Բազմազավակության միտում Հայաստանում. վիճակագրություն, մի զույգի պատմություն և փորձագետի կարծիք
ՀՀ-ում աճել են երրորդ և հաջորդ երեխաների ծնունդները
Վերջին տարիներին Հայաստանում գնալով ավելանում են երրորդ և հաջորդ երեխաների ծնունդները: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝ եթե 2018թ-ին գրանցվել էր մոտ 8.3 հազար երրորդ և հաջորդ երեխայի ծնունդ, ապա 2023թ-ին այդ թիվը գերազանցել է 12.4 հազարը, 2024թ-ին կազմել է շուրջ 12 հազար։ Ընդհանուր առմամբ, 2018-2024թթ-ին արձանագրվել է շուրջ 45% աճ։ 2025թ-ի վիճակագրությունը դեռ ամբողջականացված չէ, սեպտեմբեր ամսվա դրությամբ երրորդ և հաջորդ երեխաների թիվը կազմել է 8,070:
Մասնագետները տարբեր պատճառներ են տեսնում այս թվերի հետևում։ Սակայն բազմազավակ ընտանիքներից յուրաքանչյուրի հետ զրույցում պարզ է դառնում, որ դրդապատճառներն ու պատմությունները տարբեր են: Ամենահաճախ հանդիպող պատասխաններն են՝
- «Մեկ կամ երկու երեխայով ընտանիքը փոքր է»,
- «Այլ սեռի երեխայի կարիք էր զգացվում»,
- «Երկրի ապագայով մտահոգությունը ստիպեց»:
- «Ծնողական ժամ» և ճկուն գրաֆիկ. փոփոխություններ Հայաստանի աշխատանքային օրենսգրքում
- Ինչո՞ւ են հայուհիներն ամուսնանում այլազգի տղամարդկանց հետ. երեք պատմություն
- Հայրության արձակուրդ. օրենքն ու իրականությունը հետխորհրդային երկրներում
- Հայաստանում երիտասարդները ձգտում են առանձին ապրել, ծնողները սկսել են դա խրախուսել
«Անկախ պետության աջակցությունից պլանավորել էինք ունենալ շատ երեխաներ»
Վանուհին և Տիգրան ամուսնացել են 2013թ-ին, յոթ տարի երեխա չունենալուց հետո որոշել են դիմել արհեստական բեղմնավորման: 2021թ-ին ունեցել են եռյակ՝ երկու տղա և մեկ աղջիկ:
«Մեզ առաջարկ եղավ ընտրել, թե քանի զավակ ենք ուզում ունենալ։ Կարող էինք մեկ, երկու, բայց որոշեցինք ռիսկի դիմել, միանգամից դառնալ եռյակի ծնող, թեև այդ դեպքում ավելի շատ ռիսկեր կային»,- ասում է Վանուհին:

Նրա խոսքով՝ և՛ իր, և՛ ամուսնու ընտանիքները բազմազավակ են։ Եվ իրենց ստեղծած ընտանիքն էլ պատկերացրել են բազմազավակ՝ նվազագույնը երեք, առավելագույնը վեց երեխաներով:
«Իմ քույր ու եղբայրներից այնքան շատ սեր ու հոգատարություն եմ ստացել, որ դժվար էր ինձ պատկերացնել մեկ կամ երկու երեխայով ընտանիք: Հիմա իմ ծնողները չկան, բայց ես այնքան լիարժեք և ուժեղ եմ ինձ զգում իմ քույր-եղբայրներով»,- պատմում է Տիգրան Հովակիմյանը:
Առանց տատիկ-պապիկների և հարազատների օգնության մեծացրել են փոքրիկներին։ Իսկ երբ երեխաները սկսել են հաճախել մանկապարտեզ՝ երեք տարեկանում, անակնկալի են եկել չսպասված հղիությունից:
Վանուհին ասում է, որ մեծ զարմանք են ապրել, որովհետև բնական ճանապարհով երեխա ունենալու շանսեր չեն ունեցել:
«Մենք այժմ չորս երեխաներով ընտանիք ենք։ Երկուսս էլ աշխատում ենք, ֆինանսապես կարողանում են նրանց ապահովել որակյալ սննդով, հագուստով և ժամանցով: Բացի դրանից պետության կողմից ստանում ենք նպաստ: Եռյակի դեպքում պետությունը ամեն երեխային դիտարկել է երրորդ երեխա և յուրաքանչյուրին հատկացնում է 50 հազարական դրամ: Չորրորդի համար ևս ստանում ենք 50 հազար, կնոջս անաշխատունակյության համար 30 հազար դրամ, քանի դեռ դեկրետում է»,- պետության աջակցությունն իրենց ընտանիքին ներկայացնում է հայրը:
Ասում է՝ գումարի մի մասը երեխաների անունով ավանդն է համալրում, մնացածն ուղղում են երեխաների ժամանցի կազմակերպմանը։ Օրինակ, բացօթյա լողավազան են ձեռքբերել և տեղադրել իրենց առանձնատան բակում, հեծանիվներ, երեխաներն էլ վճարովի խմբակներ են հաճախում:

Կարողանում են նաև հետագայի համար փոքր խնայողություններ անել, որպեսզի կարողանան բոլորին ապահովել լավ կրթությամբ:
«Գիտեք, շատ ընտանիքներ երեխաներ են ունենում նպաստների կամ պետական արտոնությունների համար։ Դրան վատ չենք վերաբերում, պարզապես մեր պատմությունն այլ է։ Մենք անկախ պետության հոգածությունից ունենալու էինք երեք և ավելի երեխաներ: Այդ հույսով էլ ամուսնության առաջին տարիներին կնոջս հետ աշխատում էինք մի քանի տեղ, որ կարողանանք մեծ տուն ձեռքբերել»,- ասում է Տիգրանը:
«Եթե հիպոթեք ունենայինք, հնարավոր է, մենք էլ նեղվեինք և կախված լինեինք նպաստներից, որ հատկացվում են մինչև երեխաների վեց տարեկանը լրանալը»,- կողքից կատակում է կինը:
Ինչպես է պետությունը խրախուսում բազմազավակությանը
2022թ-ին Հայաստանում ներդրվել է պետական աջակցության ծրագիր, որի շրջանակում ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար տրամադրվում է ամսական 50 հազար դրամ մինչև երեխայի 6 տարեկանը։
2025թ-ին այդ աջակցությունից օգտվել է ավելի քան 45 հազար երեխա:
Մեկ այլ ծրագրով, եթե ընտանիքում ծնվում է երեխա, որոշ դեպքերում պետությունը մարում է հիփոթեքային վարկի մայր գումարի մի մասը.
- 2-րդ երեխայի ծննդյան դեպքում՝ մինչև 500 000 դրամ,
- 3-րդ երեխայի դեպքում՝ մինչև 1 000 000 դրամ,
- 4-րդ երեխայի դեպքում՝ մինչև 1 500 000 դրամ։
Այս ծրագիրը կիրառվում է սոցիալական որոշակի չափանիշներին համապատասխանող հիփոթեքային վարկերի նկատմամբ և համարվում է ծնելիության խթանման կարևոր գործիք։
2026թ-ին Աշխատանքային օրենսգրքում կատարվել են փոփոխություններ, որոնց թվում՝ ներդրվել է «ծնողական ժամ» հասկացությունը։ Ըստ դրա՝
- մեկ կամ երկու մինչև 12 տարեկան երեխա ունեցող աշխատողները կարող են օգտվել օրական 30 րոպե վճարովի ազատ ժամանակից,
- երեք և ավելի երեխաներ ունեցող ծնողները՝ օրական 1 ժամ վճարովի ազատ ժամանակից։
Այս իրավունքից կարող են օգտվել և՛ մայրը, և՛ հայրը։
Բոլոր ծնունդների համար՝ առաջինից սկսած, պետությունը տրամադրում է միանվագ 500 հազար դրամ ֆինանսական աջակցություն:
Բոլորովին վերջրերս կառավարությունը որոշեց բնակարանային աջակցության ծրագիր իրականացնել 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար։ Այն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությունն է։ Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2027թ-ի մարտին։
«Ծրագիրն այդ ընտանիքներին հնարավորություն կտա 100 տոկոս սուբսիդավորմամբ՝ պետության աջակցությամբ ՀՀ որևէ մարզային բնակավայրում ձեռք բերել անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն»,- հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Գայանե Ղարագյոզյանը։
Նա բացատրել է, որ Երևանում գույքի ձեռքբերման հնարավորություն ծրագրով նախատեսված չէ։ Նախարարությունն առաջնորդվում է տարածքային համաչափ զարգացման սկզբունքով։
«Անհրաժեշտ են նոր՝ ավելի թիրախային ծրագրեր»
Ժողովրդագիր Ռուբինա Գրիգորյանն ասում է, որ պետության կողմից ներդրված խթանները տվել են որոշակի արդյունքներ. ծնելիության աճ կա։ Սակայն կարծում է՝ ցուցանիշները դեռևս գոհացնող չեն, պետք են նոր ծրագրեր՝ ավելի թիրախային.
«Ծրագրերը մարզերի և Երևանի համար պետք է տարբեր լինեն և իրենց մեջ ունենան նաև ոչ ֆինանսական ուղղվածություն: Այդպիսի խրախուսում էր վերջերս ներդրված ծնողական ժամը: Կարծում եմ՝ պետք է ավելի մեծ ջանքեր գործադրել մսուրների և մանկապարտեզների կազմակերպման ուղղությամբ: Միայն տեսնեք, թե ինչքան վճարովի մանկապարեզներ կան, որտեղ մինչև երկու տարեկան երեխաներ են։ Եթե պետությունն այս տարիքի երեխաների թիվն ավելացնի պետական մանկապարտեզներում, շատ կանայք կմտածեն հաջորդ երեխաների մասին»:
Նրա խոսքով՝ այսօր դրական վերաբերմունք կա բազմազավակ ընտանիքների հանդեպ։ Այդ ընտանիքներն այժմ արտոնություններ ունեն, գնահատված են, սակայն դժվարությունների կարող են հանդիպել երեխաների ավելի հասուն տարիքում՝ պայմանավորված կրթության և նյութական ապահովման հետ:
«Պետության աջակցությունը մինչև վեց տարեկանն է, դրանից հետո կարծես ընտանիքները հեռու մնան ուշադրությունից։ Պետք է այդ մասով էլ ծրագրեր լինեն: Ինչ վերաբերում է վերջին տարիների ծնելիության աճին, ես ավելի հիմնավոր պատճառ կարող եմ բերել. 2021-2023թթ. ծնելիության աճը մեծապես պայմանավորված էր արցախյան վերջին պատերազմին արձագանքով։ Շատ ընտանիքներ պատերզամից հետո որոշեցին երեխաներ ունենալ և դրա մեջ տարբեր իմաստներ դրեցին՝ սկսած զոհերի առաջ պատասխանատվությունից մինչև հետագայում ավելի ուժեղ երկրի կառուցում»,- համոզված է Ռուբինա Գրիգորյանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ՀՀ-ում աճել են երրորդ և հաջորդ երեխաների ծնունդները