Զբոսաշրջային սեզոնի նախաշեմին ռուսական «Բիբլիո-Գլոբուս» տուրօպերատորը կտրուկ իջեցրել է Աբխազիայում՝ իր կողմից վարձակալվող խոշոր հյուրանոցներում և պանսիոնատներում գիշերակացի արժեքները: Այլ կերպ ասած, սկսել է գների դեմպինգային արշավ, որն սպառնում է սնանկացնել հյուրանոցների տեղացի սեփականատերերին։
Սոցցանցերը լի են տեսանյութերով, որոնք ցույց են տալիս, թե ինչպես կարելի է գրեթե անվճար հանգստանալ Աբխազիայի ծովափնյա հյուրանոցում՝ օրական երեքանգամյա սնունդով. սենյակների գները տատանվում են 180-400 ռուբլիի սահմաններում [մոտավորապես 2-5 դոլար]:
Տեսանյութերի հեղինակները ոգևորությամբ կիսում են իրենց տպավորությունները։
«Մաքուր, հարմարավետ երկտեղանոց սենյակ՝ ծովի տեսարանով, որը շատ մոտ հեռավորության վրա է: Բավականին լավ նախաճաշ, ճաշ և ընթրիք։ Եվ այս ամենը արժե 360 ռուբլի [$4.81] մեկ գիշերվա և երկու անձի համար։ Տպավորություն է, թե վիճակախաղի տոմս եք շահել»,— ուրախությամբ նշել է մի ռուս զբոսաշրջիկ։
Սակայն փոքր հյուրանոցների ու հյուրատների տեղացի սեփականատերերը, ինչպես նաև նրանք, ովքեր ամռանը վարձակալության են տալիս իրենց բնակարանները, տոնելու բան չունեն. գների նման արհեստական իջեցումը սպառնում է նրանց թողնել առանց եկամտի աղբյուրի։
Սա առաջին անգամը չէ, որ «Բիբլիո-Գլոբուս»-ը կիրառում է այս հնարքը. անցյալ տարի այն աբխազական հյուրանոցների համար աբսուրդային ցածր գները պահպանեց ընդհուպ մինչև հուլիս։ Դրա պատճառով հյուրատները գործնականում դատարկ էին, դրանց սեփականատերերը կրեցին հսկայական վնասներ։ Նրանցից շատերը բողոքում էին, որ ռուսական տուրօպերատորը փաստացի իրենց հասցրել է սնանկացման եզրին։
«Աբխազիայում զբոսաշրջային սեզոնը տևում է մայիսից մինչև հոկտեմբեր։ Եվ այս ընթացքում վաստակած գումարն այնուհետև բաշխվում է ամբողջ ոչ սեզոնային ժամանակահատվածի վրա։ Իսկ անցյալ տարվա դեմպինգային արշավի հետևանքով տեղի հյուրանոցատերերը գործնականում կորցրին երկու ամիս։ Արդյունքում, շատերը մնացին պարտքերի մեջ՝ շահույթ ունենալու փոխարեն։
Եթե նայեք սոցցանցերում վաճառքի հանված փոքր հյուրատների քանակին, կարող եք գոնե մոտավորապես գնահատել տեղական զբոսաշրջային արդյունաբերությանը հասցված աղետի մասշտաբները»,- բողոքում է հյուրատան սեփականատեր Էլվիրան։
Անցյալ տարի դեմպինգի հետ կապված իրավիճակն այնքան սուր էր, որ Աբխազիայի խորհրդարանը դրան առանձին նիստ նվիրեց։ Սակայն արդյունավետ միջոցներ այդպես էլ չձեռնարկվեցին։