ՌԴ-ն այլևս չի գրավում հայ աշխատանքային միգրանտներին. նոր ուղղությունների որոնում Եվրոպայում
Աշխատանքային միգրացիայի նոր ուղղությունները ՀՀ-ից
Հայաստանցիների համար փոխվում է աշխատանքային միգրացիայի աշխարհագրությունը։ Տարիներ շարունակ հիմնական և ավանդական ուղղություն համարվող Ռուսաստանը վերջին շրջանում կորցնում է իր գրավչությունը։ Դա պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական դժվարություններով, ռուբլու արժեզրկումով։
Այսօր շատերը վերադառնում են ՌԴ-ից հայրենիք, փորձում աշխատանք գտնել տեղում։ Ոմանք էլ փնտրում են նոր հնարավորություններ՝ փոխելով աշխատանքային միգրացիայի վեկտորը դեպի եվրոպական երկրներ։

- «Հիմա Հայաստանում աշխատելն ավելի ձեռնտու է»․ աշխատանքային միգրացիան դեպի ՌԴ նվազել է
- «Ապացուցեցինք, որ ՀՀ-ն ծայրագավառ չէ, խաչմերուկ է»․ Փաշինյան
- «Հայաստան-ԵԱՏՄ «ամուսնալուծության» նախանշաններ կան»․ հայ քաղաքագետ
Աշխատանքային վիզայով դեպի Լեհաստան՝ մսագործի եվրոպական փորձը
Երկու տարի Լեհաստանի մսամթերքի արտադրամասում աշխատելուց հետո 40-ամյա Սերոբը (անունը փոխված է) ժամանակավորապես վերադարձել է Հայաստան։ Պետք է դեսպանատուն ներկայացնի անհրաժեշտ փաստաթղթերը, որպեսզի կնոջն ու երկու երեխաներին իր հետ տանի Վարշավա։
«Ստացել եմ երեք տարվա աշխատանքի և բնակության իրավունք։ Ընտանիքից հեռու ապրելը շատ դժվար է, որոշեցի որ պետք է միասին լինենք։ Ի դեպ, ասեմ՝ Լեհաստանը շատերի համար դարձել է Եվրոպայի աշխատաշուկա մտնելու առաջին քայլերից մեկը։ Իմ ընկերներից շատերը օրինական աշխատանքային վիզայով աշխատում են Չեխիայում, Հոլանդիայում և այլ երկրներում։ Ինձ նույնպես կար առաջարկություն մեկնել Հոլանդիա, բայց ես որոշեցի մնալ Լեհաստանում»,- ասում է նա։
Սերոբը մսագործ է։ Հայաստանում նա արդեն պահանջված մասնագետ էր։ Սակայն Հայաստանում ստացած եկամուտը, նրա խոսքով՝ բավարար չէր ընտանիքը պահելու համար․
«Մսագործ ընկերներ ունեի, որոնք արդեն աշխատում էին Եվրոպայում մեր մասնագիտությամբ։ Նրանք պատմում էին, որ այդ աշխատանքը Եվրոպայում պահանջված է և ավելի լավ է վարձատրվում։ Աստիաճանաբար իմ մեջ էլ սկսեց հասունանալ այդ գաղափարը, իսկ ինչո՞ւ չփորձել գնալ աշխատելու։ Մանավանդ, որ շատ պարտքեր ունեի, վարկեր։ Լեհաստան մեկնեցի աշխատանքային վիզայով։ Գործընթացը արագ չէր։ Դիմելուց հետո մոտ մեկ տարի սպասել եմ, մինչև Լեհաստանի դեսպանատունը հրավիրեց հարցազրույցի»։
Պատմում է, որ միջնորդ կազմակերպության միջոցով իր տվյալները փոխանցվել էին մսի արտադրությամբ զբաղվող մի ընկերության։ Ընկերության ներկայացուցիչները առցանց հարցազրույց են անցկացել Սերոբի հետ։ Տեսազանգի ընթացքում նա գործատուին ցուցադրել է իր մասնագիտական հմտությունները, ինչպես է աշխատում, ինչպես է առանձնացնում միսը ոսկորից։
«Գործատուն հավանեց, ուղարկեցին պայմանագիրը և անհրաժեշտ փաստաթղթերը։ Իսկ դեսպանատունը հաստատեց աշխատանքային վիզան։ Լեհաստանում առաջին շրջանում ապրել եմ մի տան մեջ տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ։ Բոլորն էլ աշխատողներ էին, տարբեր սենյակներում էինք մնում։ Հետագայում, երբ ֆինանսական վիճակս փոքր-ինչ կայունացավ, հայ ըներոջս հետ տեղափոխվեցի առանձին բնակարան։ Աշխատածս գումարի մեծ մասն ուղարկում էի ընտանիքիս, ֆինանասական հարցերը կարգավորելու համար։ Ես չեմ աշխատել խանութում կամ շուկայում, աշխատել եմ մսի արտադրությամբ զբաղվող հատուկ գործարանում, սառնարանային պայմաններում։ Դա ծանր ֆիզիկական աշխատանք է»,- իր լեհական փորձառությունն է ներկայացնում մսագործը։
Նրա խոսքով՝ մսագործների պահանջարկը Եվրոպայում մեծ է։ Գործարաններում աշխատում են տարբեր երկրների քաղաքացիներ՝ Ուկրաինայից, Արգենտինայից, Ադրբեջանից, Հայաստանից։
«Հայերից շատերն են մեկնում հիմա եվրոպական երկրներում աշխատելու։ Ասեմ, որ բացի մսի ոլորտից, այստեղ, երբ գալիս էի, ինքնաթիռում հրուշակագործ կանանց հանդիպեցի։ Նրանք էլ էին օրինական աշխատանքային պայմանագրով գալիս Լեհաստանում աշխատելու։ Շատ են խանութներում աշխատողները, հատկապես նրանք, ովքեր լեզուներ գիտեն։ Ամեն դեպքում ես գոհ եմ։ Մեկ ամսից կվերադառնամ իմ գործին, այս անգամ ընտանիքիս հետ»,- ասում է Սերոբը։
Հայկական դիպլոմով՝ Գերմանիայի բժշկական համակարգում
Եվրոպական աշխատաշուկայում պահանջված են նաև բժիշկները, ուսուցիչները, տարբեր ոլորտների բարձր որակավորում ունեցող մասնագետները։ Նրանցից մեկն էլ Էդգար Միրզոյանն է, որն արդեն ինը ամիս է, ինչ ապրում և աշխատում է Գերմանիայում։

«Մի օր բուժքույրս պատմեց, որ իր բարեկամուհին Գերմանիայում է աշխատում է, ասաց՝ հնարավոր է՝ այնտեղ ատամնաբույժի կարիք ունենան։ Պարզապես փոխանցեցի տվյալներս ու մոռացա այդ մասին։ Որոշ ժամանակ անց կապ հաստատեցին ինձ հետ։ Սկսեցի զուգահեռ գերմաներեն պարապել։ Ամբողջ գործընթացը տևեց երկու տարի՝ լեզվի ուսուցում, փաստաթղթեր, քննություններ, մինչև վերջապես տեղափոխվեցի Գերմանիա։ Ի դեպ, այս երկրում շատ ավելի իրատեսական էր հայկական դիպլոմի ճանաչման գործընթացը»,- ասում է Էդգարը։
Զուգահեռաբար 30-ամյա ատամնաբույժը ուսումնասիրում էր ոչ միայն մասնագիտական հնարավորությունները, այլև երկրի ընդհանուր միջավայրը՝ տնտեսությունը, անվտանգության մակարդակը, նույնիսկ երջանկության ինդեքսը։
«Վերջնական ընտրության վրա ազդեց նաև աշխարհագրական գործոնը։ Ինձ համար կարևոր էր Հայաստանի հետ կապը չկորցնելու հանգամանքը։ Գերմանիայից Հայաստան ընդամենը մի քանի ժամում կարելի է հասնել։ Այդ առումով Եվրոպան ինձ համար շատ ավելի հարմար տարբերակ էր, քան, օրինակ, Կանադան։ Մինչև Գերմանիա գալը պատկերացումներս բոլորովին այլ էին։ Իհարկե, ամեն ինչ շատ անհատական է։ Ինձ հետ նույն ժամանակ եկած բժիշկներ կան, որոնց ճանապարհը շատ ավելի բարդ է եղել։ Շատ բան կախված է նրանից, թե որ քաղաք ես գնում, ինչ գործատու ես ունենում, ինչ մարդկանց ես հանդիպում։ Յուրաքանչյուրի փորձը տարբեր է»,- պատմում է նա։
Էդգարը աշխատանքի է անցել Գերմանիա հասնցելուց ընդամենը երկու օր անց։ Ավելի ուշ նրան է միացել է նաև կինը։
«Մինչև Գերմանիա գալս արդեն հերթագրված էի մասնագիտական լեզվի քննությանը։ Ստուգում են, թե որքան լավ ես տիրապետում բժշկական գերմաներենին։ Քննությունը հաջողությամբ հանձնեցի։ Դրանից հետո ինձ տրվեց երկու տարվա ժամանակավոր լիցենզիա։ Այդ ընթացքում կարող եմ աշխատել, բայց պարտադիր՝ փորձառու բժշկի վերահսկողության ներքո։
Հիմա էլ դեռ ընթանում է դիպլոմիս վերջնական ճանաչման գործընթացը։ Դրա համար համալսարանի ամբողջ ուսումնական ծրագիրը, անցած ժամերը և առարկաները համեմատում են Գերմանիայի կրթական ծրագրի հետ։ Այս գործընթացի համար դեռ Հայաստանում էի դիմել։ Երկու տարի սպասելուց հետո միայն սկսել են ուսումնասիրել փաստաթղթերս։ Եթե պարզվի, որ կրթական ծրագրում տարբերություններ կան, պետք է լրացնեմ այդ բացերը։ Թե դրանք որքան մեծ կլինեն, դեռ հայտնի չէ»,- ասում է բժիշկը։
Ըստ նրա՝ Գերմանիայում աշխատելն ունի իր առանձնահատկությունները։ Բեռլինը բազմազգ քաղաք է, և նրա պացիենտները միայն գերմանացիներ չեն, հիվանդների մոտ 30 տոկոսը հայեր և եզդիներ են, ևս 30 տոկոսը՝ ռուսներ, ուկրաինացիներ։
Էդգարն ասում է, որ կուզեր՝ Հայաստանում էլ մարդիկ այնքան ուշադիր լինեին իրենց առողջության նկատմամբ, որքան իր գերմանացի հաճախորդներն են․
«Այնքան տեղեկացված են, որ օգտագործում են միջազգային համարակալումը և բժշկի հետ խոսում են մասնագիտական լեզվով։ Գերմանիայում մարդիկ պարտադիր և կանոնավոր այցելում են ստոմատոլոգի։ Վեց ամիսը մեկ զննում անցնելը սովորական բան է։ Արդյունքում շատ ավելի հաճախ եմ հանդիպում առողջ ատամնաշար ունեցող մարդկանց, քան Հայաստանում։ Իմ ամենափոքր պացիենտը Հայաստանում երեք տարեկան էր, իսկ Գերմանիայում՝ վեց ամսական։ Ծնողները երեխային բերում են դեռ առաջին ատամների աճի շրջանում, որպեսզի բժիշկը գնահատի բերանի խոռոչի վիճակը, բացատրի խնամքի կանոնները և հետևի զարգացմանը։ Սկզբում ինձ չափազանցություն էր թվում, բայց հիմա հասկանում եմ, որ հենց այդ մշակույթի շնորհիվ են ավելի քիչ բարդ դեպքեր հանդիպում»։
Նա կարևորում է Գերմանիայում ձեռք բերած փորձը։ Միևնույն ժամանակ ընդգծում է, որ Հայաստանում էլ է իրեն գնահատված զգացել․
«Իհարկե, գումարը միշտ կարող է դրսում ավելի շատ լինել։ Բայց ես չէի այդպիսի զգացողություն չեմ ունեցել, որ իմ աշխատանքը գնահատված չէ։ Հայաստանում ինձ ոչինչ չէր խանգարում մասնագիտական աճ ունենալ։ Նույնիսկ հիմա շարունակում եմ աշխատել Հայաստանում։ Տարին երկու անգամ կարող եմ արձակուրդ վերցնել և գալ Հայաստան։ Հիմնականում իմպլանտացիաներ և վիրահատություններ եմ անում ու վերադառնում Գերմանիա։ Շատ հիվանդներ ունեմ, որոնք սպասում են ինձ։ Նախապես պայմանավորվում ենք, գալիս եմ, կատարում վիրահատությունը, իսկ հաջորդ փուլը՝ երեքից վեց ամիս անց, արդեն հաջորդ այցիս ընթացքում»։
Երիտասարդ ատամնաբույժը հավաստիացնում է, որ գերմանական բուժհաստատությունում հաջողությամբ իրականացնում է նաև բարդ վիրաբուժական միջամտություններ։
Երբ աշխատանքային միգրացիան ընտանիքի ընտրությունն է
Եվրոպա մեկնողների փորձը միայն մասնագիտական առաջընթացի մասին չէ։ Շատերի համար դա ընտանիքի ապագայի, նոր միջավայրում կայանալու և կյանքի պայմանները փոխելու ընտրություն է։
Այդ ճանապարհն է անցել Վերգինեն (անունը փոխված է)։ Նա 7 տարի է, ինչ ապրում է Չեխիայում՝ ամուսնու և արդեն երկու երեխաների հետ։
«Սկզբում ամուսինս աշխատանքային վիզայով մեկնեց Պրահա։ Սկսեց աշխատել անվտանգության ոլորտում՝ առևտրի կենտրոններից մեկում։ Երկու տարի անց ես միացա նրան։ Այս քայլին գնացինք գիտակցված` ամեն ինչ լավ հաշվարկելով։ Ուզում էինք կայանալ և մեր կյանքը շարունակել եվրոպական երկրներից մեկում։ Այդ առումով Չեխիան մեզ համար հարմար տարբերակ էր, և այսօր մեր ընտրությունից շատ գոհ ենք»,- վստահեցնում է Վերգինեն։
Մինչև Չեխիա մեկնելը ամուսինները աշխատում էին «Զվարթնոց» օդանավակայանում։
«Ես Չեխիայում սկզբում աշխատում էի լեզուների կենտրոնում՝ որպես անգլերենի մասնագետ։ Հետո այստեղ ծնվեց երկրորդ երեխաս։ Իհարկե, դժվարությունները շատ էին։ Օտար երկրում էինք, առանց հարազատների աջակցության, փոքր երեխայի հետ, բայց հաղթահարեցինք։ Այսօր արդեն աշխատում եմ դպրոցում՝ որպես անգլերենի մասնագետ»,- պատմում է նա։
Երիտասարդ ընտանիքը դեռևս նպատակ չունի վերադառնալ Հայաստան, թեև պարբերաբար այցելում է հարազատներին։
«Առայժմ ունենք այստեղ ապրելու և աշխատելու իրավունք, բայց վստահ եմ՝ մի օր անպայման կվերադառնանք Հայաստան»,- ասում է Վերգինեն։
Փոխվող միգրացիոն ուղղություններ՝ առանց ամբողջական վիճակագրության
«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի միգրացիոն հարցերի փորձագետ Տաթևիկ Բեժանյանի խոսքով՝ Հայաստանում դեռևս չկա վիճակագրություն, որը կարտացոլի, թե քանի մարդ է աշխատանքային նպատակով մեկնում եվրոպական երկրներ։
Պատճառներից մեկն այն է, որ Հայաստանը Եվրամիության երկրների հետ աշխատանքային միգրացիայի վերաբերյալ միջպետական համաձայնագրեր չունի։ Այս տեսակետից բացառություն է միայն Բուլղարիան։ Բացի այդ, դեպի Եվրոպա մեկնողների մեծ մասը աշխատանքի է տեղավորվում մասնավոր միջնորդ կազմակերպությունների միջոցով, և այդ գործընթացը պետական մակարդակով չի հաշվառվում։
«Պետական վիճակագրության մեջ այդ տվյալները չեք գտնի։ Մյուս կողմից, մենք չունենք նաև միգրացիոն քարտի այնպիսի համակարգ, որտեղ մարդը երկիր մուտք գործելիս կամ դուրս գալիս պարտադիր նշի, որ մեկնում է աշխատանքի նպատակով։ Նա կարող է ընդհանրապես չհայտարարել իր մեկնելու իրական նպատակը», — ասում է Բեժանյանը։
Նրա խոսքով՝ այս խնդիրը բնորոշ է ոչ միայն Հայաստանին։
Միջազգային պրակտիկայում աշխատանքային պետությունները հիմնականում հաշվառում են իրենց երկիր ժամանող աշխատանքային միգրանտներին, քանի որ հենց այդ հոսքերն են կարողանում կառավարել։ Իսկ սեփական երկրից մեկնողների վերաբերյալ ամբողջական տվյալներ ունեն միայն այն պետությունները, որոնք վարում են նպատակային աշխատանքային միգրացիայի քաղաքականություն, կնքում են երկկողմ համաձայնագրեր և կազմակերպված խմբերով աշխատողներ են ուղարկում արտերկիր, ինչպես, օրինակ, Ֆիլիպինները կամ Ուզբեկստանը։
Տաթևիկ Բեժանյանը նշում է, որ նույնիսկ Ռուսաստան մեկնող հայաստանցի աշխատանքային միգրանտների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար Հայաստանի պետական մարմինները հետևում են ռուսական պաշտոնական տվյալներին․
«Եթե աշխատանքային միգրացիայի աշխարհագրությունն ընդլայնվի, ստիպված ենք լինելու նման տվյալներ ստանալու համար դիմել այդ երկրներին՝ օրինակ, Լեհաստանին, Չեխիային կամ Նիդեռլանդներին՝ հասկանալու, թե այդ երկրներում քանի ՀՀ քաղաքացի է աշխատում»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Աշխատանքային միգրացիայի նոր ուղղությունները ՀՀ-ից