Հայաստանում ՀԷՑ-ի հետ կապված գործով ձերբակալվել է գործարար Սամվել Կարապետյանը
Խուզարկությունից հետո Սամվել Կարապետյանը ձերբակալվել է
Հայաստանում ձերբակալվել է գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը:
Կարապետյանի և ևս 35 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀԷՑ-ին առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու, վստահված գույքը հափշտակելու և փողերի լվացման գործով։
Հայտարարվում է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատճառված ընդհանուր վնասը կազմում է ավելի քան 64 միլիարդ 585 միլիոն դրամ։
«Ս.Կ.-ի կազմակերպմամբ մի շարք անձինք 2016-2024 թթ. ընթացքում կատարել են չորս դրվագ՝ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունների չարաշահում, առանձանապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում»,- հայտնել են Քննչական կոմիտեից:
Շեշտվում է, որ իրականացվել են մեծածավալ քննչական գործողություններ, տեղեկություններ են ստացվել տարբեր պետական կառույցներից՝ Ազգային անվտանգության ծառայությունից, Ներքին գործերի նախարարությունից և Պետական եկամուտների կոմիտեից:
Միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանն արդեն իսկ տնային կալանքի տակ էր այլ քրեական վարույթի շրջանակներում։ 2025 թ․-ի հունիսին նրան մեղադրանք էր առաջադրվել իշխանազավթման և սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Մեկ այլ գործով էլ ամիսներ անց Կարապետյանին տնտեսական մեղադրանք էր առաջադրվել՝ փողերի լվացման հոդվածով։
Նրա եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի նկատմամբ էլ այս տարվա հուլիսին քրեական հետապնդում էր հարուցվել՝ հավաքներին մասնակցելու համար մարդկանց հարկադրելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեղադրանքներով։ Խափանման միջոց էր ընտրվել 1 միլիարդ դրամ գրավը, ինչպես նաև երկրից բացակայելու արգելքը։
Այս պահին հայտնի տեղեկությունները՝ հակիրճ
- Ծեծկռտուք ՀՀ խորհրդարանում. Փաշինյանն աջակցություն է հայտնել կուսակիցներին
- «ՀՀ-ին անկախությունից զրկելու հերթական փորձն է նախապատրաստվում»․ Փաշինյան
- Հայաստանի նոր խորհրդարանը. իշխող ուժի տեխնոլոգիաներն ու ընդդիմության փակուղին
Համատեքստ. Նախ հաղորդվել էր խուզարկությունների մասին
Այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ էին իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և նրա եղբորորդու՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։
«Խուզարկություններ են տեղի ունենում նաև Կարապետյան ընտանիքի հետ կապվող այլ հասցեներում»,- հայտնել էր կուսակցության խոսնակ Աղավնի Սուքիասյանը։
Քննչական կոմիտեից ավելի ուշ հաստատել էին տեղեկությունը՝ նշելով, որ կոմիտեի Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ:
ՔԿ. «Քողարկել են հափշտակված միջոցների հանցավոր ծագումը»
Խուզարկություններից ժամեր անց հաղորդագրությամբ հանդես եկավ Հայաստանի Քննչական կոմիտեն՝ մանրամասներ հայտնելով քննվող գործի մասին․
«Ս.Կ.-ի կազմակերպմամբ և ղեկավարմամբ գործող հանցավոր խմբի անդամները՝ «ՀԷՑ» ՓԲ ընկերության տնօրենների խորհրդի առանձին անդամները, ընկերության գլխավոր տնօրենը և տեղակալը, այլ պատասխանատու անձինք ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու դիտավորությամբ կատարել են ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարման լիազորությունների չարաշահում»:
Կոմիտեի փոխանցմամբ՝ վերոնշյալ անձինք դիտավորությամբ հափշտակել, ինչպես նաև ներգրավված վարկային միջոցներից (ընկերության գործունեության ապահովման իրական անհրաժեշտությունից չբխող չափերով վարկային միջոցներից) 2024-2025 թվականներին ՓԲ ընկերությունից ապօրինի եղանակով դուրս են բերվել գումարներ` դրանք որպես շահաբաժին տրամադրելով ՀԷՑ-ի բաժնետերեր «Լիորմանդ Հոլդինգս Լիմիտեդ» և «Տաշիր Կապիտալ» ՓԲ ընկերություններին:
Արդյունքում ՀԷՑ-ին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 64 մլրդ դրամի վնաս:
Շեշտվում է, որ ձեռքբերված ֆինանսական միջոցներն օրինականացնելու նպատալով՝ Ս.Կ.-ի կազմակերպմամբ և ղեկավարմամբ փոխկապակցված մեկ տասնյակից ավելի կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարներն առանձնապես խոշոր չափերով ֆինանսական միջոցները շրջանառելու պատրանք ստեղծելու եղանակով իրականացրել են հետևյալ քայլերը՝
- քողարկել են հափշտակված ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը,
- փոխակերպել և միախառնել են իրենց այլ եկամուտներին՝ այդպիսով թաքցնելով հանցավոր ճանապարհով ստացված գույքի և դրամական միջոցների իրական ծագման բնույթը:
Հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել 36 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ: Քննիչի կողմից որոշում է կայացվել հիշյալ անձանց ձերբակալելու վերաբերյալ:
Հաղորդվում է, որ քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Ընդդիմությունը պնդում է՝ «քաղաքական ճնշում» է
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում տեղի ունեցողը կապել է նոր Սահմանադրության վերաբերյալ ընդդիմադիր ուժի դիրքորոշման հետ։ Կարծիք է հայտնել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է այս ձևով իրենց համոզել, մասնավորապես՝ «առևտուր անել»՝ ազատ արձակելով Սամվել Կարապետյանին նոր Սահմանադրության հանրաքվեի հնարավորության դիմաց:
«Հիմա մեզ համոզում են, որ Սահմանադրությունը հանրաքվեի դրվի և ընդունվի։ Տեսեք՝ Բաքվից ինչ ասում են, այստեղ գալիս, սկսում են մեզ համոզել։ Մենք այն պատն ենք, որը խանգարում է նրանց անցկացնել Ալիևի ուզած Սահմանադրությունը»,- ընդգծել է նա։
Ասում է՝ դիրքորոշում չեն փոխի, եթե նույնիսկ հարյուրավոր մարդկանց կալանավորեն:
Նարեկ Կարապետյանի համոզմամբ՝ տեղի ունեցողը կապ չունի որևէ տնտեսական հանցագործության հետ, իշխանության քաղաքական ճնշումն է ընդդիմադիրների նկատմամբ։
Հորեղբոր՝ Սամվել Կարապետյանի ձերբակալման լուրից հետո Նարեկ Կարապետյանն ավելի կոշտ բառապաշարով է արտահայտվել:
«Ինքը մտածում ա, թե սենց իրա հավ խելքով ինչ-որ բանի կհասնի։ Ինչ պլանավորել ես, չի ստացվել ու չի ստացվելու, վախդ բռնել է մեր թշնամին»,- դիմելով վարչապետ Փաշինյանին՝ հայտարարել է Կարապետյանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Խուզարկությունից հետո Սամվել Կարապետյանը ձերբակալվել է