Ադրբեջանական սփյուռքի երիտասարդները՝ «տեղեկատվական զինվորնե՞ր»․ ճամբարի թաքնված նպատակը
Սփյուռքի երիտասարդների ճամբար Զանգելանում
64 երկրներից ավելի քան 120 երիտասարդներ «Վերածնված քաղաքներ» կարգախոսի ներքո հավաքվել էին Զանգելանում։ Պաշտոնական ուղերձն այն էր, որ ճամբարի մասնակիցները պետք է պաշտպանեն Ադրբեջանի նվաճումներն ու դիմադրեն «կողմնակալ արշավներին»։
Բեռլինում Իլհամ Ալիևին «բռնապետ» անվանելու ֆոնին վերոնշյալ ուղերձը մեկ այլ հարց է առաջացնում. պետությունը ձգտո՞ւմ է դաստիարակել անկախ մտածողությամբ քաղաքացիներ, թե՞ «տեղեկատվական զինվորներ», որոնք արտերկրում առաջ կմղեն պաշտոնական նարատիվը։
Ի՞նչ է քննարկվել Սփյուռքի երիտասարդության 7-րդ ամառային ճամբարում
Սփյուռքի երիտասարդության 7-րդ ամառային ճամբարը, որը բացվել է Զանգելանում օգոստոսի 2-ին, պաշտոնական լրատվամիջոցներում ներկայացվում է որպես «հայրենասիրական կրթության», «իրականության ուսումնասիրության» և «սփյուռքի երիտասարդացման» հարթակ։ Մեկ շաբաթվա ընթացքում 64 երկրներից եկած ավելի քան 120 երիտասարդներ ծանոթանում են ազատագրված տարածքներում ընթացող վերականգնողական աշխատանքներին, հանդիպում պետական պաշտոնյաների հետ։ Բացի այդ, նրանց կոչ է արվում ընդունել «ադրբեջանական իրականությունը»։
Այնուամենայնիվ, Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Ֆուադ Մուրադովի և այլ պաշտոնյաների ելույթների մանրակրկիտ ուսումնասիրությունը բացահայտում է ավելի պրագմատիկ պատկեր. պետությունը ձգտում է արտերկրում ապրող երիտասարդներին տեսնել ոչ միայն որպես «հայրենիքի հետ կապված» մարդիկ, այլև որպես տեղեկատվական պատերազմի ակտիվ մասնակիցներ։
Ֆուադ Մուրադովն ուղիղ հայտարարել է, որ երիտասարդները պետք է կարողանան «փաստարկված կերպով արձագանքել կողմնակալ արշավներին»։ Իրենց բնակության երկրներում, միջազգային հարթակներում և իրենց համայնքներում նրանք պետք է «ըստ արժանվույն ներկայացնեն» Ադրբեջանի շահերը։
Առավել կոշտ էր մեկ այլ թեզ. արտերկրում կան մարդիկ՝ «թեկուզ քիչ, բայց չեն ուրախանում Ադրբեջանի հաջողություններով», սակայն իրենց անվանում են ադրբեջանցիներ: Երիտասարդներից պահանջվում է իմանալ, թե ովքեր են այդ մարդիկ, ծանոթ լինել նրանց հայտարարություններին և կարողանալ դրանց պատասխանել փաստարկներով: Նշվել է նաև, որ «սև PR-ը», «փաստերի խեղաթյուրումը» և «արշավների կազմակերպումն» անընդունելի են: Միևնույն ժամանակ, պաշտոնյաները հայտարարել են «հիմնավորված քննադատություններն» ընդունելու իրենց պատրաստակամության մասին:
Հեյդար Ալիևի հիմնադրամի ներկայացուցիչ Էլվին Ասլանովն, իր հերթին, խոստովանել է, որ արտերկրում Ադրբեջանը պաշտպանելն «այնքան էլ հեշտ չէ», քանի որ պետք է հակազդել կրկնակի ստանդարտներին և ապատեղեկատվությանը: Նրա խոսքով՝ երիտասարդների առաքելությունն է «ճշգրիտ և օբյեկտիվորեն մատուցել ճշմարտությունը»:
Պաշտոնական տեսանկյունից նման հռետորաբանությունը կարող է թվալ պաշտպանական և լիովին լեգիտիմ դիրքորոշում: Այնուամենայնիվ, փորձն ու համատեքստը այլ մեկնաբանության տեղիք են տալիս:
Քննադատները պնդում են, որ խոսքը ոչ միայն հայրենասիրական կրթության, այլև համակարգային կերպով «տեղեկատվական զինվորներ» պատրաստելու մասին է, այսինքն՝ երիտասարդների, որոնք պաշտոնական նարատիվը կպաշտպանեն սոցցանցերում, մեկնաբանություններում և միջազգային բանավեճերում:
Այլ կերպ ասած, խոսքը «փափուկ ուժի» յուրատեսակ բանակի մասին է, որը վերահսկվում և ուղղորդվում է պետության կողմից։
Ի՞նչ էր կատարվել Բեռլինում, ինչո՞ւ է դա կարևոր այս համատեքստում
Այս կոչերի ի հայտ գալու ժամանակահատվածը պատահական չէ ընտրված։ Հուլիսի 21-ին՝ Իլհամ Ալիևի Գերմանիա կատարած պաշտոնական այցի ժամանակ, ադրբեջանցի էմիգրանտները Բեռլինի փողոցներում վանկարկել են՝ «բռնապետ»։
Միևնույն ժամանակ, Գերմանիա արտաքսված բլոգեր Ալեմդար Բունիյաթովը Բեռլինի փողոցներից մեկում մոտեցել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին և նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին և նրանց հարցեր ուղղել քաղբանտարկյալների և ենթադրյալ խոշտանգումների դեպքերի մասին։
Պաշտոնական լրատվամիջոցներն անմիջապես միջադեպը որակել են որպես «սադրանք», իսկ Բունիյաթովին անվանել «իրանական հատուկ ծառայությունների հետ սերտ կապերով հայտնի անձ»։ Բայրամովը պատասխանել է՝ մեղադրանքները որակելով որպես բլոգերի «անձնական կարծիք» և հերքելով խոշտանգումների մասին պնդումները։
Հաջիևն, իր հերթին, Բունիյաթովին հարցրել է նրա ֆինանսավորման աղբյուրների, Գերմանիայում ունեցած կարգավիճակի և Ադրբեջանից հեռանալու պատճառների մասին՝ ընդգծելով ինքնիշխանության և ազգային անվտանգության առաջնահերթությունը։ Միջադեպը բուռն արձագանք է գտել կառավարամետ լրատվամիջոցներում, բլոգերի հարցերը ներկայացվել են իբրև «սադրիչ» հարցադրումներ։
Այս իրադարձություններն ավելի լավ են ցույց տալիս Զանգելանում հնչած ուղերձների գործնական իմաստը։ Պաշտոնական դիսկուրսում քննադատությունը հաճախ մեկնաբանվում է որպես «կողմնակալ արշավ», «սև PR» կամ «արտաքին ուժերի ազդեցության» արդյունք։
Որպես հետևանք՝ «հիմնավորված քննադատության» և «կողմնակալ արշավի» միջև գիծը հաճախ գծում են հենց իշխանությունները։
Իսկ երիտասարդներից ակնկալվում է ընդունել այդ տարբերությունն ու դիմակայել նրանց, ովքեր այդ գծի մյուս կողմում են։
Տրոլների պատրաստման մեթո՞դ
Ընդդիմադիր և անկախ շրջանակներում նման ճամբարները վաղուց անվանում են «տրոլների գործարաններ»։ Քննադատները պնդում են, որ դրանց նպատակն անկախ մտածողության զարգացումը չէ, այլ սոցցանցերում, մեկնաբանություններում և միջազգային լսարանի առջև պաշտոնական դիրքորոշումները պաշտպանելուն երիտասարդներին նախապատրաստելը։
Քննադատների դիտարկմամբ՝ «հայրենասիրության» քողի տակ մասնակիցների մեջ սերմանում են հուզական կապվածություն և գաղափարական հավատարմություն՝ նրանց ընտելացնելով քննադատական ձայներն ընկալել որպես «թշնամական»։
Յուրաքանչյուր պետություն ձգտում է իր սփյուռքն օգտագործել որպես փափուկ ուժի գործիք, և սա բնորոշ չէ միայն Ադրբեջանին։ Սակայն խնդիրն այն է, որ ներքին քննադատության տարածքի զգալի նեղացման պատճառով արտերկրում գտնվող երիտասարդ ադրբեջանցիներն անհամաչափորեն ծանրաբեռնվում են պաշտոնական դիրքորոշումը «պաշտպանելու» առաջադրանքով։
Նրանք պետք է հարմարվեն այն միջավայրին, որտեղ գործում է խոսքի ազատության սկզբունքը՝ միաժամանակ հավատարիմ մնալով Բաքվի պաշտոնական նարատիվին։ Շատ երիտասարդների համար այս հակասությունը կարող է դառնալ իրական լարվածության աղբյուր։
Երբ Մուրադովի այն հայտարարությունը, որ «մենք բաց ենք երկխոսության համար», համադրվում է ուղերձի հետ՝ «մենք սև PR թույլ չենք տա», հարց է առաջանում, թե ո՞ր քննադատությունն է համարվում «արդարացված», իսկ ո՞րը՝ «կողմնակալ»։ Եթե Բեռլինի փողոցներում բարձրացված հարցերն ու կարգախոսները պաշտոնական լրատվամիջոցների կողմից գնահատվում են սադրիչ, ապա որտեղով է անցնում երիտասարդների կողմից նույն հարցերը միջազգային ԶԼՄ-ներում կամ ակադեմիական հարթակներում բարձրացնելու թույլատրելիության սահմանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Սփյուռքի երիտասարդների ճամբար Զանգելանում