«Մի՛ խոչընդոտեք նոր Սահմանադրության հանրաքվեի անցկացումը»․ ՀՀ իշխող ուժը՝ ընդդիմությանը
Փաշինյանն ընդդիմությանը գործարք է առաջարկում
Հայաստանի խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր խորհրդարանական ընդդիմությանը կոչ է արել չխոչընդոտել նոր Սահմանադրության հանրաքվեի անցկացումը։ Ռուբինյանը, մասնավորապես՝ հիշեցրել է վարչապետի՝ «գործարքի գնալու» առաջարկի մասին։
«Եթե ձեր համար մեկ նպատակը Փաշինյանին հեռացնելն է, ուրեմն դուք ունեք նրան հեռացնելու 100%-անոց հնարավորություն»,- ընդգծել է նա։
Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին մի քանի անգամ և տարբեր հարթակներից ընդդիմությանը ներկայացրել է միևնույն առաջարկը։ Մասնավորապես՝ վարչապետն առաջարկում է գնալ նոր Սահմանադրության հանրաքվեի՝ հայտարարելով, որ ժողովրդի կողմից մերժման դեպքում հրաժարական կտա, իսկ ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին վարչապետի թեկնածու չի առաջադրվի։
«Հայաստան» խմբակցությունն արձագանքել է վարչապետ Փաշինյանի առաջարկին և մերժել այն։ Խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի խոսքով՝ ընդդիմությունը իշխանափոխության հարցը չի համարում իշխանության հետ պայմանավորվածության առարկա։ Բացի այդ, բավարար հիմքեր չունեն առաջարկը վստահությամբ ընդունելու համար։
Խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերը՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները դեռևս չհրապարակված նոր Սահմանադրության նախագիծը բնորոշում են որպես «ալիևյան Սահմանադրություն»։ Պնդում են՝ ՀՀ-ն Ադրբեջանի պահանջով է փոխում երկրի մայր օրենքը։
Նյութի հրապարակման պահին ընդդիմադիր մյուս ուժի՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարեց, որ իրենք նույնպես մերժում են վարչապետի առաջարկը։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, շարունակում է «բաց պահել» առաջարկը։
Ադրբեջանը Հայաստանի նոր Սահմանադրության ընդունումը ներկայացնում է որպես խաղաղության պայմանագրի կնքման նախապայման։ Բաքուն խնդրահարույց է համարում, մասնավորապես՝ նախաբանում արված հղումը Անկախության հռչակագրին, որտեղ խոսվում է ՀՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։
Թեև նոր օրենքի նախագիծը դեռևս հրապարակված չէ, սակայն վարչապետ Փաշինյանը բազմիցս հայտարարել է՝ Անկախության հռչակագրին հղում չի լինելու։ Իշխող ուժի ներկայացուցիչները շեշտում են, որ նոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի ներքին գործն է, արտաքին դերակատարների հետ հարցը չեն քննարկում։ Միևնույն ժամանակ չեն հերքում՝ առանց դրա ընդունման Բաքուն չի ստորագրի ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը։
Հանրաքվեի դրվելուց առաջ նոր Սահմանադրությունը նախ պետք է հաստատվի երկրի խորհրդարանում։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ԱԺ-ում չունի սահմանադրական մեծամասնություն։ Ուստի իշխող ուժին անհրաժեշտ է ևս 6 ձայն։
Արդարադատության նախարարությունը Սահմանադրության նախագիծը կհրապարակի սեպտեմբերի 23-ին։ Նույն օրը վարչապետ Փաշինյանն ուղերձով կդիմի ժողովրդին։
Վարչապետ Փաշինյանի առաջարկի մանրամասները, իշխող ուժի և ընդդիմադիրների գնահատականները
- «Հայաստանը մի կախվածությունը փոխարինում է մյուսով»․ ԱԽ նախկին քարտուղարի հոդվածը
- «Քաղաքական դիակների հավաք». Փաշինյանն ու թիմակիցները՝ ընդդիմության համախմբման մասին
- Ծեծկռտուք ՀՀ խորհրդարանում. Փաշինյանն աջակցություն է հայտնել կուսակիցներին
«Եկեք, հեռացրեք ինձ»․ Փաշինյանի առաջարկն ընդդիմությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդդիմությանը դիմել է առաջարկով՝ եկեք գնանք հանրաքվեի։
«Այժմ առաջարկում եմ, որ ընդդիմությունը ապահովվի անհրաժեշտ 6 ձայնը, որ գնանք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի»,- այսօր ԱԺ ամբիոնից հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցրել է՝ եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, մեկ շաբաթվա ընթացքում հրաժարական կտա: Եթե ժողովուրդը «այո» ասի, միևնույն է՝ հաջորդ ընտրություններին չի լինի վարչապետի թեկնածու։
Նախօրեին լրագրողների հետ զրույցում Փաշինյանը նշել էր, որ վարչապետի պաշտոնում չառաջադրվելը դեռևս չի նշանակում, թե քաղաքականությամբ չի զբաղվելու։
Վարչապետն օրեր առաջ վստահեցրել էր՝ Սահմանադրության ընդունումից հետո կունենանք ինստիտուցիոնալ և անշրջելի խաղաղություն, քանի որ «կան երաշխիքներ, որ նոր Սահմանադրության ընդունումից հետո [Ադրբեջանի հետ] խաղաղության համաձայնագիրը կստորագրվի և կվավերացվի»։ Այդ երաշխիքները, սակայն, չէր մատնանշել։ Միայն ասել էր, որ որպես երաշխիք կարող է դնել իր ողջ «քաղաքական կապիտալը»։
Շեշտել էր՝ ինստիտուցիոնալ խաղաղության հաստատմամբ իր առաքելությունը կհամարի կատարված․
«Ես իմ միսիան համարում եմ կատարված խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ և վավերացմամբ, մի հատ ֆունդամենտալ ինստիտուցիոնալ խաղաղությամբ։ Եվ ես գնում եմ երկու տարբերակում էլ։ Ասում եմ՝ եկեք, հեռացրեք ինձ»։
Ըստ Փաշինյանի՝ նոր մայր օրենքը վերաբերում է պետության տեսլականին, այն է՝ «ՀՀ-ն իր միջազգայնորեն ճանաչված տարածքով ֆիքսել որպես պետություն և փակել կոնֆլիկտների էջը, պետությունը զարգացնել և այն փոխանցել սերնդեսերունդ»։
Վարչապետը համոզված է՝ հանրաքվեում քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կողմ կքվեարկի նոր Սահմանադրության նախագծին՝ այդպիսով «քվեարկելով իր ու իր սերունդների օգտին»։
Իշխող ուժի տեսակետը
«Փաշինյանն իրեն հեռացնելու ոչ գաղտնի պլան է առաջարկել»
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն ԱԺ ամբիոնից «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը կոչ է արել դիրքորոշում հայտնել երկրի քաղաքական օրակարգի հիմնական հարցի՝ նոր Սահմանադրությունը հանրաքվեի դնելու հարցի շուրջ։
«Հանգամանքների բերումով դուք այսօր ամենամեծ ընդդիմադիր ուժն եք ՀՀ-ում, և դա ենթադրում է, որ դուք որոշակի գործոն եք ու պետք է կարողանաք օգտագործել այդ հանգամանքը, այդ գործոնը և նաև պատասխաններ տալ ձեր ընտրողներին»,- հայտարարել է Խանդանյանը։
Նրա բնորոշմամբ՝ վարչապետ Փաշինյանն իրեն հեռացնելու «ոչ գաղտնի պլան» է առաջարկել, իսկ «Ուժեղ Հայաստանը» որևէ կերպ չի կարողանում դրան արձագանքել․
«Հայաստանի հանրությունը ձեզնից ակնկալում է արձագանք մի պլանի, որը երկու շատ էական արդյունք է ունենալու։ Նիկոլ Փաշինյանը չի լինելու ՀՀ վարչապետ, և խաղաղությունն ինստիտուցիոնալացվելու է ու դառնալու է անշրջելի»։
Վերջին շրջանում, այսպես կոչված, «գաղտնի պլանի» մասին խոսում է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ խոստանալով իշխանափոխության հասնել Հայաստանում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ այդ «գաղտնի պլանի» նպատակներից մեկն է թույլ չտալ, որ Հայաստանը շարունակի ընթանալ տնտեսական զարգացման ճանապարհով:
«Չեմ ուզում թաքցնել նաև, որ այդ պլանը Եվրասիական տնտեսական միության և Ռուսաստանի Դաշնության որոշ շրջանակներում ունի աջակցություն»,- շաբաթներ առաջ հայտարարել էր վարչապետ Փաշինյանը։
«Ընդդիմադիրների համար խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարևոր է»
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ ընդդիմության ելույթներից տպավորություն է, թե վարչապետի առաջարկը չեն էլ լսել․
«Երկու սցենար կա հանրաքվեի՝ կամ «այո»-ն է հաղթում, կամ «ոչ»-ը։ Երկու դեպքում էլ՝ «ոչ»-ի դեպքում միանգամից, «այո»-ի դեպքում հաջորդ ընտրություններից սկսած, ինքը հեռանում է։ Ինչո՞ւ չեք անում»։
ԱԺ նախագահի գնահատմամբ՝ միակ տրամաբանական բացատրությունը հետևյալն է՝ ընդդիմադիրների համար «խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը»։
Ռուբինյանը շեշտել է, որ Սահմանադրության ընդունման հարցում որոշում կայացնողը ժողովուրդն է, իսկ ընդդիմությունը կարող է հանրաքվեի ընթացքում ներկայացնել իր փաստարկները, այդ թվում՝ ընդդեմ նախագծի։
«Գլխավորեք «ոչ»-ի շտաբը։ Կհաղթի «ոչ»-ը՝ Փաշինյանը կհեռանա, կհաղթի «այո»-ն՝ Փաշինյանը հաջորդ ընտրություններին չի առաջադրվի։ Որոշումը ձերն է»,- հայտարարել է նա։
Ընդդիմության արձագանքը
«Շրջանցում ենք Փաշինյանի լարած թակարդը»
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի փոխանցմամբ՝ մերժում են բոլոր տեսակի առաջարկները և դրանք համարում անընդունելի։
«Գործարքի չգնալով՝ շրջանցում ենք Փաշինյանի լարած թակարդը: Ես չեմ պատկերացնում մի սցենար, որով Փաշինյանն առաջարկում է գործարք՝ իրականում նպատակ ունենալով հեռանալ իշխանությունից: Փաշինյանի խոսքին վստահելը կլինի իսկապես հիմարություն»,- «Ազատության» հետ զրույցում նկատել է նա։
Ընդդիմադիր պատգամավորը չի կարծում, թե Փաշինյանի առաջարկը մերժելով բաց են թողնում նրան հեռացնելու հնարավորությունը։
«Փաշինյանի հեռացման հնարավորությունը բոլոր տեղերում է, որտեղ չկա իր հետ գործարք։ Իր հետ գործարքով բացառում եմ դա»,- ընդգծել է պատգամավորը:
«Անկախ ամեն ինչից հեռանալու է»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը քիչ առաջ լրագրողներին ասել է՝ քննարկել են վարչապետի առաջարկը, Սահմանադրության փոփոխությանը չեն աջակցելու․
«Մեր դիրքորոշումն այն է, որ Հայաստանում Սահմանադրությունն Ադրբեջանի պահանջով՝ Ալիևի պահանջով չպետք է փոխվի»։
Աբրահամյանը նույնպես կարծում է, որ առաջարկը չընդունելով՝ ընդդիմությունը բաց չի թողնում Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հնարավորությունը։ Ասում է՝ անկախ ամեն ինչից վարչապետը հեռանալու է։
«Մենք հետևողական ենք մեր կողմից նախանշված ճանապարհային քարտեզին՝ թե՛ ինստիտուցիոնալ պայքարում, թե՛ ասել ենք, որ լինելու է փողոցային պայքար՝ մեկ անգամ և հաղթական»,- ասել է նա՝ առանց կոնկրետ ժամկետներ մատնանշելու։
Անդրադառնալով արտահերթ ընտրությունների անցկացման հավանականությանը՝ Աբրահամյանը չի համաձայնել այն գնահատականի հետ, թե դրանք կարող են ամրապնդել գործող իշխանության դիրքերը։
«Պատրաստ ենք արտահերթ ընտրությունների ցանկացած ժամանակ։ Վստահ ենք, որ նոր ընտրության պարագայում ընդդիմությունն էլ ավելի կամրապնդի իր դիրքերը»,- արձանագրել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Փաշինյանն ընդդիմությանը գործարք է առաջարկում