«Արտաքին ճնշումների կամ ուրիշի համար չէ»․Փաշինյանի ուղերձը ՀՀ նոր Սահմանադրության մասին
Փաշինյանի ուղերձը ՀՀ նոր Սահմանադրության մասին
Այսօր հրապարակվել է Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը։ Արդարադատության նախարարությունն այն տեղադրել է հատուկ այդ նպատակով ստեղծված կայքում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կայքի առանցքային նպատակն է ապահովել, որ «յուրաքանչյուր քաղաքացի առավել հարմարավետ ձևաչափով ծանոթանա նախագծին և ներկայացնի իր առաջարկները»։ Ինքը՝ Փաշինյանն, ակնկալում է ակտիվ հանրային քննարկում։
Սահմանադրության նախագծի հրապարակման առիթով վարչապետն ուղիղ եթերում հանդես է եկել ուղերձով, որում անդրադարձել է նաև նոր մայր օրենքի ընդունումն արտաքին՝ ադրբեջանական ճնշումների հետ կապելու փորձերին։
«Երբեք ու երբեք չտրվեք գայթակղությանը՝ մտածելու, թե մենք սա անում ենք արտաքին ճնշումների կամ ուրիշի համար։ Սա անում ենք մեր պետության հարատևության տեսլականին կյանք տալու և ՀՀ-ն այնպես դիրքավորելու համար, որ հաղթահարի ֆորպոստի տրամաբանությունը»,- դիմելով ժողովրդին՝ հայտարարել է Փաշինյանը։
Շեշտել է՝ նպատակը ՀՀ-ն «հողափոր խրամատից խաղաղության խաչմերուկ դարձնելն է, մի երկիր, որը նաև ունի այնպիսի բանակ, որ ինքնուրույն կարող է պաշտպանել պետության սահմանների և միջազգայնորեն ճանաչված տարածքի անձեռնմխելիությունը»։
Վարչապետի գնահատմամբ՝ Հայաստանը կհասնի պատմական մի բոլորովին նոր հանգրվանի, երբ կունենա միաժամանակ և՛ խաղաղություն, և՛ պետություն, և՛ անկախություն, և՛ բարեկեցություն, և՛ ժողովրդավարություն։
Փաշինյանը հույս է հայտնել, որ երկրի խորհրդարանական ընդդիմությունը չի խոչընդոտի խաղաղության հաստատման գործընթացը և թույլ կտա, որ նոր Սահմանադրության ճակատագիրը որոշի ՀՀ ժողովուրդը՝ հանրաքվեի արդյունքում։
«Մենք հասել ենք այն ապագային, որը խոստացել էի, և մեզ մնում է պարզել մեր ձեռքը և վերցնել այն։ Ես հույս ունեմ, որ խորհրդարանական ընդդիմությունը չի կանգնի այս ճանապարհին։ Հույս ունեմ՝ ընդդիմությունը հետ կկանգնի խաղաղության միակ խոչընդոտի իր կարգավիճակից և չի փորձի խոչընդոտել ՀՀ տիրոջը, այսինքն՝ ժողովրդին»,- շեշտել է վարչապետը։
Նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու հարցը նախ պետք է հաստատվի երկրի խորհրդարանում։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ԱԺ-ում չունի դրա համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնություն՝ մանդատների 2/3-ը։ Նախագիծը հանրաքվեի դնելու համար իշխող ուժին անհրաժեշտ է ևս 6 ձայն։
Այս պահին հայտնի մանրամասները՝ ի՞նչ է դուրս մնացել նախաբանից, վարչապետ Փաշինյանի ուղերձը, ընդդիմությանն արված առաջարկը
- «Քաղաքական դիակների հավաք». Փաշինյանն ու թիմակիցները՝ ընդդիմության համախմբման մասին
- Հայաստանում ՀԷՑ-ի հետ կապված գործով ձերբակալվել է գործարար Սամվել Կարապետյանը
- «ՌԴ և ԵԱՏՄ որոշ շրջանակներ աջակցում են ՀՀ ընդդիմության գաղտնի պլանին». Փաշինյան
Անկախության հռչակագրին հղում չկա․ էլ ի՞նչ է դուրս մնացել նախաբանից
Ինչպես և ակնկալվում էր, նոր Սահմանադրության նախաբանում առկա չէ հղում Անկախության հռչակագրին, որտեղ խոսվում է ՀՀ և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։
Հենց հռչակագրին արված հղումն է խնդրահարույց համարում Ադրբեջանը և հայտարարում, թե առանց մայր օրենքի փոփոխության Հայաստանի հետ նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը չի ստորագրի և չի վավերացնի։ Պաշտոնական Երևանը, սակայն, պնդում է՝ նոր օրենքի ընդունումը Հայաստանին է պետք, երկրի ներքին գործն է։
Նոր Սահմանադրության նախագծից բացակայում են նաև «հայոց պետականության հիմնարար սկզբունքներին և համազգային նպատակներին», «ազատասեր նախնիների սուրբ պատգամին» ու «հայրենիքի հզորացմանն ու բարգավաճմանը» վերաբերող ձևակերպումները։
Շեշտադրվում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում անկախ, խաղաղ և անվտանգ պետություն կառուցելու նպատակը։ Գործող Սահմանադրության նախաբանում միջազգայնորեն ճանաչված տարածքի մասին ձևակերպում չկա։
«Մենք՝ ՀՀ ժողովուրդը, հանուն մեր պետականության հարատևության ու զարգացման, առաջնորդվելով մեր միջազգայնորեն ճանաչված տարածքում անկախ, խաղաղ, անվտանգ, բարեկեցիկ պետություն կառուցելու առաքելությամբ և այդ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու հանձնառությամբ, ընդունում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»,- ասված է առաջարկվող փաստաթղթում։
Նախագծում նշվում է նաև, որ «Սահմանադրությունը մեր հավաքական պայմանավորվածությունն է Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին հարաբերությունների հիմնական սկզբունքների մասին»:
Փաշինյանի ուղերձի շեշտադրումները
«Պետք է լինի օրգանական կապ քաղաքացու և իրավակարգի միջև»
Վարչապետ Փաշինյանն ուղերձում նախ անդրադարձել է նոր Սահմանադրություն ընդունման անհրաժեշտության մի քանի շարժառիթների։ Շեշտել է՝ անհրաժեշտ է օրգանական կապ ստեղծել քաղաքացու և երկրում հաստատված իրավակարգի միջև։
«Բոլոր նախորդ Սահմանադրությունները քաղաքացու ազատ կամարտահայտմամբ չեն ընդունվել։ Հանրային լայն ըմբռնման համաձայն՝ այդ հանրաքվեների արդյունքները կեղծվել են»,- նշել է նա։
Ըստ վարչապետի՝ քաղաքացին գործող Սահմանադրությունը, երկրում հաստատված իրավակարգը իրենը չեն համարում, հետևաբար՝ իրենը չի համարում նաև պետությունը, ինչին էլ հետևում են բազմաթիվ խնդիրներ։
Փաշինյանը հայտարարել է՝ սա իր կամ որևէ մեկի Սահմանադրությունը չէ, այլ քաղաքացիների։ Մեջբերել է նախագծի դրույթներից մեկը, որի համաձայն՝ «ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն է իշխանության տերը, կրողը և աղբյուրը»։
«ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունը հիմնադրել է իր անվտանգությունը, ազատությունը, բարեկեցությունը ապահովելու, ինքնությունը պաշտպանելու և զարգացնելու, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով։ Այս նպատակի իրականացումը պետական շահ է»,- մեջբերել է նա։
«Պետության բոլորովին նոր մոդել է՝ առանց հակամարտության և թալանի»
Երկրի ղեկավարն ընդգծել է՝ խոսքը պետության բոլորովին նոր մոդելի ընտրության մասին է, այն է՝ Չորրորդ Հանրապետություն։ Ըստ նրա՝ այն Երրորդ Հանրապետությունից տարբերվում է հակամարտության բացակայությամբ։
Ասում է՝ 1990-ականներից սկսած կոնֆլիկտի տրամաբանությունը՝
- «երկիրը հյուծած արտագաղթի պատճառ է դարձել,
- երկրում ստեղծել է գեներալ Մանվելներ, դոդի Գագոներ, կալուգացի Սամոներ, Ռոբերտ Քոչարյաններ, Սերժ Սարգսյաններ և Միշիկներ, որոնց գործն ու առաքելությունը եղել է մեկը՝ «Մեծ Հայաստանի» մասին ճոռոմաբանությունների ներքո թալանել, թալանել, թալանել»։
«Այսօր, ի վերջո, հերթով ու շարքով թալանչիները գտնում են իրենց արժանի պատիժը, թալանվածը վերադարձվում է պետությանը և ժողովրդին»,- ընդգծել է նա։
Փաշինյանի գնահատմամբ՝ այսօր Հայաստանում արդարադատությունը վստահելի չէ։ Ասում է՝ չգիտի, թե «վաղը որ դատարանը ինչ որոշումով որ թալանչուն կամ կոռուպցիոներին ազատ կարձակի»․
«Քրեաօլիգարխիկ արդարադատության համակարգի պատճառով, որը գործող Սահմանադրությունն առել է երկաթյա պաշտպանության տակ, նույնիսկ ժողովրդի մանդատը ունեցող կառավարության առկայության պայմաններում բազմաթիվ թալանչիներ ու մարդասպաններ վխտում են ազատության մեջ»։
Նրա փոխանցմամբ՝ նոր օրենքի ընդունման նպատակներից մեկը «արդարադատությունն օլիգարխիայի ճիրաններից ազատելն ու այն ժողովրդին վերադարձնելն է, ժողովրդին ու պետությանը ծառայեցնելը»։
«Ունենալու ենք և՛ խաղաղություն, և՛ անկախություն»
Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ 2018 թ․-ի թավշյա հեղափոխության արդյունքներով իշխանությունը վերադարձվել է ժողովրդին, նոր Սահմանադրության ընդունմամբ ժողովրդին պետք է վերադարձվեն «պետությունն ու խաղաղությունը»։
Վստահեցրել է՝ նոր Սահմանադրության ընդունումից հետո ՀՀ-ն ոչ միայն ստորագրելու և վավերացնելու է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը, այլև ունենալու է ինստիտուցիոնալ, տևական և անշրջելի խաղաղություն։
«Սա աննախադեպ և պատմական իրավիճակ է ոչ միայն այն պատճառով, որ ունենալու ենք ինստիտուցիոնալ խաղաղություն, այլև այն պատճառով, որ ունենալու ենք խաղաղություն և անկախություն, խաղաղություն և պետություն»,- նկատել է նա և հավելել՝ սովորաբար ունեցել ենք կամ խաղաղություն, կամ պետություն։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Փաշինյանը նշել է, որ ԽՍՀՄ փլուզման շեմին այն «ստեղծվել է» նրա համար, որ խաղաղությունը երազանք դառնա, և «այն վերգտնելու երազանքը մեզ բերի պետությունից ու անկախությունից հրաժարվելու մտքին»։ Ասում է՝ այս տրամաբանությամբ է կառուցվել նաև բանակցային ողջ գործընթացը։
«Այդ հակամարտությունը մեզ հասցրեց պետականության կորստի եզրին, բայց այսօր մեր նահատակների զոհողությունների, ձեր, ձեր տառապանքների և զրկանքների գնով եկել հասել ենք մի կետի, որ ունենք միևնույն ժամանակ և՛ խաղաղություն, և՛ պետություն, և՛ խաղաղություն և՛ անկախություն ունենալու հնարավորություն»,- հայտարարել է վարչապետ Փաշինյանը։
«Ընդդիմադիրները մերժում են իրենց երազանքի առաջարկը»
Վարչապետը հերթական անգամ ընդդիմադիրներին «պատերազմի եռագլուխ կուսակցություն» է անվանել և շեշտել, որ նրանց առաքելությունն է թույլ չտալ, որ երկիրն ունենա և՛ խաղաղություն, և՛ անկախություն։
«Այլապես, ինչո՞վ բացատրել, որ նրանք մերժում են իմ շատ հստակ և նորմալ ընդդիմության համար պարզապես երազանքի առաջարկը»,- հարցրել է նա։
Փաշինյանն ուղիղ եթերում կրկնել է առաջարկը՝ այն որակելով «աննախադեպ հնարավորություն» ընդդիմության համար։
Համատեքստ․ Փաշինյանի առաջարկն ու ընդդիմության մերժումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին մի քանի անգամ և տարբեր հարթակներից ընդդիմությանը ներկայացրել է միևնույն առաջարկը։ Փաշինյանն առաջարկում է, որ ընդդիմությունը կողմ քվեարկի Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը։ Փոխարենը խոստանում է, որ ցանկացած արդյունքի դեպքում կհեռանա վարչապետի պաշտոնից, մասնավորապես՝ ժողովրդի կողմից Սահմանադրության մերժման դեպքում հրաժարական կտա, իսկ ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին վարչապետի թեկնածու չի առաջադրվի։
Ընդդիմադիր «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները մերժել են առաջարկը։ Կարծում են՝ բաց չեն թողնում Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հնարավորությունը և պնդում՝ «անկախ ամեն ինչից հեռանալու է»։
Անդրադառնալով վարչապետի առաջարկի մերժմանը՝ ԱԺ նախագահ, իշխող ուժի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է՝ ընդդիմադիրների համար «խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը»։
Չի բացառել նաև, որ ընդդիմությունը նպատակ ունի «անհնար դարձնել խաղաղությունն ու Հայաստանը տանել, մտցնել այլ պետության [ՌԴ-Բելառուս միութենական պետության] կազմ»:
Խորհրդարանական ընդդիմությունը նոր Սահմանադրության նախագիծը բնորոշում է որպես «ալիևյան Սահմանադրություն»։ Պնդում է՝ ՀՀ-ն Ադրբեջանի պահանջով է փոխում երկրի մայր օրենքը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Փաշինյանի ուղերձը ՀՀ նոր Սահմանադրության մասին