«Աջակցություն հետընտրական ռիսկերը հաղթահարելու համար»․ ՀՀ-ում ԵՄ նոր առաքելության մասին
Հիբրիդային սպառնալիքների դեմ ԵՄ առաքելություն ՀՀ-ում
Եվրամիությունը Հայաստանում կունենա խորհրդատվական քաղաքացիական առաքելություն, որը կաջակցի ՀՀ իշխանություններին հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում։ ԵՄ խորհուրդը հուլիսի 13-ին ընդունել է համապատասխան որոշում, առաքելությունն այդ օրվանից համարվում է մեկնարկած։
Առաքելությունը երկու տարվա նախնական մանդատ ունի։ Հիմնականում այն կազմված կլինի ԵՄ անդամ պետությունների փորձագետներից։ Թե քանի աշխատակից է ունենալու առաքելությունը, դեռևս չի հաղորդվել։
Հայտնի է, որ առաքելությունն աջակցելու է հիբրիդային մարտահրավերներին, այդ թվում՝ կիբեռսպառնալիքներին, օտարերկրյա տեղեկատվության շահարկումներին ու միջամտությանը (FIMI), ապօրինի ֆինանսական հոսքերի վերահսկողությանը դիմակայելու Հայաստանի կարողություններին։
«Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության մեկնարկը նոր ու կարևոր էջ է բացում Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերությունում»,- հայտարարել է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը։
Գերատեսչության գնահատմամբ՝ առաքելության միջոցով ԵՄ-ն վերահաստատում է իր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի դիմակայունությանը և ինստիտուցիոնալ կարողություններին՝ շարունակաբար զարգացող մարտահրավերների պայմաններում։
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն ավելի վաղ հայտարարել էր, որ Եվրամիությունը դիմացկուն, անկախ Հայաստանի և հայ ժողովրդի՝ սեփական ճակատագիրը ընտրելու իրավունքի ամենամեծ պաշտպանն է: Նաև հիշեցրել էր, որ միությունը Ռուսաստանի ճնշմանը հակազդելու նպատակով ՀՀ համար տնտեսական և քաղաքական աջակցության փաթեթ է ներկայացրել։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի տեղեկություններով՝ առաքելությունը ՀՀ-ում գրասենյակ է ունենալու, մշտական աշխատանք է իրականացվելու։
JAMnews-ի հետ զրույցում նա նկատել է՝ ուղիղ կապ է լինելու ոչ միայն իշխանությունների, այլև հասարակական կազմակերպությունների հետ։
Ղևոնդյանի խոսքով՝ նախընտրական շրջանում Եվրամիությունը Հայաստանին տրամադրել է աջակցություն, այժմ որոշել է իրականացնել նաև երկարաժամկետ ծրագրեր։ Նպատակն, ըստ նրա, հետընտրական ռիսկերի հաղթահարումն է։
Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելությունը ԵՄ անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության (CSDP) քաղաքացիական խորհրդատվական գործիք է։ Առաքելությունը հիմնվել է 2026 թ․-ի ապրիլի 21-ին ՀՀ կառավարության համապատասխան դիմումի հիման վրա: 2025 թ․-ի դեկտեմբերի 12-ին Բարձր ներկայացուցչին ուղղված նամակում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ-ին հրավիրել էր քաղաքացիական առաքելություն տեղակայել Հայաստանում:
Առաքելությունը ԵՄ ավելի լայն և համապարփակ մոտեցման մաս է կազմում, որը համատեղում է Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը միտված կարճաժամկետ և երկարաժամկետ աջակցություն: Առաքելությունը չունի գործադիր մանդատ, ուստի չունի նաև որևէ դերակատարում ՀՀ իշխանությունների որոշումների կայացման գործընթացներում։
Այս առաքելությունը ԵՄ երկրորդ առաքելությունն է Հայաստանում։ 2023 թվականից երկրում գործում է Եվրամիության դիտորդական առաքելությունը՝ պարեկություն իրականացնելով Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով։
Այս պահին հայտնի մանրամասները, մեկնաբանություն
- «ԵՄ-ն իր դռները կբացի հայկական արտադրանքի համար». Եվրահանձնաժողովի նախագահի այցը Երևան
- «Հայաստանը՝ առևտրի և ներդրումների կենտրոն»․ ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովը Երևանում
- Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն կտեղակայվի․ ի՞նչ է հայտնի
Ի՞նչ է հայտնի ԵՄ նոր առաքելության մասին
Առաքելությունը հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու համար Հայաստանի տարբեր ազգային հաստատություններին կտրամադրի ռազմավարական խորհրդատվություն, տեխնիկական փորձաքննություն և կաջակցի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը։
Նշվում է նաև, որ առաքելությունը կտրամադրի գործնական, գործառնական խորհրդատվություն և կստեղծի հատուկ նախագծային բջիջ՝ իր մանդատով նախատեսված նպատակային գործողություններ իրականացնելու համար՝ միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությամբ:
Առաքելությունը կղեկավարի Կոսմին Ջորջ Դինեսկուն։ Նա այս պաշտոնում նշանակվել է 2026 թ․-ի հունիսի 11-ին: Նախկինում նա ծառայել է Մոլդովայում՝ որպես ԵՄ գործընկերության առաքելության առաջին ղեկավար։
Պաշտոնական հայտարարությունների համաձայն՝ առաքելությունը կօգնի Հայաստանին ավելի լավ կանխել, հայտնաբերել և արձագանքել հիբրիդային սպառնալիքներին՝ լիովին հարգելով երկրի ինքնիշխանությունը։
ԱԳՆ-ում կայացել է կլոր սեղան-քննարկում առաքելության ղեկավարի մասնակցությամբ
Արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ՝ հուլիսի 13-ին կայացած քննարկմանը մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար և կառավարող տնօրեն Ստեֆանո Տոմատը, ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության ղեկավար Կոսմին Դինեսկուն։
Միջոցառմանը մասնակցել են նաև քաղհասարակության, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ և փորձագետներ, որոնց ներկայացվել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելությունը՝ որպես Հայաստանի դիմակայունության ամրապնդմանն աջակցող գործընկեր:
ԱԳՆ-ից հայտնում են, որ առաքելությունը սերտորեն համագործակցելու է Հայաստանի հաստատությունների հետ՝ քաղաքականության շրջանակներն ամրապնդելու, կառավարության կարողությունները բարելավելու և միջգերատեսչական համակարգմանն աջակցելու համար։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի մեկնաբանությունը
«Խորհրդարանական ընտրություններն ավարտվել են, սակայն Հայաստանի մարտահրավերները կապված ապատեղեկատվության հետ չեն նվազել։ Եվ նկատելի է, որ հավելյալ օգնություն է անհրաժեշտ Հայաստանին հետընտրական ժամանակաշրջանում ևս այդ ռիսկերը հաղթահարելու համար։
Թե ինչու հիմա, ոչ թե նախորդ ժամանակաշրջանում, ես ենթադրում եմ, որ այն մեծածավալ օգնությունը, որը ԵՄ-ն տրամադրում էր Հայաստանին նախընտրական շրջանում, ուղղակի ֆիզիկապես ժամանակ և տեղ չի թողել այլ ուղղություններով՝ ավելի երկարաժամկետ ծրագրերի հիման վրա աշխատանքներ իրականացնելու համար։ Եվ հիմա, երբ կարելի է ասել՝ մի փոքր ավելի թեթևացել է վիճակը, որոշել են անցնել ավելի երկարաժամկետ ծրագրերի իրականացման։
Ակնհայտ է, որ Հայաստանի նկատմամբ կիբեռ և ապատեղեկատվական արշավները, առաջին հերթին, Ռուսաստանից են։ Բայց ոչ միայն, մենք դեռևս ունենք նաև որոշակի խնդիրներ, մարտահրավերներ Ադրբեջանից, խնդիրներ կան այլ ուղղություններից ևս։
Այնուամենայնիվ, հիմնական խնդիրը ՌԴ-ից եկող ապատեղեկատվությունն ու այլ սպառնալիքներն են։ Մասնավորապես՝ մեկ օրինակ, ՀՀ-ում՝ Հրազդանում նոր կառուցվող տեղեկատվական կենտրոնն արդեն թիրախավորվում է ՌԴ կողմից։ Ընդ որում, թիրախավորվում է ոչ ուղղակի, այլ իբրև Իրանի վերաբերյալ հետախուզական տվյալներ հավաքագրող և ԱՄՆ-ին փոխանցող կենտրոն, ինչն ակնհայտ ապատեղեկատվություն է։
Սա շատ խրթին մարտահրավեր է Հայաստանի համար, այս հարցում նմանատիպ օգնությունը ՀՀ-ի համար մեծ նշանակություն կարող է ունենալ։ Օրինակ՝ ՀՀ և Իրանի միջև միջազգային ճգնաժամից խուսափելու նկատառումներով։
Ընդհանուր առմամբ, Եվրամիության նոր առաքելության դերը առաջատար տեխնոլոգիաների միջոցով Հայաստանի ներսում ապատեղեկատվության և կիբեռհարձակումների դեմ պայքարի հնարավորությունների և դիմակայունության ամրապնդումն է, ինչպես նաև ՀՀ այլ կարիքների վերաբերյալ որոշակի աշխատանքների իրականացումը»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Հիբրիդային սպառնալիքների դեմ ԵՄ առաքելություն ՀՀ-ում