Wildberries-ն Աստանայում և Ալմաթիում կառուցում է պահեստներ՝ ավելի քան 260․000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի առևտրի և ինտեգրման նախարար Արման Շաքկալիևը։
Մանրամասներ: Պաշտոնյայի խոսքով՝ Wildberries-ն Ալմաթիի մոտակայքում կառուցում է ավելի քան 100․000 քառակուսի մետր մակերեսով պահեստ։ Եվս մեկ օբյեկտ կառուցվում է Աստանայում՝ 160․000 քառակուսի մետր մակերեսով։ Երկու օբյեկտներն էլ նախատեսվում է գործարկել 2027 թվականի առաջին եռամսյակում։ Բացի այդ, ընկերությունն արդեն վարձակալել է մոտ 46․000 քառակուսի մետր պահեստային տարածք։
Շաքկալիևն ընդծել է, որ նախարարությունը Wildberries-ից որևէ պաշտոնական հարցում չի ստացել Ղազախստանում նոր պահեստների տեղակայման վերաբերյալ:
Այնուամենայնիվ, նա պարզաբանել է, որ ընկերությունները կարող են պահեստների սեփականատերերի հետ բանակցել ինքնուրույն՝ առանց կառավարության մասնակցության:
Հաստատում ՌԴ ԱԳՆ-ից:Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտնել է, որ Մոսկվան և Աստանան իրենց առցանց առևտրային հարթակների ինտեգրման ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են դեռևս Wildberries-ի պահեստների վրա ուկրաինական հարձակումներից առաջ։ Նրա խոսքով՝ հարյուր հազարավոր ղազախստանցի մատակարարներ արդեն իսկ գրանցված են Ozon-ում և Wildberries-ում:
Գալուզինը հրաժարվել է բացահայտել գործարքների մանրամասները, առաջարկել է ընկերությունների ծրագրերի մասին կոնկրետ տեղեկություններ ստանալ դրանց ներկայացուցիչներից:
Համատեքստ
«Կոմերսանտ»-ը հուլիսի 29-ին հայտնել էր, որ Ռուսաստանում լոգիստիկ կենտրոնների վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումներից հետո Wildberries-ը պահեստներ է փնտրում Ղազախստանում: Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ ընկերությունը պատրաստ է ձեռք բերել Ղազախստանում հասանելի բոլոր պահեստները՝ հաշվի առնելով առաջարկների սահմանափակ լինելը: Առցանց առևտրային հարթակը փորձում է այդ կերպ իր որոշ հզորություններ պաշտպանել անօդաչու թռչող սարքերի հարվածներից:
Մինչդեռ, ըստ «Կոմերսանտ»-ի, Wildberries-ը շարունակում է նոր պահեստներ փնտրել նաև Ռուսաստանում: Տարածքների սեփականատերերը, սակայն, ներկայումս չեն ցանկանում վարձակալության նոր պայմանագրեր կնքել հարթակի հետ։ Պատճառն անօդաչու թռչող սարքերի հարձակումների ռիսկն է։