«TRIPP-ն ավելի դանդաղ առաջ կշարժվի»․ ԱՄՆ-ում քննարկվել է կապակցվածության օրակարգը
TRIPP-ում ներդրումների շուրջ քննարկում ԱՄՆ-ում
Հայաստան-Ադրբեջան խաղաղության և տարածաշրջանային կապակցվածության օրակարգը քննարկման առարկա է դարձել Նյու Յորքում։ ԱՄՆ կառավարության կողմից կազմակերպվել է «Խաղաղության միջոցով բարգավաճում․ ներդրումներ Տրանսկասպյան առևտրային երթուղում և ԹՐԻՓՓ-ում» խորագրով միջոցառոմ։
Որպես բանախոս հանդես են եկել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները, ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Բրենդան Հանրահանը։ Քննարկմանը մասնակցել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, ինչպես նաև Վրաստանի, Կենտրոնական Ասիայի երկրների, մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ։
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Ուիթքոֆը նշել է, որ տարբեր գնահատականների համաձայն՝ TRIPP երթուղին որոշ բեռնափոխադրումների տևողությունը կկրճատի 2,5-3 շաբաթով․
«Ուիթքոֆի հիմնական ուղերձն այն էր, որ նախագծի հնարավոր օգուտները կարող են երկու երկրներից անդին հասնել՝ ստեղծելով Արևելք-Արևմուտք նոր տրանսպորտային զարկերակ, ապրանքների ավելի արագ տեղաշարժ, Կենտրոնական Ասիայի շուկաների ավելի մեծ հասանելիություն և ամերիկյան ընկերությունների ավելի մեծ դեր Եվրասիայի՝ ռազմավարական կարևորություն ունեցող այս հատվածում»։
Ըստ Թրամփի վարչակազմի՝ նախագիծը յուրատեսակ փորձություն է՝ պարզելու, թե արդյոք Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ստեղծած քաղաքական թափը հնարավոր կլինի վերածել առևտրային ենթակառուցվածքների։
Պաշտոնական Երևանը միջոցառման վերաբերյալ սուղ տեղեկություններ է հայտնել՝ նշելով, որ անդրադարձել են 2025թ. օգոստոսի 8-ից ի վեր արձանագրված կարևոր ձեռքբերումներին, ինչպես նաև Տրանսկասպյան ձեռնարկությունների հիմնադրամում ֆինանսական ներդրումային հնարավորություններին։ Այս հիմնադրամի նպատակը Անդրկասպյան ավելի լայն առևտրային ուղու (Միջին միջանցքի) երկայնքով իրականացվող նախագծերի համար մասնավոր ներդրումներ ներգրավելն է։
Հայ պաշտոնյաները բազմիցս ընդգծել են՝ բուն «Թրամփի ուղի» նախագծի հետ այդ հիմնադրամն ունի «շատ միջնորդավորված և անուղղակի» առնչություն։
ՀՀ հարավով անցնող «Թրամփի ուղին» (TRIPP) Հայաստանի համար ապաշրջափակման հնարավորություն է։ Բացի այդ, այդ ճանապարհն Ադրբեջանը կապելու է իր էքսկլավ Նախիջևանի հետ։ Նախատեսվում է, որ ՀՀ տարածքով անցնող շուրջ 43 կիլոմետրանոց հատվածը կներառի երկաթուղի, էներգետիկ ենթակառուցվածքներ և թվային կապուղիներ։
ԱՄՆ-ն TRIPP-ը պատկերացնում է որպես բազմամոդալ միջանցք, որը կձևավորի Արևելք-Արևմուտք ավելի լայն կապ Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և արևմտյան շուկաների միջև։
Նախագծի մշակմամբ և իրականացմամբ զբաղվելու է «ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը»։ Սկզբնական ժամանակահատվածում զարգացման ընկերության բաժնեմասերի 74%-ը պատկանելու է ԱՄՆ-ին, իսկ 26%-ը՝ ՀՀ-ին։ 49 տարվա ավարտից հետո՝ համագործակցությունը ևս 50 տարով երկարաձգելու պարագայում Հայաստանի բաժնեմասը կդառնա 49%։
- «Գլխավոր արդյունքն անվտանգային իրավիճակի բարելավումն է»․ վաշինգտոնյան գագաթնաժողովից 1 տարի անց
- ՀՀ-ն ավելացնում է երկաթուղու սուբսիդավորումը․ ՌԴ-ին կոնցեսիայից զրկելու հարցը կմնա ապագային
- «Ռուսաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք տանում»․ ՀՀ փոխարտգործնախարար
Ի՞նչ է հաղորդել Երևանը
Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության փոխանցմամբ՝ նախարար Միրզոյանն ընդգծել է 2025 թ․-ի օգոստոսի 8-ի խաղաղության գագաթնաժողովի պատմական նշանակությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և տարածաշրջանային ապաշրջափակման գործում․
«Արարատ Միրզոյանը ներկայացրել է գետնի վրա խաղաղության առկայությամբ պայմանավորված շոշափելի փոփոխությունները քաղաքացիների համար, ինչպես նաև խաղաղության հաստատումից ի վեր Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում եղած դրական զարգացումները»։
Բացի այդ, Միրզոյանն ընդգծել է ԹՐԻՓՓ-ի առանցքային նշանակությունը տարածաշրջանի երկրների համար, մասնավորապես՝ միջտարածաշրջանային փոխկապակցվածության արդյունավետ զարգացման գործում։ Նախարարը նաև գոհունակությամբ նշել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հարցում արձանագրված շատ շոշափելի, կոնկրետ հաջողությունները։
«ՀՀ-ով անցնող հատվածը դեռ պատրաստ չէ շինարարության»․ մանրամասներ
«Ազատություն» ռադիոկայանը մանրամասներ է ներկայացրել Նյու Յորքում կայացած միջոցառումից։ Տեղեկացրել է՝ քննարկումների առանցքում է եղել TRIPP-ը գործնական իրագործման փուլ տեղափոխելը, այդ թվում՝ ֆինանսավորումը, ինստիտուցիոնալ մեխանիզմների ձևավորումն ու ենթակառուցվածքների պլանավորումը։
«Հաջորդ փուլի առաջընթացը չափվելու է ոչ այնքան դիվանագիտական հայտարարություններով, որքան տեխնիկատնտեսական ուսումնասիրություններով, ներդրումային պարտավորություններով և, ի վերջո, շինարարությամբ»,- արձանագրել են ամերիկացի պաշտոնյաները։
Ինժեներական և տեխնիկատնտեսական հետազոտությունների շրջանակում այժմ ուսումնասիրվում է առաջարկվող երկաթուղու երթուղին, այդ թվում՝ տեխնիկական, բնապահպանական և սոցիալական գործոնները։
Ակնկալվում է, որ տեխնիկատնտեսական ուսումնասիրությունները կավարտվեն 2026 թ․-ի վերջին կամ 2027 թ․-ի սկզբին, ինչից հետո կմեկնարկի նախագծում ներգրավվելիք ընկերությունների և ներդրումային հնարավորությունների որոնումը։
Ամերիկացի պաշտոնյաների համոզմամբ՝ Հայաստանի տարածքով նախատեսվող հատվածը դեռ պատրաստ չէ շինարարության։
«Ազատության» հետ զրույցում Atlantic Council-ի Եվրասիայի կենտրոնի փոխտնօրեն Էնդրյու Դ’Անիերին շեշտել է՝ Ամերիկան լուրջ է տրամադրված, այդ մասին են վկայում TRIPP-ի առաջմղման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Միևնույն ժամանակ նկատել է՝ բուն նախագծի իրականացումն արագ չի ընթանա։
«TRIPP-ն ավելի դանդաղ առաջ կշարժվի՝ հաշվի առնելով նախագծի տեխնիկական բարդությունն ու աշխարհաքաղաքական զգայունությունը»,- ընդգծել է Դ’Անիերին։
Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ գործընթացը պահանջում է ինժեներական ուսումնասիրություններ, կարգավորող որոշումներ, ֆինանսավորում և մրցույթներ, որից հետո միայն կսկսվի «տեխնիկապես բարդ շինարարության» գործընթացը։ Ասում են՝ շինարարության մեկնարկից հետո միայն երկաթուղու կառուցումը կպահանջի առնվազն 18 ամիս։
Փաշինյան․ «TRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար»
Աշխատանքային այցով Նահանգներում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նյու Յորքում նա մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում անցկացվող «Կոնկորդիա» գագաթնաժողովի պանելային քննարկմանը։
Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության և դրա արդյունքում ստեղծվող հնարավորությունների մասին՝ վարչապետն ընդգծել է՝ ներկայումս կենտրոնացած են TRIPP նախագծի իրականացման վրա, ինչի արդյունքում լիարժեք կբացվի տարածաշրջանային կապակցվածությունը։
«Այն նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար»,- հայտարարել է վարչապետն ու հավելել, որ այդպիսով կյանքի է կոչվում նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ TRIPP նախագծի իրականացման ու տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անհրաժեշտությունն ընդգծվել է նաև ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում կայացած Փաշինյան-Էրդողան հանդիպման ժամանակ։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
TRIPP-ում ներդրումների շուրջ քննարկում ԱՄՆ-ում