Հայաստանի ազգային փոքրամասնությունների առավել մեծ համայնքները՝ եզդիները, ռուսները, ասորիներն ու քրդերը նախապատվությունը տալիս են իշխող կուսակցությանը` ՀՀԿ-ին։ Խոսքը գնում է ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին: Առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնության ներկայացուցիչները արդեն հայտարարում են, որ կցանկանային ներգրավվել Հանրապետական կուսակցության ցուցակում: Այսինքն նրանք դա առավել հնարավոր տարբերակ են համարում իրենց համար՝ սեփական ներկայացուցիչը խորհրդարանում ունենալու տեսակետից:
Հայաստանի Սահմանադրության և ընտրական օրենսդրության համաձայն՝ կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի 2-րդ մասում պետք է ընդգրկվեն ոչ պակաս, քան 2 և ոչ ավելի, քան 4 փոքրամասնությունների ներկայացուցիչ:
Իրենց ցանկությունը միանալ Հայաստանի իշխող կուսակցությանը Tert.am –ի հետ զրույցում հաստատել են Հայաստանում ռուսների ներկայացուցիչը, ՀՀ –ում ասորիների համայնքի ղեկավարը, եզդիական «Մեդիաշանգալ» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահը:
Հարցվածներից միակ բացառությունը «Սինջար» եզդիների ազգային միավորման ներկայացուցիչն էր, ով պարբերականին ասել է, որ Ընտրական օրենսգրքի համաձայն, կուսակցությունները պետք է որոշեն` ում ընդգրկեն իրենց ցուցակներում: Ներկայացուցիչը ընդգծել է, որ անձամբ ինքը և իր մի շարք ընկերներ կնախընտրեին ընդգրկվել այլ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակի մեջ: Այս պահի դրությամբ սակայն «Սինջարին» ԲՀԿ-ից առաջարկ չի եղել: