Հաղթահարելով ՌԴ սահմանափակումները․ աջակցության նոր ծրագրի մեկնարկ ՀՀ-ում
Հայ արտահանողներին աջակցող երկրորդ ծրագիրը
Ռուսաստանի սահմանափակումների ֆոնին Հայաստանի կառավարությունը նախօրեին հաստատել է հայ արտահանողներին աջակցող ևս մեկ ծրագիր։ Հունիսի 1-ից սկսած արտահանումներ իրականացրած տնտեսվարողները կստանան դրամական փոխհատուցումներ ՀՀ տարածքից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանման համար։
ՌԴ սահմանափակումներն ուժի մեջ էին մտել Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ հույս էին հայտնել, որ հունիսի 8-ից հետո իրավիճակը կկարգավորվի։ Փորձագետները ռուսական սահմանափակումները բացատրում էին ընտրություններին մասնակցող ռուսամետ քաղաքական գործիչներին աջակցելու միտումով։ Նրանք ևս ենթադրում էին, որ ընտրություններից հետո արգելքները աստիճանաբար կվերացվեն։
Սակայն մինչ օրս որևէ դրական փոփոխություն չի նկատվել։Դրական զարգացումներ, սակայն, դեռևս տեղի չեն ունեցել։ Ավելին, «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտնել է, որ հունիսի 12-ից սահմանափակելու է Հայաստանից «կարանտինային ապրանքների» ներմուծումը։ Խոսքն ինչպես ՀՀ-ում արտադրվող, այնպես էլ այստեղից առաքվող ապրանքների մասին է։
«Սահմանափակված է նաև Ռուսաստանի տարածքով ԵԱՏՄ անդամ պետություններ տարանցումը։ Արգելքն ուժի մեջ կմնա մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ու հետագծելիությունն ապահովելու հատուկ ալգորիթմի մշակումը»,- ասված է հայտարարության մեջ։
Արձագանքելով սահմանափակումներին՝ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հերթական անգամ հայտարարել է՝ պետությունը կանգնելու է իր քաղաքացիների կողքին՝ չնայած ֆինանսական մեծ բեռին։
«Ինչ վերաբերում է մեր գործընկերների հետ կապին՝ հունիս-հուլիս ամսվա ընթացքում նախատեսված է իմ՝ նախնական մեկ, երևի երկու այց դեպի Ռուսաստան՝ տարբեր միջոցառումների, որտեղ հանդիպելու եմ երկու տարբեր գործընկերների հետ: Հետևաբար, նաև այսպիսի հարցեր կքննարկենք»,- ընդգծել է նա և հավելել՝ հարցերը կլուծվեն, դրանք այն հարցերը չեն, որ «կարող են այդպիսի լարվածություն ստեղծել»։
Աջակցության ծրագրի մանրամասները, ռուսական կողմի նոր սահմանափակումները, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի արձագանքը
- Պուտինը չի շտապում շնորհավորել Փաշինյանին․ Մոսկվայի պարզաբանումը, կարծիքներ Երևանից
- «Ռուսաստանը պարտվեց նաև ՀՀ-ում». վրացի փորձագետները՝ Փաշինյանի հաղթանակի մասին
- «ՌԴ «պլան Բ-ն» իրականացավ»․ կարծիք ՀՀ ընտրությունների նախնական արդյունքների մասին
- ՌԴ ԱԴԾ-ն միջամտում է Հայաստանի ընտրություններին․ FIP-ի բացահայտումը
Փոխհատուցման նոր ծրագիրը․ 3.9 մլրդ դրամի աջակցություն տնտեսվարողներին
Հայաստանը կառավարությունը հունիս ամսվա ընթացքում ՀՀ տարածքից թարմ պտուղ, շշալցված խաղողի գինի, բրենդի և հանքային ջուր արտահանող իրավաբանական/ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին կտրամադրի փոխհատուցում հետևյալ չափերով՝
- ծիրանի 1 կիլոգրամի համար 200 ՀՀ դրամ,
- սալորի, դեղձի և նեկտարինի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 250 դրամ,
- կեռասի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 դրամ,
- շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 350 դրամ,
- շշալցված բրենդիի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար 830 դրամ,
- շշալցված հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար 150 դրամ։
Որոշման հիմնավորումից տեղեկանում ենք, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ՌԴ կողմից կիրառվող սահմանափակումների պայմաններում հայ արտահանողներին աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ։ Նպատակը արտահանման շուկաների դիվերսիֆիկացիան է։
Նախնական հաշվարկների համաձայն՝ գործադիրն այս ծրագրին կուղղի շուրջ 3.9 մլրդ դրամ։
Փոխհատուցում ստանալու համար տնտեսվարողը պետք է էլեկտրոնային կամ թղթային եղանակով դիմում ներկայացնի Էկոնոմիկայի նախարարություն՝ կցելով ապրանքների հայտարարագրերի պատճեններն ու հաշիվ ապրանքագրերը։
Էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ՝ ՀՀ-ից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանման ծավալները 2025 թվականին կազմել են շուրջ 106.1 մլրդ դրամ։ Արտահանման ընդհանուր ծավալի շուրջ 80.7 տոկոսը բաժին է ընկնում ՌԴ-ին։
Արտահանման դինամիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ 2026 թ․-ի հունիս ամսվա ընթացքում միջոցառման շրջանակներում արտահանման ենթակա պտղի ծավալները կկազմեն շուրջ 11.5 հազար տոննա, այդ թվում՝ ծիրանը՝ 7000, կեռասը՝ 2000, սալորը՝ 2000, դեղձը և նեկտարինը՝ 500, շշալցված խաղողի գինունը՝ 290 հազար լիտր, բրենդիինը՝ 800 հազար բացարձակ լիտր, իսկ հանքային ջրինը՝ 2000 հազար լիտր։
ՌԴ նոր սահմանափակումը․ «Հայտնաբերվել են կապրա բզեզով վարակի դեպքեր»
«Ռոսսելխոզնադզոր»-ի փոխանցմամբ՝ սկսած 2026 թ․- մայիսից՝ աստիճանաբար սահմանափակել են հայկական կարանտինային ապրանքների որոշակի տեսակների ներմուծումը և հայկական կողմը տեղեկացվել է մատակարարման խափանումների մասին․
«Կարանտինային օբյեկտների հայտնաբերումները շարունակվում են։ Հունիսին կապրա բզեզով վարակի երեք դեպք է հայտնաբերվել Հայաստանից ներմուծված ընկույզների, չորացրած դեղձերի և չորացրած լոլիկների մեջ»,- նշել են կառույցից։
Կարծում են՝ հայտնաբերված օբյեկտները վկայում են Հայաստանի լիազոր մարմնի կողմից անբավարար վերահսկողության մասին և խթանում է բուսասանիտարական հավաստագրման համակարգի նկատմամբ անվստահությունը․
«Բույսերի կարանտինի և պաշտպանության Հայաստանի ծառայության անարդյունավետությունը սպառնում է Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի բուսասանիտարական բարեկեցությանը»։
«Ռոսսելխոզնադզոր»-ից հայտնում են, որ կապրա բզեզը պահեստավորված արտադրանքի վնասատու է, որը բացակայում է ՌԴ-ում: Թվարկել են նաև հնարավոր վնասները, մասնավոապես՝ նշել, որ այն կարող է վարակել հացահատիկի պահեստավորման օբյեկտները, տրանսպորտային միջոցները, հումքի և ալյուրի պահեստները, ջրաղացները, կերերի գործարանները, հրուշակեղենի գործարանները, ածիկի պահեստավորման օբյեկտները և այլն:
«Այն կարող է ոչնչացնել պահեստավորված արտադրանքի մինչև 70 տոկոսը»,- ասված է հայտարարության մեջ։
Էկոնոմիկայի նախարար․ «Աշխատում ենք, որ ՀՀ-ն տնտեսական հատուկ կարգավիճակ ստանա ԵՄ-ում»
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր խորհրդարանում պնդել է՝ ՀՀ ինտենսիվ այգիների և ջերմոցային տնտեսությունների արտադրանքը չունի արտահանման խնդիր, քանի որ համապատասխանում է ամենաբարձր չափանիշներին։ Ըստ նրա՝ այդ մասին է վկայում նաև այն, որ հայկական արտադրանքն այսօր արտահանվում է Եվրամիության երկրներ․
«Էկոնոմիկայի և Արտաքին գործերի նախարարություններն աշխատում են եվրոպական գործընկերների հետ, որպեսզի ՀՀ-ն ստանա տնտեսական հատուկ կարգավիճակ, ինչպիսին նախորդիվ ստացել են, օրինակ՝ Մոլդովան կամ Ուկրաինան»։
Պապոյանի դիտարկմամբ՝ դա ժամանակատար գործընթաց է, պետք է ԵՄ անդամ բոլոր երկրների համաձայնությունը։ Սակայն հույս ունի, որ այդ աշխատանքը հաջողությամբ կավարտվի։
Նրա խոսքով՝ կառավարությունը շարունակելու է աջակցության ծրագրերն այնքան ժամանակ, մինչև հայկական ապրանքներն իրենց տեղը գտնեն տարբեր շուկաներում։
Ասում է՝ ծրագրերը, որոնք միտված են տրանսպորտային ծախսերի և մաքսատուրքերի փոխհատուցմանը, օգնում են լուծել ոչ թե որակական, այլ գնային մրցունակության հարցը։
«Որակական մրցունակության առումով մեր արտադրանքը մրցունակ է և մրցում է ֆրանսիական, իսպանական, պորտուգալական, իտալական, թուրքական, հունական և այլ շուկաների արտադրանքի հետ։ Բայց, ասենք, Հունաստանը կամ Իսպանիան ավելի մոտ են Ֆրանսիային կամ Գերմանիային, քան մենք։ Եվ այդ պատճառով մեզ մոտ ծախսերն ավելի շատ են։ Ուստի առաջանում է հայկական ապրանքների գնային մրցունակության խնդիր»,- մանրամասնել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Հայ արտահանողներին աջակցող երկրորդ ծրագիրը