Չեչնիայի խորհրդարանի խոսնակ Մագոմեդ Դաուդովն իր Ինստագրամում գրառում է կատարել համացանցում սրընթաց հռչակ ձեռք բերող լրագրողի հանդեպ բռնության անհրաժեշտության մասին:
Դաուդովը պատմել է, թե ինչ կուզեր, որ ինչ-որ մեկն աներ «Կավկազսկի ուզել» առցանց լրատվամիջոցի խմբագրի հետ.
«Ժամանակն է մեծ աքցանով անասնաբույժի կանչելու, վաղուց է ժամանակը: Ինչո՞ւ ոչ: «Շվեդի» «իմաստության» մի քանի ատամները պոկել, լեզուն էլ կարճացնել մինչև ստանդարտ չափը: Եվ միգուցե նա սկսի ինչ-որ բարի կամ ուսուցողական մի բան խոսել: Ո՞վ գիտի, միգուցե մի օր էլ հավատանք»:
Նրա օգտագործած մեծատառով «Շվեդ» բառը. ռուսերենում այդպես հատուկ անուններն են գրվում, այլ ոչ թե ազգությունները, իսկ լուսանկարի տակ գրառումը՝ «Ինչպես քանդել «Կովկասյան թնջուկը» (Кавказский узел), մատնացույց է անում, որ Դաուդովը նկատի ուներ հենց «Կավկազսկի ուզելի» գլխավոր խմբագիր Գրիգորի Շվեդովին»:
Այդ լրատվամիջոցը ռուսական այն մեդիաներից է, որոնք հաճախ են հաղորդում Կովկասում մարդու իրավունքների խախտումների մասին, այդ թվում՝ Չեչնիայում:
Չեչեն խոսնակի մականունը Լորդ է: Այդ վիրավորական, սպառնալի գրառումից հետո նրա Ինստագրամում լուսանկար հայտնվեց, որի վրա Լորդն աղոթում է Ռամզան Կադիրովի և ՌԴ Պետդումայում Չեչնիայի պատգամավոր Ադամ Դելիմխանովի հետ:
«Կավկազսկի ուզելի» գլխավոր խմբագիր Գրիգորի Շվեդովը մեկնաբանել է միջադեպը մի քանի լրատվամիջոցների խնդրանքով, այդ թվում նաև՝
— «Ատամները պոկելու» և «լեզուն կարճացնելու» Դաուդովի սպառնալիքները լրագրողների պրոֆեսիոնալ գործունեությանը Չեչնիայի իշխանությունների արձագանքի տիպիկ օրինակ են:
Կարծում եմ, այդ գրառումը կապված չէ «Կավկազսկի ուզելի» որևէ առանձին հրապարակման հետ, ավելի շուտ՝ մի շարք նյութերի, որոնք գրում են մեր լրագրողները Չեչնիայի մասին: Չգիտեմ, թե որքան ուշադիր է կարդում Դաուդովը «Կավկազսկի ուզելը»: Եթե նա ուշադիր կարդար, կիմանար, որ այլ տարածաշրջանների վերաբերյալ նույնպես քննադատական նյութեր են հրապարակվում: Սակայն հարևան հանրապետությունների ղեկավարությունն իրեն չի նվաստացնում նման սպառնալիքներով:
Մեր իրավաբանները վերլուծում են Դաուդովի հրապարակումը ՔՕ 144 հոդվածի կազմի առկայության առումով, որը կապված է լրագրողի պրոֆեսիոնալ գործունեությանը խոչընդոտելու հետ: Արդյոք պետք է դիմել իրավապահ մարմիններին, մենք դեռ չենք որոշել, չնայած պարզ է, որ այդպիսի հայցը կանխավ արդեն դատապարտված է ընթացք չստանալ: Քիչ հավանական է, որ ադեկվատ քննություն անցկացվի: