ՀՀ-ն հեռանում է Ռուսաստանից և մոտենում ԵՄ-ին. գործընթացը սկսվել է, բայց հեռու է վերջնակետից
Հայաստանը Եվրոպայի և Ռուսաստանի միջև. վերլուծություն
Հայաստանում խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին, սակայն քաղաքական, այդ թվում՝ աշխարհաքաղաքական կրքերը, չեն հանդարտվել։ Այս ընտրությունները շատերի կողմից ընկալվեցին որպես «Ռուսաստա՞ն, թե՞ ԵՄ» հարցի շուրջ հանրաքվե։ Նախընտրական շրջանում Մոսկվան սահմանափակումներ մտցրեց իր տարածք հայկական արտադրանքի ներմուծման համար։ Սա Հայաստանում գնահատեցին որպես հանրությանը ճնշելու լծակ։ Ի հակառակ որոշ սպասումների՝ ընտրություններից հետո Ռուսաստանը ոչ միայն չվերացրեց տնտեսական պատժամիջոցները, այլև մտցրեց նոր սահմանափակումներ։
Այս ֆոնին Եվրամիությունն արտահայտեց իր վճռականությունը՝ «կանգնել Հայաստանի կողքին»։ Կառույցի ղեկավարությունն արդեն հայտարարել է տասնյակ միլիոնավոր դոլարների ֆինանսական օգնության հատկացնելու մասին։ ԵՄ-ն նաև բացեց իր շուկաները հայկական արտադրանքի և ապրանքների համար, որոնք հանկարծ դարձան ռուսական որակի չափանիշներին չհամապատասխանող։ Բայց ամենակարևորը, Բրյուսելը հետաքրքրված է Երևանի հետ հարաբերությունների հետագա խորացմամբ։ Իսկ Հայաստանի վերընտրված ղեկավարությունը հայտարարում է, որ ընտրությունների արդյունքները ցույց են տալիս ժողովրդի կամքը՝ շարունակելու եվրոպական ուղին։

- «Մոսկվան հասնելու է նրան, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից»․ արձագանք ՌԴ ԱՀԾ-ին
- ՀՀ-ում քննարկում են ընտրակաշառքի դեմ պայքարի նոր մեխանիզմների ներդրման հարցը
- «Աջակցություն հետընտրական ռիսկերը հաղթահարելու համար»․ ՀՀ-ում ԵՄ նոր առաքելության մասին
- «ՌԴ-ն ուզում է կա՛մ էքսկլյուզիվ հարաբերություններ, կա՛մ ոչինչ»․ Փաշինյան
Ինչի՞ց սկսվեց ամեն բան
Քչերն են հիմա հիշում, բայց 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» անմիջապես հետո, որը գլխավորում էր այն ժամանակ ընդդիմադիր գործիչ, այժմ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նա ասաց, որ իր կառավարությունը որևէ աշխարհաքաղաքական տեղաշարժ չի ձեռնարկի։ Այդ ժամանակ Հայաստանն արդեն Ռուսաստանի ինտեգրացիոն կառույցների՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Եվրասիական տնտեսական միության անդամ էր։ Տարիներ անց Եվրոպայի բարձր ամբիոններից, ինչպես և Երևանում նույն ինքը՝ Նիկոլ Փաշինյանը խոսում է Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու ձգտման մասին։
Ի՞նչ տեղի ունեցավ այս ընթացքում։ Վերջին մի քանի տարիների ընթացքում Հարավային Կովկասի անվտանգային ողջ համակարգը փլուզվեց, ինչը ձնագնդի էֆեկտ ունեցավ։
Սկզբում Երևանի և Մոսկվայի հարաբերություններն իսկապես հարթ էին ընթանում։ Բայց հետո եղավ 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմը։ Հայաստանը պարտություն կրեց և դադարեց լինել Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը։ Ֆորմալ առումով 2020 թվականին Երևանը չէր կարող որևէ պահանջ ունենալ Մոսկվայից։ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս չէր։ Երկու երկրների միջև կնքված բոլոր համաձայնագրերը վերաբերում էին բացառապես Հայաստանին՝ առանց չճանաչված պետությանը հղման։
Բայց հետո տեղի ունեցան անսպասելի իրադարձություններ։
Երկու տարվա ընթացքում Ադրբեջանը մի քանի անգամ ռազմական գործողություններ սկսեց Հայաստանի տարածքում։ Երևանը օգնության խնդրանքով դիմեց ՀԱՊԿ ռազմական դաշինքին։ Եվ չստացավ ո՛չ ռազմական օգնություն, ո՛չ էլ նույնիսկ իրադարձությունների քաղաքական գնահատական։
Դաշնակիցները հայտարարեցին, որ դեռևս անհրաժեշտ է որոշել, թե որտեղ է տեղի ունեցել էսկալացիան, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը սահմանազատված չէ։ Փաշինյանը կոշտ արձագանքեց.
«Զերծ մնալ նման գնահատականից՝ ասելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, նշանակում է պնդել, որ չկա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտի։ Իսկ եթե պատասխանատվության գոտի չկա, ապա չկա և կազմակերպությունը»։
Այդ ժամանակվանից ի վեր միայնակ արտաքին սպառնալիքի առջև կանգնած Երևանը սառեցրեց իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում և հայացքն ուղղեց դեպի Եվրոպա։ Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ դրա գինը Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելն էր։ Դրա դիմաց Եվրամիությունը քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկեց Հայաստան, ինչն արդյունավետորեն օգնեց կայունացնել իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին։ Եվ, իհարկե, Հայաստանը ստացավ ԵՄ քաղաքական աջակցությունը։
Թոշակառու Անդրեյ Կարապետյանի կարծիքը Ռուսաստանի ղեկավարության և Հայաստանի եվրաինտեգրման մասին։ Տեսանյութը, մոնտաժը՝ Արման Ղարաջյանի/JAMnews
Հետագայում իրավիճակն ավելի սրվեց
Բնականաբար, գետնի վրա տեղի ունեցած փոփոխությունները պետք է հանգեցնեին քաղաքական փոփոխությունների։ Հայաստանի և Ադրբեջանի միջև ողջ բանակցային գործընթացը տեղափոխվեց Արևմուտք, ինչը քչերը կարող էին սպասել։ 1990-ականներին՝ Ադրբեջանի հետ հակամարտության մեկնարկից ի վեր Մոսկվան էր բանակցությունների գլխավոր մոդերատորն ու միջնորդը։
2023 թվականի սեպտեմբերյան իրադարձություններից հետո, երբ Ադրբեջանի սանձազերծած մեկօրյա պատերազմի հետևանքով ողջ հայ բնակչությունը լքեց իր հայրենիքը, Ռուսաստանը լիովին կորցրեց իր ազդեցությունը տարածաշրջանում։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանը կորցրեց Հայաստանի բնակչության շրջանում իր ունեցած հեղինակությունն ու բարեկամ երկրի կարգավիճակը։

Չնայած Ռուսաստանը մինչ օրս պաշտոնապես համարվում է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, ոչ ոք չի մոռացել, որ ռուս խաղաղապահները փաստացի հանդես եկան դիտորդի դերում՝ չկարողանալով կատարել իրենց առաքելությունը, այն է՝ ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունը: Իսկ ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը չպաշտպանելուց հետո Մոսկվայի և Երևանի հարաբերություններն էլ ավելի վատթարացան: Հայաստանի ղեկավարությունը դադարեց Ռուսաստանի հետ ավելորդ նրբանկատություն պահպանել՝ թե՛ իր հայտարարություններում, թե՛ գործողություններում։
Միևնույն ժամանակ, հաճախակի դարձան Հայաստանի իշխանությունների և նրանց եվրոպացի գործընկերների միջև շփումները: Բրյուսելը հարյուր միլիոնավոր դոլարներ հատկացրեց Երևանին քաղաքական և տնտեսական բարեփոխումների, ինչպես նաև երկրի սահմանների ամրապնդման համար: Իսկ Ֆրանսիան նույնիսկ սկսեց զենքի առաջին մատակարարումները: Այս ամենի տրամաբանական շարունակությունը դարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը 2023 թ․-ի հոկտեմբերի 17-ին Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանի լիագումար նիստում.
«Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այնքան, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի: Նախագահ ֆոն դեր Լայենի հետ մեր համատեղ հայտարարության մեջ ասվում է. «Այս դժվարին ժամանակներում ԵՄ-ն և Հայաստանը կանգնած են ուս-ուսի տված»:
Հաջորդող տարիներին Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը ձգտելու է ԵՄ անդամակցության: Հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններն ու դրանց արդյունքները միայն ամրապնդեցին ՀՀ ղեկավարության վճռականությունը։
«նախորդ տարի ընդունել ենք Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենքը, որը, հիշեցնեմ, նախաձեռնվել էր քաղաքացիական հասարակության կողմից։ Եվ քաղաքական մեծամասնությունը մի ինչ-որ պահի նաև միացավ այդ նախաձեռնությանը, և այն ստացավ օրենքի ուժ։ Կարծում եմ՝ սա շատ լավ և լրացուցիչ խթան է, որպեսզի նոր շունչ հաղորդենք ժողովրդավարական և ընդհանրապես՝ ինստիտուցիոնալ բարեփոխումներին, որպեսզի հնարավորինս արագ հասնենք Հայաստանի Հանրապետության Եվրոպական Միության ստանդարտներին համապատասխանող երկրի կարգավիճակի։
Նախկինում ասել եմ, հիմա էլ եմ ուզում ընդգծել՝ սա մեր միջանկյալ հիմնական նպատակն է, որովհետև հասկանում ենք, որ որևէ երկիր չի կարող Եվրամիության լիիրավ և լիարժեք անդամ դառնալ, առանց Եվրամիության ստանդարտներին համապատասխանելու։ […] Եթե մեզ կընդունեն ԵՄ անդամ, մենք ուրախ և երջանիկ կլինենք դրա համար։ Եթե մեզ չեն ընդունի ԵՄ անդամ, բոլոր դեպքերում մենք կլինենք շահած դիրքերում, որովհետև Հայաստանի Հանրապետությունը կլինի եվրոպական ստանդարտներին համապատասխանող երկիր՝ սրանից բխող բոլոր դրական արդյունքներով»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Համակարգերի ադմինիստրատոր Արտակ Գաբոյանի կարծիքը։ Տեսանյութը, մոնտաժը՝ Արման Ղարաջյանի/JAMnews
Ռուսաստանը համաձայն չէ ստեղծված իրադրության հետ
Հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամի սկզբում Մոսկվան բավականին զգուշորեն արձագանքեց Երևանի՝ Եվրոպային մերձենալու ցանկությանը։ Կրեմլը փորձեց չապակայունացնել իրավիճակը՝ հղում անելով Հայաստանի համար դժվարին պատմական ժամանակաշրջանին։ Նույնիսկ ՀԱՊԿ-ին երկրի անդամակցության փաստացի սառեցումը չհանգեցրեց հարաբերությունների իրական վերանայման։
Սակայն 2026 թ․-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Մոսկվան որոշեց վերանայել իր քաղաքականությունը։
Հիշարժան էր, մասնավորապես՝ Մոսկվայում Փաշինյան-Պուտին ապրիլյան հանդիպումը, երբ Ռուսաստանի նախագահն ուղղակիորեն խնդրեց թույլատրել ռուսամետ ուժերին մասնակցել ընտրություններին։ Նա, առաջին հերթին, նկատի ուներ ռուս օլիգարխ Սամվել Կարապետյանին։ Իսկ Կարապետյանը մի քանի երկրի քաղաքացի է, ոչ միայն Հայաստանի։ Հետևաբար, օրենքի համաձայն՝ նա չի կարող ստանալ պատգամավորական մանդատ, ինչպես նաև չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին։ Եվ Փաշինյանն այդ մասին ուղիղ ասաց Պուտինին։
Իսկ Կրեմլը շարունակեց իր քաղաքականությունը։ Ռուսամետ քաղաքական գործիչներին աջակցելու հայտարարություններին հաջորդեցին կոնկրետ քայլեր։ Ռուսաստանի կարգավորող մարմինները սկսեցին սահմանափակումներ մտցնել հայկական արտադրանքի ներմուծման վրա։ Սկզբում դրանք վերաբերում էին առանձին ընկերությունների և ապրանքատեսակների։ Ավելի ուշ արգելքը տարածվեց Հայաստանից ներմուծվող գրեթե բոլոր գյուղատնտեսական ապրանքների վրա։
Գործարար Սուրեն Մարգարյանի կարծիքը։ Տեսանյութը, մոնտաժը՝ Արման Ղարաջյանի/JAMnews
Իրավիճակը շարունակում էր սրվել։ Հայաստանում բացահայտ խոսում էին այն մասին, որ Մոսկվան փորձում է միջամտել ՀՀ ներքին գործերին և իրականացնել ռեժիմի փոփոխություն։
Միևնույն ժամանակ, արտասահմանյան լրատվամիջոցները հաղորդում էին Հայաստանի դեմ հիբրիդային հարձակումների մասին։ Իսկ Reuters-ը հրապարակեց հոդված Կրեմլի կողմից ռուսամետ ուժերի օգտին քվեարկելու համար 100․000 հայ քաղաքացիների ՀՀ ուղարկելու ծրագրի մասին։
Արդեն հիմա՝ ընտրություններից հետո, Մոսկվան պահանջում է, որ Հայաստանն այստեղ և հիմա վերջնական որոշում կայացնի, թե որ ուղղությամբ է շարժվում։ Մասնավորապես՝ նրանք խոսում են «ԵՄ, թե՞ ԵԱՏՄ» հարցի շուրջ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին։ Եվ եթե ընտրությունը լինի ի օգուտ ԵՄ-ի, պնդում են՝ ՀՀ-ն պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից։
«Ոչ ոք չի Հայաստանին դուրս չի մղում ԵԱՏՄ-ից։ Պարզապես նրանք ասել են, որ ուզում են միանալ ԵՄ-ին։ Նրանք պետք է կողմնորոշվեն։ Եվ որքան շուտ դա արվի, որքան շուտ այդ որոշակիությանը հասնենք, այնքան լավ բոլորի համար»,— հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Արդյունքը եղավ ԵԱՏՄ անդամ պետությունների հայտարարությունը, որով կոչ էին անում Հայաստանում հանրաքվե անցկացնել ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին երկրի անդամակցության վերաբերյալ։

Հայաստանը հայտարարում է, որ դեռ հանրաքվե անցկացնելու ժամանակը չէ
Մոսկվայի պնդումներին ի պատասխան՝ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ հիմա չեն պատրաստվում հանրաքվե անցկացնել և դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Բանալի բառը «հիմա»-ն է։ Երևանը մտադիր է մնալ ԵԱՏՄ-ում մինչև ԵՄ-ին միանալու իրական նախապայմանների առաջացումը։ Ավելին, Հայաստանին ԵԱՏՄ-ից հեռացնել առանց ՀՀ համաձայնության անհնար է։ Համենայն դեպս, կազմակերպության կանոնադրությունը նման հնարավորություն չի ընձեռում։
Այնուամենայնիվ, երկարաժամկետ հեռանկարում ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի անցկացումը բավականին իրատեսական է թվում։ Իսկ սոցիոլոգիական հարցումները վկայում են հանրաքվեի հաջող արդյունքի մասին։ 2020 թվականի պատերազմից ի վեր Ռուսաստանի ժողովրդականությունը զգալիորեն նվազել է Հայաստանում։ Միևնույն ժամանակ, աճում է եվրոպական ինտեգրմանն աջակցող քաղաքացիների թիվը։
Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից 2026 թ․-ի մայիսին անցկացված հարցումների համաձայն՝ Հայաստանի քաղաքացիների 75%-ը կողմ է Եվրամիությանն անդամակցելուն, իսկ 58%-ը պատրաստ է անդամակցության օգտին քվեարկել հանրաքվեի ժամանակ։ Այս տվյալներն արտացոլում են բնակչության շրջանում Ռուսաստանի հանդեպ վստահության անկման և եվրոպամետ տրամադրությունների աճի կայուն միտումը։
Լուսանկարիչ Մանե Սերգոյանի կարծիքը։ Տեսանյութը, մոնտաժը՝ Արման Ղարաջյանի/JAMnews
Ի՞նչ են կարծում փորձագետները
Ո՞ր ուղղությամբ պետք է շարժվի Հայաստանը։ Սա այն հիմնական հարցն է, որը երկրի առջև կանգնած է այս պահին։ Արդյո՞ք Հայաստանն ունի ռեսուրսներ ԵՄ-ի օգտին վերջնական ընտրություն կատարելու համար։ Եվ ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել Ռուսաստանն այդ դեպքում։ Անվտանգային ոլորտում ի՞նչ ռիսկեր կարող են առաջանալ։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը նշում է, որ Երևանը ձգտում է դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը, ինչի մասին բազմիցս հայտարարել է ամենաբարձր մակարդակով։ Եվ այս հարցում նրա շահերը համընկնում են եվրոպացի գործընկերների շահերի հետ։
«Հայաստանն արդեն որոշակի աջակցություն է ստանում, մասնավորապես՝ Ֆրանսիայի հետ համագործակցությունը։ Եվ գուցե ապագայում անվտանգության հարցն ընդլայնվի՝ ներառելով այլ պետություններ, որոնց մասին այս մակարդակում ներկայումս բավարար տեղեկատվություն չկա։ Այնուամենայնիվ, պետք է հիշել, որ ԵՄ-ն գտնվում է ՆԱՏՕ-ի հովանու ներքո։ Եվ չնայած Հայաստանը այժմ չի ձգտում Հյուսիսատլանտյան դաշինքին արագ անդամակցության, եթե հաջողվի զարգացնել և ամրապնդել սերտ հարաբերություններ ԵՄ առանձին պետությունների հետ, ապա Հայաստանը, որպես ՆԱՏՕ-ի ռեսուրսների երկրորդային օգտագործող, կստանա նաև այլ հնարավորություններ»,- ասում է նա։
Արդյո՞ք Հայաստանն այսօր պատրաստ է դառնալ Եվրամիության մաս։ Ղևոնդյանը կարծում է, որ այս հարցը տեղին չէ, քանի որ յուրաքանչյուր երկիր պետք է այդ ճանապարհին ձեռնարկի որոշակի քայլեր.
«Ոչ մի երկիր լիովին պատրաստ չէ անմիջապես անցնել ինտեգրման գործընթաց։ Երբ Հայաստանը պատրաստ լինի, անմիջապես կդառնա Եվրոպայի մաս։ Երկրները սովորաբար անցնում են երկարատև ինտեգրման գործընթացի միջով՝ իրականացնելով բարեփոխումներ տարբեր ոլորտներում, հետևելով ստանդարտներին, բարելավելով արտադրանքի որակն ու հասնելով փոխադարձ առևտրի վերաբերյալ համաձայնությունների։ Այդ գործընթացը տևում է տարիներ։ Մեր երկիրը պատրաստ է սկսել գործընթացը։ Սակայն անհնար է ԵՄ պահանջներն ու Արևմուտքի հետ առևտրի պայմանները համատեղել ԵԱՏՄ ստանդարտների և պահանջների հետ։ Մենք գտնվում ենք երկար ճանապարհի սկզբում»։
Լրագրող Մարիաննա Մկրտչյանի կարծիքը։ Տեսանյութը, մոնտաժը՝ Արման Ղարաջյանի/JAMnews
«Հայաստանն իսկապես դեռ շատ հեռու է ԵՄ-ին անդամակցելուց։ Սակայն ներկայիս գործընթացները կարող են լուրջ կորուստների հանգեցնել հենց հիմա։ Եվ ոչ միայն տնտեսության, այլև ինքնիշխանության առումով»,— ասում է քաղաքական մեկնաբան, «Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի» հիմնադիր Հայկ Խալաթյանը։
Միևնույն ժամանակ, Խալաթյանը կարծում է, որ Հայաստանի ղեկավարությունը չի կարողանա պահպանել ներկայիս կուրսն ու ԵՄ-ի հետ մերձեցումը համատեղել ԵԱՏՄ-ին անդամակցելու հետ.
«Փաշինյանի առջև այժմ՝ ընտրություններից հետո, ծառացած է մարտահրավեր՝ փորձել կարգավորել հարաբերությունները Մոսկվայի հետ։ Նրանից կպահանջվի ձեռնարկել կոնկրետ քայլեր՝ ցույց տալու, որ նա հրաժարվում է արտաքին քաղաքականության իր նախկին կուրսից։ Սակայն դա կնշանակի, որ Փաշինյանը, ըստ էության, ստիպված կլինի հրաժարվել այն հզոր արտաքին խաղացողներից, որոնք նրան օգնել են պահպանել իշխանությունը։
Եվ հարց է առաջանում, թե որ ուղին կընտրի նա։ Հրաժարվե՞լ Արևմուտքից և Թուրքիայից, թե՞ շարունակել Ռուսաստանի հետ առճակատման և հարաբերությունների խզման կուրսը։ Ես խիստ կասկածում եմ, որ Փաշինյանը կհրաժարվի իր արևմտյան գործընկերներից և կձգտի Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման։ Նա կցանկանա պահպանել այն քաղաքականությունը, որը վարել է վերջին տարիներին, երբ վայելում էր ԵԱՏՄ անդամակցության օգուտները, բայց իրականում խզում էր քաղաքական կապերը Ռուսաստանի հետ։ Սակայն մենք տեսնում ենք, որ Մոսկվան պատրաստ չէ համակերպվել դրա հետ»։
Իրավապաշտպան, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի կարծիքը։ Տեսանյութը, մոնտաժը՝ Արման Ղարաջյանի/JAMnews
Միաժամանակ, Բրյուսելի և Մոսկվայի միջև ընթանում է կատաղի դիմակայություն, որոշ շրջանակներ քննարկում են մինչև անգամ Ռուսաստանի և Արևմուտքի միջև սպասվող պատերազմը։
Բոլոր դեպքերում Հայաստանն այժմ սովորում է ապրել աշխարհաքաղաքական նոր պայմաններում և ռուսական տնտեսական պատժամիջոցների ներքո։ Ներկայումս երկիրը փորձում է իր արտահանման հոսքերն ուղղել դեպի եվրոպական երկրներ և դիվերսիֆիկացնել մատակարարման շուկաները։ Եթե այդ ծրագիրն ամբողջությամբ իրականացվի, Երևանը կձերբազատվի Ռուսաստանից ունեցած նշանակալի կախվածությունից։
Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի նախագահ Յաշա Սոլոմոնյանի կարծիքը։ Տեսանյութը, մոնտաժը՝ Արման Ղարաջյանի/JAMnews
Նյութը պատրաստվել է Լուրերի փոխանակման մեդիացանցի (Медиасеть) աջակցությամբ
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Հայաստանը Եվրոպայի և Ռուսաստանի միջև. վերլուծություն