Աբխազիան պատրաստվում է Պետդումայի ընտրություններին
Աբխազիան ակտիվորեն պատրաստվում է Ռուսաստանի Պետդումայի ընտրություններին, որոնք տեղի կունենան 2026 թվականի սեպտեմբերի 20-ին: Քանի որ Աբխազիայի բնակիչների մեծամասնությունն ունի երկքաղաքացիություն, նրանք նույնպես իրավունք ունեն քվեարկելու այդ ընտրություններում։
Արտերկրում քվեարկող ռուսների համար 152 երկրներում կբացվի 319 ընտրատեղամաս: Դրանցից 35-ը, այսինքն՝ ավելի քան 10%-ը, կբացվի Աբխազիայում։
Շատերը կարծում են, որ 250․000 բնակչություն ունեցող փոքր հանրապետության համար դա չափազանց շատ է։
Քննադատներից մեկը հայտնի աբխազ բլոգեր և հասարակական գործիչ Ախրա Բժանիան է: Նա կարծում է, որ ընտրատեղամասերի «չափից շատ լինելն» ու ակտիվ քարոզարշավը նպատակ ունեն Աբխազիայի բնակիչների մոտ առաջացնել Ռուսաստանին «պատկանելու» զգացում։
«Արտասահմանում երկքաղաքացիություն ունեցող անձանց համար գործում է քվեարկության ստանդարտ ընթացակարգ։
Սովորաբար բացվում է երկու կամ երեք ընտրատեղամաս, գումարած մեկ ընտրատեղամաս հյուպատոսարանում կամ դեսպանատանը։ Եվ վերջ։
Աբխազիան չի կարող իր բյուջեից միջոցներ հատկացնել օտարերկրյա պետության սահմանադրական միջոցառումների կատարումն ապահովելու համար։ Դա անհեթեթություն է։
Եթե նրանք ինձ հակադարձեն՝ ասելով, թե քարոզարշավը ֆինանսավորում է ռուսական կողմը, դա ավելի վատ է։
Ես կբացատրեմ, թե ինչու։ Աբխազիայից ստացված 50 կամ 60 հազար ձայները որևէ ազդեցություն չեն ունենա Դումայի կուսակցությունների ընդհանուր կոնֆիգուրացիայի վրա։
Այստեղ ընտրարշավի անցկացումն անհրաժեշտ է մեկ այլ՝ գաղափարական պատճառով, այն է՝ Աբխազիայի քաղաքացիների մոտ ձևավորել Ռուսաստանի Դաշնության հետ մեկ միասնական քաղաքական և վարչական տարածքի զգացողություն։ Իսկ այդտեղից դեպի ընդհանուր պետություն հեռու չէ։
Ես կասկած չունեմ, որ կան երկքաղաքացիություն ունեցող աբխազներ, որոնց համար ռուսական կուսակցությունների ծրագրերի տարբերությունները սկզբունքային նշանակություն ունեն։ Եվ, համապատասխանաբար, Դումայի ընտրությունները նրանց համար ոչ միայն քաղաքացիական, այլև քաղաքական ակտ են։
Բայց այդ դեպքում թող նրանք նախապես պլանավորեն իրենց ժամանակացույցը և քվեարկեն Սոչիում, Կրասնոդարում կամ Մոսկվայում, ինչպես անում են Հայաստանում, Ղրղզստանում և այլուր ապրող ռուսները։
Իսկ մեր ողջ հանրապետությունը պատված է պաստառներով, որոնք կոչ են անում քվեարկել մեկ այլ երկրի պետական մարմնի օգտին։ Մենք նախատեսում ենք բացել 35 ընտրատեղամաս, ինչպես մեր սեփական նախագահական ընտրությունների ժամանակ։
Ինձ համար, և ոչ միայն ինձ համար, դա տարօրինակ է և անհամատեղելի մեր պետության կարգավիճակի և աբխազա-ռուսական հարաբերությունների մակարդակի հետ»։