Վրաստանը հրապարակել է «Օթխոզորիայի-Թաթունաշվիլիի ցուցակը»: Դրանում 33 մարդ է ներառված
33 մարդ է հայտնվել Վրաստանի կառավարության «Օթխոզորիայի-Թաթունաշվիլիի ցուցակում»: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի նոր վարչապետ Մամուկա Բախտաձեն:
Խոսքը գնում է այն 33 անձանց մասին, որոնք օկուպացված տարածքներում 1991թ-ից մինչ այսօր տարբեր հանցագործություններ են կատարել Վրաստանի քաղաքացիների հանդեպ:
«Սա ամբողջական ցուցակը չէ, քանի որ իրավապահ մարմինները շարունակում են հետաքննություններ վարել, և ցուցակը կարող է ընդլայնվել», — հայտարարել է Մամուկա Բախտաձեն կառավարության վարչակազմում տեղի ունեցած բրիֆինգին: Ընդ որում, նա չի նշել ցուցակում ներառվածների ազգանունները:
Վրաստանի խորհրդարանը մարտին հայտնի «Մագնիտսկու ցուցակի» նմանությամբ փաստաթուղթ ստեղծելու մասին որոշում էր կայացրել:
Գլխավոր նպատակն օկուպացված տարածքներում Վրաստանի քաղաքացիների պաշտպանությունն է: Քանի որ Վրաստանի իշխանություններն օկուպացված տարածքներում իրենց քաղաքացիների պաշտպանության ոչ մի լծակ չունեն, գաղափարի հեղինակները կարծում են, որ նման «սև ցուցակի» ընդունումը կարող էր այդ իրավիճակից ելք լինել:
Ցուցակը խորհրդանշական կերպով անվանվել է Վրաստանի քաղաքացիներ Արչիլ Թաթունաշվիլիի և Գիգա Օթխոզորիայի անուններով, որոնք սպանվել են Հարավային Օսիայում և Աբխազիայի անցակետում: Ցուցակում ներառված են ոչ միայն Թաթունաշվիլիի և Օթխոզորիայի ենթադրյալ մարդասպանները: Վրաստանի խորհրդարանի ընդունած բանաձևում ասվում է, որ ցուցակում պետք է ներառվեն օկուպացված տարածքներում Վրաստանի քաղաքացիների սպանության, առևանգման, խոշտանգումների կազմակերպման, նրանց հանդեպ անմարդկային վերաբերմունքի համար բոլոր կասկածյալներն, այլ նաև նրանց կոծկողները:
Արչիլ Թաթունաշվիլին մահացել է փետրվարի 23-ին Հարավային Օսիայի այսպես կոչված պետանվտանգության կոմիտեի շենքում անհայտ հանգամանքներում: Գիգա Օթխոզորիան գնդակահարվել է աբխազ սահմանապահի կողմից Վրաստանի և Աբխազիայի վարչական սահմանին:
Մամուկա Բախտաձեի խոսքով՝ կառավարությունն արդեն դիտարկել է բոլոր միջոցները, որոնք կգործարկվեն ցուցակում ներառված անձանց դեմ միջազգային մասշտաբով: