Սաակաշվիլին կարող է դառնալ Ուկրաինայի փոխվարչապետ
Ուրբաթ օրն Ուկրաինայի խորհրդարանում կարող է քվեարկություն կայանալ Միխեիլ Սաակաշվիլիին կառավարության փոխվարչապետ նշանակելու հարցով։
Նախաձեռնությունը նախագահ Վլադիմիր Զելենսկունն է։ Նրա «Ժողովրդի ծառա» կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն ունի։
Սաակաշվիլին հաղորդել է, որ «մեծ պատիվ է նախագահից նման առաջարկ ստանալը»։ Նա հավելել է, որ «շատ բովանդակալից և օգտակար զրույց» է ունեցել վարչապետ Դենիս Շմիգալի հետ, որի ընթացքում «քննարկվել են կառավարությունում հնարավոր աշխատանքի հետ կապված բոլոր հարցերը»։
Նա պատրաստվում է ուրբաթ օրը Ռադայում ներկայացնել իր անհետաձգելի փոփոխությունների ու կառավարության աշխատանքում իր մասնակցության ծրագիրը՝ «հստակ մշակումներով, որոնք ինձ մոտ ձևավորվել են ինչպես Ուկրաինայի սահմաններից դուրս, այնպես էլ Ուկրաինայում աշխատելու տարիներին»։
Ֆեյսբուքյան իր էջում Միխեիլ Սաակաշվիլին գրել է․
«Գերագույն Ռադայում կներկայացնեմ անհրաժեշտ փոփոխությունների վերաբերյալ առաջարկներս որպես Շմիգալի կառավարության պաշտոնական ծրագրի մաս՝ հստակ մշակումներով, որոնք ինձ մոտ ձևավորվել են ինչպես Ուկրաինայի սահմաններից դուրս եղած ժամանակ, այնպես էլ Ուկրաինայում իմ աշխատելու ժամանակահատվածում։ Հիմնվել եմ ինչպես դրական, այնպես էլ բացասական փորձի վրա։
Նախագահի թիմի հետ միասին պատրաստ եմ աշխատել Ուկրաինայի խորհրդարանի բոլոր հայրենասեր ուժերի և հասարակության մյուս քաղաքական ուժերի հետ, որպեսզի Ուկրաինան նվազագույն կորուստներով դուրս գա ընթացիկ համաշխարհային ճգնաժամից և հաղթահարի բոլոր մարտահրավերները։ Հույս ունեմ թիմի հուսալի անդամ լինել և օգտակար լինել Ուկրաինայի ժողովրդին՝ մարդկանց համար օգտակար մի բան անելով։
Հույս ունեմ նաև օգտագործել իմ միջազգային փորձը՝ կառավարական թիմի անդամներին օգտակար լինելու համար, այդ թվում՝ միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ հարաբերություններում, ամրապնդել Ուկրաինայի հեղինակությունն ու նպաստել նրա ինտեգրմանը միջազգային կազմակերպություններին, նախևառաջ, պաշտպանել Ուկրաինայի ժողովրդի շահերն ու նպաստել երկրի առաջընթացին»։
2017 թ–ին Ուկրաինայի այն ժամանակվա նախագահ Պորոշենկոն Սաակաշվիլիին զրկել էր Ուկրաինայի քաղաքացիությունից։ Այն վերադարձրել է նրան 2019 թ–ին նախագահ Զելենսկին։