դրամաշնորհ, ծրագրի իրականացման վերջնաժամկետ է սահմանվել 2036 թ․-ի դեկտեմբերի 31-ը։
Հուլիսի 16-ին դրամաշնորհի պայմաններում կատարվել է փոփոխություն, ֆինանսավորման պարտավորությունը հասցվել է 402 միլիոն դոլարի՝ առանց ծրագրի ավարտի ժամկետի փոփոխության․
«ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորման ծավալի ավելացումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Վաշինգտոնը ձգտում է ընդլայնել իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի զարգացման, ինչպես նաև տարածաշրջանը Տրանսկասպյան միջանցքի հետ կապող նախագծերի առաջմղման գործում»։
TRIPP երթուղու իրականացումը, ըստ նախագծի հեղինակների, կարող է ազդեցություն ունենալ ոչ միայն տարածաշրջանային առևտրի և լոգիստիկայի, այլև Հարավային Կովկասի ռազմավարական միջավայրի վրա։
Համատեքստ․ ի՞նչ կապ կա TRIPP-ի և TRIPP+-ի միջև
ՀՀ-ն, ԱՄՆ-ն ու Ադրբեջանը «Թրամփի ուղու» վերաբերյալ համատեղ հռչակագիր էին ստորագրել 2025 թ․-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կազմակերպված խաղաղության գագաթնաժողովի շրջանակում։ Ճանապարհն ապաշրջափակման հնարավորություն է Հայաստանի համար, այն նաև Ադրբեջանը կկապի իր էքսկլավ Նախիջևանի հետ։
2026 թ․-ի մայիսի 26-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախաստորագրեցին ՀՀ և ԱՄՆ միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։ Փաստաթուղթը ստորագրվեց հաշված օրեր անց՝ հեռավար ընթացակարգով։
Հայաստանում արդեն իսկ մեկնարկել է շրջանակային համաձայնագրի վավերացման գործընթացը։ Կառավարությունը հուլիսի 16-ին հավանություն է տվել օրենքի նախագծին։ Այն կուղարկվի Սահմանադրական դատարան, կստուգվի փաստաթղթի համապատասխանությունը ՀՀ մայր օրենքին։ Այնուհետև կողմերը պետք է համաձայնեցնեն ևս 2 փաստաթուղթ՝ բաժնետերերի միջև պայմանագիրը և «ԹՐԻՓՓ զարգացման ընկերության» կանոնադրությունը։
Սկզբնական ժամանակահատվածում զարգացման ընկերության բաժնեմասերի 74%-ը պատկանելու է ԱՄՆ-ին, իսկ 26%-ը՝ ՀՀ-ին։ 49 տարվա ավարտից հետո՝ համագործակցությունը ևս 50 տարով երկարաձգելու պարագայում Հայաստանի բաժնեմասը կդառնա 49%։
«ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունն» է զբաղվելու ենթակառուցվածքային նախագծի մշակմամբ և իրականացմամբ։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանի բնորոշմամբ՝ TRIPP+-ի և ՀՀ տարածքում հիմնադրվելիք զարգացման ընկերության միջև կապը «շատ միջնորդավորված և անուղղակի է»։
««ԹՐԻՓՓ զարգացման ընկերության» հիմնադիրները տեխնիկապես կլինեն ՀՀ կառավարությունն ու «ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն-ԱՄՆ» ընկերությունը, որը կհիմնադրվի Նահանգներում։ TRIPP+-ն ամերիկյան ընկերություն է, որը ստեղծվել է «ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն-ԱՄՆ» ընկերության մեջ և այս ծրագրի իրականացման համար ներդրումներ ներգրավելու նպատակով»,- ավելի վաղ պարզաբանել է Միրզոյանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
TRIPP+ հիմնադրամի ղեկավար Սոկոլովը Երևանում է