«Գլխավոր արդյունքն անվտանգային իրավիճակի բարելավումն է»․ վաշինգտոնյան գագաթնաժողովից 1 տարի անց
Խաղաղության գագաթնաժողովից 1 տարի անց
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը տեսանելի և զգալի է բոլորին»,- օգոստոսի 8-ին նվիրված ուղերձում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մեկ տարի առաջ՝ 2025 թ․-ի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Վաշինգտոնում կայացավ խաղաղության պատմական գագաթնաժողովը։ Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրեցին խաղաղության պայմանագիրը, ստորագրվեց TRIPP-ի՝ «Թրամփի ուղու» վերաբերյալ համատեղ հռչակագիր, ինչպես նաև ԱՄՆ-ՀՀ, ԱՄՆ-Ադրբեջան մի շարք երկկողմ փաստաթղթեր։
Փաշինյանը տեղեկացրել է՝ խաղաղության պայմանագիրը սպասում է իր ստորագրմանն ու վավերացմանը, առաջիկայում կմեկնարկի TRIPP նախագծի գործնական իրականացումը, ինչը կդառնա «տարածաշրջանային ու միջազգային մեծ իրադարձություն»։
Հայաստանի վարչապետն օգոստոսի 8-ի առիթով շնորհավորել է ՀՀ և Ադրբեջանի ժողովուրդներին և ընդգծել․ «Վերջապես ունենք մի օր, որ խաղաղեցնում և ոչ թե բորբոքում է մեզ»։
Հայտարարությամբ է հանդես եկել նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և երկու երկրներին շնորհավորել «վերջին մեկ տարվա ընթացքում ցուցաբերած խիզախության և հեռատեսության համար»։
«Ակնկալում ենք շարունակական առաջընթաց Հարավային Կովկասում կայուն և երկարատև խաղաղության հաստատման ճանապարհին»,- շեշտել է պետքարտուղարը։
Օրվա առիթով վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Հայ փորձագետները վաշինգտոնյան գագաթնաժողովի գլխավոր արդյունք են համարում տարածաշրջանում հաստատված կայունությունը։
Միևնույն ժամանակ հիշեցնում են՝ Բաքուն դեռևս ունի «ագրեսիվ օրակարգեր», օրինակ՝ այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» թեմայով։ Ադրբեջանն այդպես է անվանում Հայաստանի ողջ ինքնիշխան տարածքը։
Բոլոր մանրամասները՝ Փաշինյանի և Ռուբիոյի ուղերձները, զրույց Թրամփի և Ալիևի հետ, մեկնաբանություն
- Հնարավորությո՞ւն, թե՞ ռիսկ․ ՀՀ և Ադրբեջանի տարածքով կկազմակերպվի ինտերնետ տրաֆիկի տարանցում
- «Պատերազմի սպառնալիքի և ռիսկերի կառավարում»․ մանրամասներ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
- «Համահունչ չեն խաղաղության օրակարգին»․ Բաքվում հայ գերիների դատավճիռների մասին
- Փաշինյանն ու Ալիևը խաղաղության հաստատման համար ԱՄԷ-ում արժանացան «Զայեդ» մրցանակի
Փաշինյանը՝ չլուծված խնդիրների մասին․ ի՞նչ է պետք խաղաղությունն անշրջելի դարձնելու համար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խաղաղության գագաթնաժողովի 1-ամյակի առիթով ուղերձում հերթական անգամ հայտարարել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատված է։
«Սա, իհարկե, չի նշանակում, թե խաղաղության օրակարգի իրացման ճանապարհին վերջնական հանգրվանի ենք հասել»,- հավելել է նա։
Վարչապետի գնահատմամբ՝ դեռևս չլուծված են մնում հետևյալ հարցերը՝
- խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը,
- Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատումը,
- «հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը» [նկատի ունի Բաքվում պահվող 19 հայ գերիներին]։
Միաժամանակ արձանագրել է՝ 2025 թ․-ի օգոստոսի 8-ը սահմանագիծ է, ՀՀ պատմությունը կարելի է բաժանել դրանից առաջի և հետոյի։ Ըստ նրա՝ օգոստոսի 8-ից առաջ պետությունը փակուղու մեջ էր, իսկ դրանից հետո բացվել են «անծայրածիր հեռանկարներ»։
Ըստ Փաշինյանի՝ խաղաղության գագաթնաժողովի քաղաքական և սոցիալ-հոգեբանական մեծագույն արդյունքը հետևյալն է՝ մեր պատմության ղեկը կրկին հայտնվել է մեր ձեռքում։ Կարևորագույն արդյունք է համարել նաև «Թրամփի ուղի» (TRIPP) նախագիծը։
«Այն ոչ միայն Հայաստանի ապաշրջափակմանը վերջ է դնելու շատ մոտ ապագայում, ոչ միայն դառնալու է ՀՀ ու տարածաշրջանի տնտեսության առանցքը, այլև օգնելու է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրար սկսեն ընկալել ոչ թե որպես խոչընդոտ, այլ որպես ճանապարհ, որպես դրացի»,- մանրամասնել է նա։
Փաշինյանը նշել է նաև, թե ինչ է անհրաժեշտ անել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն անշրջելի դարձնելու համար։
Շեշտել է՝ անհրաժեշտություն է ՀՀ-ում «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» և «Ադրբեջանից հայ փախստականների վերադարձի» իրավունքի մասին, իսկ Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջանի և արևմտաադրբեջանցիների վերադարձի» իրավունքի մասին խոսույթները չշարունակելը։
«Սա հարց է, որը թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում հասցեագրելու անհրաժեշտություն կա՝ հանուն մեր սերունդների խաղաղ համակեցության իրավունքի»,- ամփոփել է վարչապետը։
«TRIPP-ը մոտենում է իրականություն դառնալուն»․ Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն անդրադարձել է, մասնավորապես՝ TRIPP («Թրամփի ուղի») նախագծին։ Նրա փոխանցմամբ՝ TRIPP բազմամոդալ տարանցիկ երթուղին աստիճանաբար մոտենում է իրականություն դառնալուն․
«Հայաստանում արդեն սկսվել են երկաթուղու ինժեներական ուսումնասիրությունները, իսկ Ադրբեջանը գրեթե ավարտել է ՀՀ հետ կապվելու համար նախատեսված ավտոմայրուղու և երկաթուղու կառուցումը»։
Շեշտել է՝ TRIPP-ը պարզապես ենթակառուցվածքային նախագիծ չէ, այլ անդրկասպյան առևտրային երթուղու կարևոր օղակ, առևտրային նոր հնարավորությունների շարժիչ ուժ Նահանգների և այլ երկրների համար։
«Այն նաև օրինակ է այն բանի, թե ինչպես տնտեսական համագործակցությունը կարող է ամրապնդել խաղաղությունը երկարատև վեճերի կարգավորումից հետո»,- նշել է Ռուբիոն։
Պետքարտուղարի խոսքով՝ խաղաղությունը հնարավորություն է ստեղծել խորացնելու Միացյալ Նահանգների, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ու նպաստելու երեք երկրների տնտեսական բարգավաճմանը։ Վերահաստատել է՝ Նահանգները լիովին հավատարիմ է մնում Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությանը։
Շնորհակալություն Թրամփին
ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազրույցում ՀՀ վարչապետը նրան շնորհակալություն է հայտնել Խաղաղության գագաթնաժողովը կազմակերպելու, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված խաղաղության հռչակագիրը որպես վկա ստորագրելու համար՝ ընդգծելով «Թրամփի անձնական ջանքերի որոշիչ նշանակությունը խաղաղության հաստատման գործում»։
«Զրուցակիցներն ուրախությամբ են արձանագրել, որ Խաղաղության գագաթնաժողովը հանգեցրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղության, որը տեսնում և զգում են երկու երկրների ժողովուրդները»,- ասված է հաղորդագրությունում։
Երկու երկրների ղեկավարները քննարկել են TRIPP նախագծի իրականացման ներկա վիճակը՝ վերահաստատելով TRIPP-ի կառուցման աշխատանքները մոտ ապագայում սկսելու իրենց հաստատակամությունը։
Խաղաղության օգուտների մասին զրույց Ալիևի հետ
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանն օգոստոսի 8-ի առիթով զանգահարել է Ալիևին։ Կողմերը մատնանշել են վերջին մեկ տարվա ընթացքում հարաբերությունների կարգավորման գործում արձանագրված առաջընթացը։ Մասնավորապես՝ ընդգծել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը՝ որպես «խաղաղության օգուտների շոշափելի դրսևորում»․
«Այս համատեքստում կողմերը նշել են ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, ինչպես նաև տարանցիկ բեռների փոխադրումը Ադրբեջանի տարածքով դեպի ՀՀ և Հայաստանից դեպի այլ ուղղություններ»։
Բացի այդ, երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել TRIPP երթուղու իրականացման վերաբերյալ, ընդգծել են խաղաղության գործընթացի առաջմղման ջանքերը շարունակելու կարևորությունը։
Մեկնաբանություն
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը Civilnet-ի եթերում ընդգծել է․
«Գլխավոր արդյունքն այն է, որ վաշինգտոնյան գագաթնաժողովն ինչ-որ կայունության ժամանակահատված բերեց տարածաշրջան։
Մեկ տարի է, ինչ մենք մեծ հաշվով չենք քննարկում հնարավոր էսկալացիաները, Ադրբեջանից եկող անվտանգային ռիսկերը։
Երկրորդ դրական գործոնն այն է, որ, այնուամենայնիվ, ինչ-որ չափով փոփոխվել է մթնոլորտը, այն դարձել է ավելի համագործակցային։
Եթե խոսում ենք Ադրբեջանի մասին, իհարկե, նրանք դեռևս օգտագործում են որոշակի ագրեսիվ օրակարգեր, ակտիվ են պահում այդ օրակարգերը, ինչպես «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը։ Բայց կան նաև խաղաղությանը միտված գործողություններ, օրինակ՝ սեփական տարածքը տրանզիտի համար բացելը և նմանատիպ այլ որոշումներ։
Բնականաբար, ավելի լավ է, որ Ադրբեջանի տարածքը բաց լինի, ինչ-որ շփումներ լինեն, առևտուր լինի, քան էսկալացիայի վտանգ։
Բայց, ինչպես բազմիցս նշել ենք, մենք այս գործընթացի վերջնական արդյունքները կարող ենք գնահատել, երբ ոչ միայն TRIPP-ը կգործարկվի, այլև, երբ տեսնենք, թե TRIPP-ից հետո ինչ է գործարկվում։ Մոտակա տարիների ընթացքում հենց այս գործընթացներից է կախված լինելու մեր գնահատականը։
Եթե TRIPP-ը գործարկվի, TRIPP-ի հետ միասին նաև Հայաստանը հնարավորություն ստանա Ադրբեջանի տարածքով հասանելիություն ունենալ դեպի Իրան, Ռուսաստան, եթե հայ-թուրքական սահմանը բացվի, բնականաբար, սա կարելի է հաջողված գործընթաց համարել։
Եթե այդ ամենը տեղի չունենա կամ մասնակի տեղի ունենա, արդեն այլ գնահատականներ կարող են հնչեցվել։
Բայց ևս մեկ անգամ արձանագրենք, որ կայունությունը, որը եկել է տարածաշրջան վաշինգտոնյան գագաթնաժողովի արդյունքում, շատ կարևոր է ՀՀ համար: 2020-25 թթ․ ընկած ժամանակահատվածում մեր կյանքում գերակայում էին անվտանգային սպառնալիքները։ Անվտանգային իրավիճակի բարելավումն, իհարկե, նաև հնարավորություն է տալիս կենտրոնանալ և զբաղվել այլ հարցերով»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Խաղաղության գագաթնաժողովից 1 տարի անց